top of page

Փիլիսոփայությունից դեպի կինո. Բորիս Հայրապետյան



Կինոարվեստն ունի իր սահմանները, և չպետք է մոռանալ վերջինիս գաղափարների և պահանջների մասին։

VOG.am-ը զրուցել է ռեժիսոր, պրոդյուսեր և մշակութաբան Բորիս Հայրապետյանի հետ։


VOG.am- Ինչպիսի՞ն էր ռեժիսոր դառնալու Ձեր ճանապարհը։

Բորիս Հայրապետյան- Կինոյի հանդեպ հետաքրքրությունս որպես արվեստի լուրջ և կարևոր ճյուղ առաջացավ Միքելանջելո Անտոնիոնիի «Խավարումը» ֆիլմի դիտումից հետո։

Մինչ այդ, համալսարանական տարիներին փիլիսոփայության ֆակուլտետում սովորելիս երբևէ չէի մտածել ռեժիսոր դառնալու մասին, չնայած ունեի սիրված ֆիլմեր, մասնակցում էի ֆիլմերի փակ դիտումների։ Ավելի շատ հետաքրքրված էի դասական երաժշտությամբ և գրականությամբ։

Համալսարանական վերջին տարում Անտոնիոնիի ֆիլմը դիտելուց հետո ինձ համար անսպասելի բացահայտեցի, որ կա արվեստի մի ձև, որը կարող է ասել այն, ինչը չեն կարող ասել, օրինակ, գրականությունը և երաժշտությունը։ Արվեստի բոլոր ճյուղերում մեխանիզմը նույնն է, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի առանձնահատկություն, որը կինոյում հայտնաբերեցի բավականին ուշ։


VOG.am- Ո՞րն է լավ կինոյի պատմությունը։

Բորիս Հայրապետյան- Պետք է նկատի ունենալ, որ թեման կամ գաղափարը շատ սահմանափակ են։ Երբ ասում ես, որ թեման կարող է 10-12 հատ լինել, զարմանում են, իսկ ավելին ոչ ոք չի կարողանում թվարկել։

Արվեստի մեջ կա մատուցման ձև, ոճ, որով ներգրավում ես հանդիսատեսին։ Կարևոր է, թե դու ինչպես ես շարադրում, ասում քո մտքերը, ինչպես ես արտահայտվում։ Թեման այն է, ինչ հուզում է այսօր․ ծնունդ, մահ, սեր, կին-տղամարդ, հայր-որդի հարաբերություններ, հասարակություն և անհատ։ Թեմաները սահմանափակ են։ Օրինակ, Շեքսպիրի որ թեման էլ, որ վերցնենք, չենք կարող ասել, որ այն նոր է։ Դա միշտ եղել է։ Կարևորը ձևն է, թե ինչ ձևով ես մատուցում թեման, պատմությունը։

VOG.am- Համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում ի՞նչ են տալիս կինոփառատոնները, և ի՞նչ է տալիս «Ոսկե Ծիրանը» հայկական կինոարվեստին։

Բորիս Հայրապետյան- Կինոփառատոնները կարող են լինել օգտակար, սակայն կարող են նաև մեծ վնաս հասցնել կինոարվեստին։

Օգտակար կարող է լինել, եթե լուրջ կինոփառատոն է և ունի իր ուղին ու ակցենտները։ Օրինակ՝ Կաննի փառատոնը, որտեղ ներկայացվում են այն ֆիլմերը, որոնք ունեն թարմ մոտեցում այս կամ այն թեմայի հանդեպ, հնարավորություն են ունենում դառնալ հայտնի հասարակության շրջանում և ցույց տալ կինոարվեստի սահմանները։

Փառատոնը կարող է շատ մեծ վնաս հասցնել կինոարվեստին, եթե այն պարզապես փառատոն է ուզում լինել և կազմակերպիչներն ունեն իրենց ամբիցիաները։ Շատ հաճախ նմանատիպ փառատոններում հավաքվում և ցուցադրվում են այն ֆիլմերը, որոնք առաջադեմ չեն և շատերի համար դառնում են չափանիշ՝ դրանով իսկ խոչընդոտելով հասարակության մեջ կինոարվեստի մակարդակի բարձրացումը։

