top of page

Կյանքս կավարտվի, երբ երազելու ունակությունս կմեռնի. Ելենա Բորիսենկո



Նա դերասանուհի է, ով տեսնում և զգում է գեղեցիկը։

Հայկական իրականության մեջ այն եզակիներից է, ով չի հանրայնացնում սեփական կյանքը և նրա

շուրջը ստեղծված անհեթեթություններին նայում է ժպիտով։

VOG.am-ի հյուրը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է։ Ելենայի հետ ունեցանք շատ գեղեցիկ և յուրահատուկ ֆոտոշարք, ինչպես նաև զրուցեցինք իր անձնականի, նախասիրությունների և երազանքների մասին


VOG.am- Այսօր մարտի 8-ն է և սկսվում է կանանց միամսյակը։ Տարվա մեջ այս մեկ ամիսը նվիրվում է կանանց։ Նրանց հաճոյախոսում են, նվիրում նվերներ, շնորհավորում։ Ի վերջո, ի՞նչ է պետք կնոջը ինքնաբավ լինելու համար։

Ելենա Բորիսենկո- Ինքնաբավ լինում են կայացած կանայք։ Կայացած կինը ավելի ուժեղ և ինքնավստահ է, ինչը հաճախ խանգարում է անձնական կյանքում։ Ինքնաբավ կանանց ավելի շատ են հաճոյախոսում և մեկամսյակը շատ լավ առիթ է հենց դրա համար։ Բայց անկեղծ շնորհավորանքը տարբերվում է հաճոյախոսությունից։


VOG.am- Ո՞րն է եղել ամենաանմոռանալի նվերը, որ ստացել եք։

Ելենա Բորիսենկո- Սիրով արված նվերները անմոռանալի են։ Երբ նվերի մեջ սեր, ջերմություն և միտք կա դրված, այդ դրական լիցքը ուղեկցում է քեզ ողջ կյանքիդ ընթացքում։ Ունեմ պատին կախված դրական լիցքեր, մատերս գեղեցկացնող անմոռանալի սիրո, ջերմության, ընկերության հուշեր։ Եվ նույնիսկ անհեթեթ մանրուքներ։

VOG.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեզ ինչ հիշում եք սիրահարված եք, և եթե չկա որևէ մեկը, ապա Դուք ստեղծում եք կերպար և նրան եք սիրահարվում։ Հիմա է՞լ է այդպես։

Ելենա Բորիսենկո- Երջանկությունը լռություն է սիրում։ Չեմ ուզում խոսել անձնական կյանքիցս և փակագծեր բացել՝ կա՞ մեկը, թե՞ ոչ։ Ի վերջո անձնական կյանքը ինքն է իր մասին խոսում։ Իսկ ես փորձում եմ լռության մեջ պահել երջանկությունը։


VOG.am- Ի՞նչ գույն ունի երջանկությունը Ձեզ համար։

Ելենա Բորիսենկո- Երջանկության և՛ գույնը, և՛ հոտը հենց երջանկության զգացողությունն է, որ զգում ես ոչ թե գլխով կամ սրտով, այլ այն զգում ես միայն հոգով։

Как у Вадима Зеланда «шелест утренних звёзд».

VOG.am- Ի՞նչ բան է հաջողությունը։

Ելենա Բորիսենկո- Ամեն մարդ ունի հաջողության իր ընկալումը։ Մեկի համար դա ինստագրամում հավաքած լայքերն են, մյուսի համար անձնական երջանկությունը, մեկ այլ մարդու համար նյութական բարիքները։ Եվ յուրաքանչյուր դեպքում շատ կարևոր է զբաղվել սիրած գործով, սիրել և սիրված լինել, ներքուստ ազատ լինել, ազատ լինել ուրիշների չափանիշներից, նյութականից, կեղծ արժեքներից։

VOG.am- Ո՞րն է եղել ամենազվարճալի բամբասանքը Ձեր մասին, որ լսել եք։

Ելենա Բորիսենկո- Դե բամբասանքները շատ էին։ Ամենահիմար բամբասանքը իմ ոչ տրադիցիոն սեռական ուղղվածությունն էր, որ հորինվեց հենց անձնական կյանքիս անհասանելի լինելու պատճառով։ Ամենազվարճալին այն էր, իբրև թե ես «Վերվարածներ»-ի Կնյազից(Արտյոմ Կարապետյան) երեխա ունեմ, որը ծառայում է բանակում։ Ասում էին Արտյոմ Կարապետյանը այդպես էլ չամուսնացավ ինձ հետ, բայց երեխայիս տիրություն է անում (ծիծաղում է)։

VOG.am- Եթե մի փոքր ազատ ժամանակ եք ունենում, ապա...

Ելենա Բորիսենկո- Սիրում եմ նկարել, հելունով գործել, կարդալը չի մտնում ազատ ժամանակի մեջ, դա պարտադիր է։ Բայց կյանքիս այս փուլում ազատ ժամանակս հիմնականում նվիրում եմ մարզվելուն։


VOG.am- Կա՞ մի բան, որի համար ամենաշատն եք զղջում։

Ելենա Բորիսենկո- Ես սովորաբար չեմ զղջում արածներիս համար, նույնիսկ ամեն արած սխալիս համար կարողանում եմ պատասխան տալ։ Բայց կյանքի բերումով ստացվեց այնպես,  որ բազմիցս կորցրել եմ այն, ինչը շատ թանկ էր և մեղավորը միայն ես եմ եղել։ Խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե խուսափել նրանցից։ Իրականությունը պետք է ռեալ ընկալել, առանց վարդագույն ակնոցի։ Իսկ մյուս կողմից էլ մտածում եմ լավ է ես ինքս ինձ խաբեմ, քան ուրիշներին։ Բայց զղջում եմ միայն մի բանի համար, որ 1990 թվականին դպրոցն ավարտելուց հետո չգնացի Մոսկվա՝ ուսումս շարունակելու։

VOG.am- Սթրեսի դեմ Ձեր դեղամիջոցը․․․

Ելենա Բորիսենկո- Շներիս գրկելն ու գլուխս դնել մայրիկիս ծնկներին։ Չնայած նրան, որ 45 տարեկան եմ, ես կարողանում եմ ինձ թույլ տալ մայրիկիս ծնկներին լաց լինել։


VOG.am- Երազանք, որն այդպես էլ երազանք կմնա․․․

Ելենա Բորիսենկո- Քանի դեռ կյանքը շարունակվում է, ես հավատում եմ, որ երազանքներս իրականանալու են։

VOG.am- Եվ վերջին հարցը՝ կյանքն ավարտվում է երբ...

Ելենա Բորիսենկո- Կյանքս կավարտվի, երբ երազելու ունակությունս կմեռնի։ Երազանքը առանց հավատ մեռած է, ինչպես հավատը առանց պայքար, իսկ երազանքով չապրող մարդը անասուն է․․․



VOG.am

Project Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Interview: Ani Hakobyan

Photographer: Hayk Petrosyan

Fashion Designer: Arpine Koshtoyan

Ani Avdalyan Image Sentre

Make up: Alina Sargsyan

Hair style: Artur Stepanyan

Location: Chance Fashion House

bottom of page