top of page

Յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ քաղաքակրթությունը դժվար ճանապարհ է անցել․ Անուշ Սեդրակյան



 

Շուրջ քսան տարի գործունություն ծավալած Մաքսեդան կրթական հաստատությունը այս տարի կրկին իր դռները բացեց ուսումնատենչ աշակերտների համար։ Դպրոցի գործունեության և տարվող ներքին քաղաքականության մասին ենք զրուցել, ինչպես նաև գեղեցիկ ֆոտոշարք ունեցել դպրոցի հիմնադիր տնօրեն Անուշ Սեդրակյանի հետ։

 

VOG.am- Նախ շնորհավորում ենք գիտելիքի օրվա կապակցությամբ։ Եվ այսպես տիկին Սեդրակյան, ե՞րբ է հիմնադրվել Մակսեդանը և որքա՞ ն ժամանակ է, որ տնօրինում եք այս կրթական հաստատությունը։

Անուշ Սեդրակյան- Մակսեդանը հիմնադրվել է 1997 թվականին, հիմնադիրը եղել եմ ես՝ շատ երիտասարդ տարիքում և այդ պահից սկսած ես այդ հիմնարկի հիմնադիր տնօրենն եմ։ Իսկ արդեն 2008թ֊ին, մայրիկիս մահից հետո համատեղում եմ գործադիր և հիմնադիր տնօրենների պաշտոնները։


VOG.am- Ի՞նչ հատուկ մասնագիտացում ունի դպրոցը։

Անուշ Սեդրակյան- Դպրոցը ունի օտար լեզուների մասնագիտացված, խորացված ուսուցում։ Ինքս էլ լինելով լեզուների մասնագետ գիտակցում եմ օտար լեզուների անհրաժեշտությունն ինտեգրացիայի և գլոբալիզացիայի ենթատեքստում։ Մենք էլ այնպես ենք անում, որ լինելով հայկական մշակույթին քաջատեղյակ քաղաքացիներ, երեխաները միևնույն ժամանակ ունակ լինեն ընկալել համաշխարհային մշակույթի բոլոր այն արժեքները, որը մենք նրանց շռայլորեն մատուցում ենք։

VOG.am- Որքա՞ն աշակերտ ունեք այս պահին։

Անուշ Սեդրակյան- Այս պահին դեռևս հստակ չենք կարող ասել, քանի որ աշակերտների թիվը գնալով աճում է։ Այս պահին աշակերտների թիվը 200-ից անց է։ Մենք ընդունում ենք այնքան երեխաներ, որքան մեր ուսումնական հաստատության պատերը կարող են թույլ տալ, քանի որ տարածքը վարձակալում ենք և այն այնքան էլ մեծ չէ բոլոր ցանկացողներին ընդունելու համար։


VOG.am- Ո՞րն է դպրոցի նպատակը, բացի գիտելիքներ փոխանցելուց։

Անուշ Սեդրակյան- Դպրոցի հիմնական նպատակը, բացի գիտելիքներ փոխանցելուց, կարող ենք համարել մեր երեխաներին հումանիստական արժեքներին հաղորդակից դարձնելը, որովհետև Հայաստանում մարդկային և համամարդկային արժեքների ըմբռնման, մատուցման և փոխանցման խնդիրը խիստ կնճռոտ է, և այդ հարցը իսկապես կարիք ունի զարգացման, մեթոդաբանության մշակման։ Կարող ենք ասել, որ Մակսեդանը գերակա դիրք է գրավում այդ գործընթացում և մենք կարողանում ենք այդ արժեքների փոխանցումը դարձնել սահուն և հաճելի մեր սաների համար։

VOG.am- Ո՞ր կրթական հաստատությունների հետ եք համագործակցում և ի՞նչ ձևաչափով։

Անուշ Սեդրակյան- Համագործակցում ենք բազմաթիվ կրթական հաստատությունների հետ, վերջերս վերակնքեցինք մեր պայմանագիրը Եվրոպական համալսարանի հետ, որտեղ Մակսեդանի սաներին տրվում է առավելություն ընդունելության ժամանակ։ Նաև կարող ենք ասել, որ ուղղակի և անուղղակի համագործակցում ենք Ամերիկյան և Ֆրանսիական համալսարանների հետ, որովհետև մեր շրջանավարտների նշանակալի տոկոսը դառնում է այդ բուհերի սան։


VOG.am- Ինչպե՞ս է կազմակերպվում ուսումնական գործընթացը Մակսեդանում։ Որքանո՞վ է պահպանվում այստեղ ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների դասական մոդելը։

