top of page

Exclusive: Շուտով կրկին կլինեմ հեռուստաէկրանին․ Տաթևիկ Ադումյան | Interview | Photoshoot |

Updated: Jan 16, 2020


 

VOG-ը շարունակում է իր բացառիկ հարցազրույցներն ու աներևակայելի շքեղ ֆոտոշարքերը, դե իհարկե, ապահովելով նորաձևության և գեղեցկության տենդենցները։

Այս անգամ VOG-ի սիրված հյուրն է դերասանուհի Տաթևիկ Ադումյանը:

 


 

VOG.am- Տաթևիկ, մի փոքր պատմեք Ձեր մանկությունից, որտե՞ղ է այն անցել, ինչպիսի՞ երեխա եք եղել։

Տաթև Ադումյան- Մանկությունս անցել է Լիբանանում, կարելի է ասել՝ ծովի ափին։ Գուցե նաեւ այդ պատճառով է, որ երբ ինձ ասում են «հանգիստ», ես միանգամից պատկերացնում եմ ծով, ջուր, արեւ, ավազ։ Ես շատ չարաճճի երեխա եմ եղել, եւ ասում են նաեւ՝ շատ բարի։ Իսկ ինչպես ասում էր Էքզյուպերին, «մենք բոլորս գալիս ենք մանկությունից»։ Տարիքի հետ ավելի եմ համոզվում, որ մարդու կայացման հարցում մեծ նշանակություն ունի մանկությունը։

 


 

VOG.am- Ի՞նչն է Ձեզ տարել Թատերական ինստիտուտ։ Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, կկրկնեի՞ք այդ ընտրությունը։

Տաթև Ադումյան- Գենը շատ մեծ ուժ ունի, գուցե շատերը չգիտեն, բայց տատիկս դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանն է, ում ընթերցողը կճանաչի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի 2-րդ մասից (« Լեոնիդ 2»), որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհու՝ Տաթեւի դերը։ Բայց ես անգամ մանուկ հասակում, երբ դեռ չգիտեի տատիկիս մասնագիտությունը, որոշել էի դառնալ դերասանուհի եւ դարձա։

Իսկ ժամանակը հետ տալու հնարավորության դեպքում՝ իհարկե կկրկնեի ընտրությունս։

 

VOG.am- Դուք խաղացել եք բազմաթիվ հեռուսասերիալներում՝ կերտելով ամենատարբեր դերեր, այնուամենայնիվ կա՞ մի դեր կամ կերպար, որը կցանկանայիք խաղալ։

Տաթև Ադումյան- Շատ դերեր կան, որոնց մասին երազում եմ, բայց սովորություն չունեմ խոսել երազանքներիս մասին։ Հուսամ՝ մի օր, երբ դրանք հերթով իրականան, կպատմեմ դրանց մասին։ Բայց կարծում եմ՝ կարող եք կռահել, որ դրանք սերիալային կերպարներ չեն։

Ինձ համար յուրաքանչյուր դերի ընտրության հարցում չափազանց կարեւոր է արդարացնել կերպարին։

 


 

VOG.am- Ո՞րն եք համարում ձեր ամենակարևոր ձեռքբերումը։

Տաթև Ադումյան- Իմ մեծ եւ փոքր ընտանիքը։

 

VOG.am- Ո՞րն է օրվա Ձեր ամենասիրելի պահը։

Տաթև Ադումյան- Առավոտը եւ իմ մեծ գավաթով սուրճը, եւ ուշ գիշերվա կատարյալ լռությունը։

 


 

VOG.am- Եթե ոչ դերասանուհի, ապա՞։

Տաթև Ադումյան- Անասնաբույժ կամ կենդանիների իրավունքների պաշտպան։ Կենդանիները մեր ուշադրության կարիքն ունեն։ Ի դեմս կենդանիների՝ բնության հետ շփվելիս ֆանտաստիկ էներգիա եմ ստանում։ Տարօրինակ է, բայց դա երբեմն նմանվում է այն էներգիային, որը ստանում եմ բեմական գործունեությունից։

 

