top of page

VOGUE Armenia | Kivera Naynomis. Ես նպատակ ունեմ Kivera-ն վաճառել արտերկրում, որպես համանուն բրենդ


KIVERA NAYNOMIS

 

Ձեռքի յուրահատուկ աշխատանքներն ու դասական դետալներն այն հատկանիշներն են, որոնցով հայտնի է Kivera Naynomis-ը: Կրեատիվ և տարբերվող աշխատանքի շնորհիվ Kivera Naynomis-ը ներկայումս համարվում է հայկական շուկայում դիզայներական հետաքրքիր հագուստի լավագույն արտադրանքներից մեկը: Հիմնադրվելով Արևիկ Սիմոնյանի կողմից` Kivera Naynomis-ը հայտնի է իրեն բնորոշ ոճով, որն ընդգծվում է կանացի, էլեգանտ, շքեղ և համարձակ ձևավորմամբ, որոնք երբեք չեն ծերանում. «Kivera-ն թե՛ այս և թե երկու տարի հետո կրկին ակտուալ է լինելու, քանի որ այն ժամանակավոր տենդենցներով ոգեշնչման արդյունք չէ: Kivera-ն դասական դետալներով է, որն իր նորաձևությունն ու պահանջվածությունը չի կորցնի»:



 

2005 թվականից Kivera Naynomis-ը իր հաճախորդների համար ներկայացնում է հետաքրքիր դիզայներական լուծումներով հավաքածուներ: Սակայն բրենդի հիմնադիրը` Արևիկ Սիմոնյանը, դիզայների իր ընտրությունը դեռ շատ վաղուց է կատարել.

«Դեռ մանկուց եմ ցույց տվել հետաքրքրությունս դիզայներական աշխատանքների հանդեպ, երբ փչացնելով բոլորի հագուստները, քորոցներով պատկերներ էի հավաքում (ծիծաղում է)»: Բրենդի անվան ընտրության հարցում այնքան էլ չի դժվարացել, քանի որ այն վաղուց որոշված է եղել դիզայների համար.

«Անգամ համալսարանական տարիներին, նկարելուց հետո, դրանց ներքևի հատվածում մակագրում էի անունս հակառակ կողմով` Կիվերա: Արդեն, երբ ՌԴ-ում ավարտեցի ուսումս, եկա Հայաստան, հիմնեցի բրենդս և անվանեցի Kivera»:


 

Հավաքածուների ստեղծման համար դիզայները կարող է ամեն մի փոքր դետալից անգամ ոգեշնչվել: Այժմ հետաքրքրված է հայաստանյան եկեղեցիների ճարտարապետական լուծումներով.

«Ես այդ պատկերները չեմ օգտագործում իմ հավաքածուներում, բայց դրանք ինձ շատ մտքեր են տալիս և լիահույս եմ, որ այդ պատկերները ևս շուտով կօգտագործենք մեր հավաքածուներում: Քանի որ որքան շատ եմ ուսումնասիրում հայկական պատկերներն ու առհասարակ արվեստի գործերը, հասկանում եմ, թե ինչքան բան կա դեռ ցույց տալու, որոնք չենք հասցրել»:



 

Պլաններն ու նպատակները շատ են: Դրանցից ամենաառաջնայինը Հայաստանից բրենդ ներկայացնելն է դրսի շուկայի համար: Ոչ թե ուղղակի ցուցադրություններին ներկայություն ապահովելով, ինչպես, որ այժմ է` այլ ռեալ վաճառքներ գրանցելով.

«Այժմ մենք համագործակցություններ ունենք թե՛ ռուսական, թե՛ արտասահմանյան մուլտիբրենդային ապրանքանիշերի հետ, որոնք մեր հագուստները գնում են, բայց ոչ թե որպես Kivera բրենդի հագուստ, այլ ուղղակի գեղեցիկ աշխատանք: Ես նպատակ ունեմ Kivera-ն վաճառել արտերկրում, որպես համանուն բրենդ»:


 

Խոսելով Միլանի նորաձևության շաբաթի մասին, որտեղ ներկա էին գտնվել մի քանի հայ դիզայներներ իրենց բրենդերով` այդ թվում նաև Kivera-ն, դիզայները նշեց, որ իրենք չեն մասնակցել հենց Fashion Week-ին, սակայն հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց բրենդերը.

«Նորաձևության շաբաթների ընթացքում հնարավորություն ենք ունեցել մասնակցելու ցուցահանդեսներին: Դրանց շրջանակում կարողացել ենք ներկայացնել բրենդը այն ռեալ գնորդներին, ովքեր գալիս են իրենց խանութների համար գնելու տարբեր դիզայներների աշխատանքներ»:

Արևիկ Սիմոնյանի խոսքով այնտեղ եղել է հետաքրքրություն հայ դիզայներների աշխատանքների հանդեպ, սակայն հետաքրքրվողները չէին կարողանա գնել, քանի որ կկանգնեին միանգամից մի քանի խնդրի առջև.

«Անգամ մեր հագուստները գնելու դեպքում էլ նրանք ունենալու էին առաքման խնդիր, քանի որ դա մեծ գումարների հետ է կապված: Սա խանգարում էր բոլոր այն գնորդներին, ովքեր հետաքրքրվում էին մեր աշխատանքներով»:



 

Ինչպես գրեթե բոլոր ուղղությունների, այնպես էլ նորաձևության արդյունաբերության վրա կորոնավիրուսային այս շրջափուլը դեռ մեծ ազդեցություն կթողնի: Արևիկ Սիմոնյանը նշեց, որ կլինեն սեզոնային նոր հավաքածուներ, սակայն քանակը հնարավոր է ավելի քիչ լինի, քան մարդիկ ցանկանում են և սովոր են տեսնել.

«Մինչև ամառ մենք ևս մեկ հավաքածու ունեինք, որը կորոնավիրուսային այս շրջափուլով պայմանավորված դեռ հետաձգվում է: Այն ավելի շատ սև, կանաչավուն, թեթևակի վարդագույնի և, իհարկե, կաթնագույնի երանգներով էր. Kivera-ում պարտադիր են կաթնագույնի և սևի երանգները, բայց ամռանը ներակայացվող հավաքածուում գույները շատ են լինելու. երկնագույնից մինչև նարնջագույնի տարբեր երանգները: Այն ծովային տրամադրություն կստեղծի: Բրենդի շրջանակներում առհասարակ այդքան վառ երանգներ չենք օգտագործում, սակայն ամառ է, բոլորը մտածում են ամառային գույների մասին և Kivera-ն կանի ամեն ինչ իր հաճախորդներին գոհացնելու համար»:

Դիզայներն ավելացրեց նաև, որ մնացյալ նորություններն ու պլանները պարզ կդառնան արդեն կորոնավիրուսով պայմանավորված` պետական մարմինների որոշումներից:


 

VOG.am | VOGUE Armenia

Journalist: Arus Mirzoyan

bottom of page