Անուշ Սեդրակյան- Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների դասական մոդել, որպես այդպիսին չկա։ Կա քաղաքակրթական մոդել, որը ժամանակի հետ փոխվում է։ Կա նաև քրիստոնեական մոդելից տարբերվող մուսուլմանական մոդել, որը մենք չենք քննարկում։ Եկեք քննարկենք քաղաքակրթական մոդելը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալ հիերարխիայի վրա, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ուսուցիչը և սանը շփվում եմ ոչ միայն մարդկային, այլև պրոֆեսիոնալ տիրույթում։ Ուսուցչի գերակա խնդիրը մարդկային արժեքների պահպանումը և գիտելիքների պրոֆեսիոնալ փոխանցումն է աշակերտին։ Եվ գիտելիքի գերակայության խնդիրը որևէ մեկը դեռևս չի կարող արգելել կամ համարել երկրորդական։ Մինչդեռ վերջերս միտումներ ենք նկատում համընդհանուր կրթական մոդելում ներդնել այսպես ասած ազատ կամայական գիտելիքի ընդունման մոդելը, երբ աշակերտը ուզում է սովորում է, չի ուզում, չի սովորում։ Նման մոդելը համարում ենք անընդունելի և գտնում ենք, որ ուսուցչի առաքելության հիմանական կետերից մեկը այդ ցանկությունը երեխայի մոտ արթնացնելն է։

VOG.am- Ի՞նչ կարևոր խնդիրներ է լուծում դպրոցը։

Անուշ Սեդրակյան- Ինչպես անընդհատ ես ասում եմ դպրոցը նախ և առաջ լուծում է հաճույքով կրթվելու մոդելի ներդրման խնդիրը։ Որովհետև կրթությունը, որպես կանոն ընկալվում է իբրև ծանր պարտականություն, կամ իբրև պարտադիր դիմանալու կամ ճգնելու գործընթաց, մինչդեռ մենք պետք է հասկանանք, որ գիտելիքի ստացման պրոցեսը ամենահաճելի պրոցեսներից մեկն է, որ հնարավոր է պատկերացնել, և մեր առաքելությունը հենց այդ գիտելիքի փոխանցումը աշակերտների համար առավելագույնս դյուրին դարձնելու մեջ է։


VOG.am- Ի՞նչ կարևոր հատկանիշներ պետք է ունենա ուսուցիչը՝ Մակսեդանում դասավանդելու համար, բացի մասնագիտականից, իհարկե։

Անուշ Սեդրակյան- Մակսեդանում դասավանդելու համար ուսուցիչը նախևառաջ պետք է լինի պրոֆեսիոնալ։ Երկրորդ, նա պետք է համապատասխանի 21-րդ դարի քաղաքակրթական ստանդարտներին։ Այսինքն պետք է լինի բանիմաց, գրագետ, կիրթ և իհարկե, հումանիստ, որովհետև հնարավոր չէ դպրոցում դասավանդել առանց երեխաներին սիրելու և այդ սերն էլ պետք է լինի քաղաքակրթական մոդելի շրջանակներում, այսինքն չպետք է անցնի տնավարիության, ընտանեկան մոդելի սահմաններից, որը երբեմն կիրառվում է շատ հայկական դպրոցներում։ Նույնքան անընդունելի է հակառակ կողմը, երբ տեղի է ունենում ուսուցիչ- աշակերտ հարաբերությունների օտարում։ Երբ այդ կապը ընդհանրապես խզված է, ինչը հաճախ նկատում ենք շատ դպրոցներում։ Ես դա համարում եմ հին ժառանգության արձագանք և կարծում եմ, որ դա պետք է շուտափույթ վերացնել։

VOG.am- 《Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա` նա ձևավորում է մարդուն》։ Համաձա՞յն եք այս մտքի հետ, որ մարդը ի վերջո կերտվում է դպրոցում։

Անուշ Սեդրակյան- Մարդը կերտվում է իր ողջ կյանքի ընթացքում, չեմ կարող ասել, որ մարդը կերտվում է միայն դպրոցում և ընդհանրապես մարդու ամենակարևոր գործառույթը կյանքում ինքնակերտման մեխանիզմի ստեղծումն է, դպրոցը կարող է նպաստել այդ գործընթացին և լուծել այդ գործընթացի խնդիրները, բայց չի կարող այդ գործընթացի բոլոր կետերին լուծում տալ։


VOG.am- Եվ վերջում ի՞նչ կմաղթեք գիտելիքի օրվա կապացկությամբ։

Անուշ Սեդրակյան- Գիտելիքի օրվա կապակցությամբ հատուկ մաղթանք չեմ կարող անել։ Ուղղակի յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ քաղաքակրթությունը դժվար ճանապարհ է անցել, բայց եթե մենք ուզում ենք երբևէ հաջողել մեր կյանքում՝ անհատապես և պետության մակարդակով, մենք պետք է այդ քաղաքակրթական ճանապարհը քայլ առ քայլ անցենք։


Interview: Ani Hakobyan

Photographer: Sahak Sagatelyan

bottom of page