Ցավոք, Հայաստանում ևս կա նմանատիպ խնդիր, քանի որ չափազանց շատ է ֆորմալությունը։ «Ոսկե Ծիրան» փառատոնի ընթացքում ցուցադրվում են ֆիլմեր, որոնք չեն ընդգրկվել լավ փառատոններում։ Եվ դա խոչընդոտում է կինոարվեստի ոլորտում հայ հասարակության մակարդակի բարձրացումը։ Պետք չէ մրցակցել, այլ պետք է տանել աշխատանքներ, հավաքել այն ֆիլմերը, որոնք արժանի են ցուցադրության և մատուցել ժողովրդին։

VOG.am- Ո՞րն է գրական ստեղծագործությունից դեպի կինո անցնելու ռեալիզացման ճանապարհն ըստ Ձեզ։

Բորիս Հայրապետյան- Հայտնի խնդիր․․․ պետք է զգալ, թե ինչքանով է այս կամ այն ստեղծագործությունը կինեմատոգրաֆիկ։ Որքան էլ որ ստեղծագործությունն ունենա հետաքրքիր մտքեր, միևնույնն է, պետք է նախ և առաջ բացահայտնել դրա պլաստիկ կերպարը, հասկանալ, թե արդյոք խոսքերը կարող են փոխարինվել գործողություններով։ Լինում է, որ երկխոսությունները կարդալիս, տարբեր զգացողություններ են առաջանում, սակայն նույն երկխոսությունները լսելիս, հնարավոր է այդ զգացողությունները կորչեն, քանի որ դրանք տեսողության և լսողության համար տարբեր երևույթներ են։

Ամեն մասնագիտության մեջ կան անտեսանելի թելեր, և կինորավեստում մասնագիտություն է խորանալ և զգալ ողջ ստեղծագործությունը այն կինոյի վերածելու համար։

VOG.am- Այսօրվա ստեղծագործող համաշխարհային ռեժիսորներից ո՞ւմ գործերին եք հետևում։

Բորիս Հայրապետյան- Իհարկե, այսօր մենք չենք կարող պահանջել այն, ինչ ունեցել ենք անցյալում։ Սակայն այսօրվա կինոռեժիսորներից, օրինակ, Պաոլո Սորրենտինոն, Դեյվիդ Ֆինչերը, Պիտեր Դեմետրիսը փորձում են պատասխանել այն հարցերին, ինչ որ Ֆելինին էր պատասխանում, սակայն դա նրանք անում են իրենց ձևով։ Այսինքն, ժամանակի ընթացքում արվեստի մատուցման ձևերը փոխվում են, որը բնական է։

Մեր ժամանակների արվեստում կորել է ամբողջականությունը, կան շատ խոչընդոտներ արվեստագետի համար։ Դա առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ հասարակությունը դարձել է պահանջող, իսկ այն արվեստագետը, որը, ապրելով նման հասարակությունում, չի դավաճանում արվեստի, և ընդհանրապես, մարդկային արժեքները, արդեն իսկ հերոս է։ Այդ առումով այս ռեժիսորները հենց այդպիսին են։


VOG.am- Ի՞նչն է պակասում այսօրվա հայկական կինոարվեստում։

Բորիս Հայրապետյան- Հայկական կինոարվեստի մասին քննադատություն անել չէի ցանկանա, սակայն վաղուց պետք է ընդունած լինեինք, որ մենք մեր պատմության ստվերի տակ ենք հայտնվել՝ կաղապարների մեջ դնելով տվյալ ոլորտի մասնագետներին։ Ամեն քայլափոխին մենք առաջ ենք տանում մեր պատմությունը, քանի որ մեծ առումով այսօր շատ ասելիք չունենք արվեստում։

Մենք աշխարհին ներկայանալու և մեզ ճանաչելու խնդիր ունենք, օրինակ, երբ մեզանից մեկը մի քայլ է անում Հայաստանից դուրս, մենք այն ճոխացնում ենք և ներկայացնում համաշխարհային հանրությանը որպես ավելին, քան այն իրականում կա։ Միգուցե հեղափոխությունից հետո որևէ փոփոխություն լինի նաև արվեստի ճյուղում, սակայն դեռ սպասողական վիճակում ենք գտնվում։ Այսօր կան շատ արդիական թեմաներ՝ հեղափոխություն, պատերազմ, որը հանրությանը ճիշտ մատուցելու խնդիր ունենք, չենք ընկալում արվեստի մեջ վերջին ձեռքբերումները և ստեղծված գործերում խնդիրները չեն երևում։

VOG.am

Interview, Photographer: Margarita Avetisyan

bottom of page