VOG.am- Մի փոքր խոսենք 《Մեղրամիս》 սերիալի մասին, ինչպե՞ս ստացաք սերիալում նկարահանվելու առաջարկը։

Տաթև Ադումյան- Պաշտոնական առաջարկը ստացել եմ US Armenia հեռուստաընկերությունից։ Թիմի որոշ անդամների հետ առիթ էի ունեցել աշխատելու նախկինում, մասնավորապես՝ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանի։ «Մեղրամիսը» թվով երրորդ նախագիծն էր, որում աշխատեցինք նրա հետ միասին։ Անուշիկի հետ համագործակցությունն ինձ համար միշտ շատ հաճելի է։ Սցենարիստին հեռուստադիտողն հազվադեպ է անձամբ ճանաչում, բայց հավատացե՜ք ինձ՝ Անուշիկը ոչ միայն զարմանալի տաղանդի տեր սցենարիստ է եւ պրոֆեսիոնալ, այլ նաեւ՝ հիանալի եւ հետաքրքիր անձնավորություն։

 


 

VOG.am- Եթե հնարավորություն ունենայիք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա ի՞նչը կլիներ։

Տաթև Ադումյան- Ես իմ կյանքը չափազանց շատ եմ սիրում եւ գնահատում, եւ որեւէ բան փոխելու ցանկություն չունեմ։

 

VOG.am- Ֆիլմ, որից ամենաշատն եք տպավորվել։

Տաթև Ադումյան- Նման ֆիլմերը շատ են եղել։ Սակայն վերջին դիտածներիցս՝ Ջոքերը։ Կարծում եմ՝ նորություն չեմ ասի նրանց, ովքեր դիտել են ֆիլմը. Խոակին Ֆենիքսի դերասանական խաղը, եւ որքան ասելիք ուներ ֆիլմը, ինչը յուրաքանչյուրիս է մտածելու տեղիք տալիս։

 


 

VOG.am- Մարդ, ում ամենաշատն եք շնորհակալ այս կյանքում։

Տաթև Ադումյան- Իհարկե՝ մայրիկիս։ Իր սիրո, հոգատարության, համբերության եւ իմ ընկերը լինելու համար։

 

VOG.am- Տաթև, դուք բավականին հաճախ եք ճանապարհորդում. Կասե՞ք, դա ազդեցություն ունի՞ ոճային փոփոխություների մեջ։

Տաթև Ադումյան- Բավական շատ ճանապարհորդելու շնորհիվ հասկացա, որ մեր երկրում չափազանց շատ ժամանակ ենք ծախսում մեր արտաքին տեսքի ստեղծման վրա. շպարվելու, բավական անհարմար հագնվելու եւ այլն։ Եվ դա որեւէ կապ չունի խնամված լինելու հետ։ Հասկացա, որ կինը պետք է խնամված լինի, այլ ոչ՝ պճնված։

 


 

VOG.am- Ձեր զգեստապահարանում հիմնականում, որ ոճի հագուստներն են գերակշռում։

Տաթև Ադումյան- Նախորդ պատասխանիցս կարող եք ենթադրել, որ հիմնականում հարմարավետ եւ սպորտային հագուստներ։

 

VOG.am- Նշեք «աղջկական» երեք փոքրիկ գաղտնիք, որոնք կօգնեն մեր աղջիկներին ավելի գեղեցիկ և ինքնավստահ լինել։

Տաթև Ադումյան- Առաջինը. սիրե՜ք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։

Երկրորդը. շարունակաբար կրթվե՜ք եւ սովորե՜ք։

Երրորդը. մի՜ նախանձեք եւ շնորհակալ եղե՜ք այն ամենի համար, ինչը տրված է Ձեզ։

 


 

VOG.am- Տաթև Ադումյանի պայուսակում, ո՞ր շպարը պետք է պարտադիր առկա լինի։

Տաթև Ադումյան- Գուցե շատերը զարմանան, բայց պայուսակիս մեջ ոչ մի նման պարագա չկա։

 

VOG.am- Գեղեցիկի ձեր իդեալը։

Տաթև Ադումյան- Գեղեցիկի իմ իդեալը կա եւ կլինի իմ մայրը։

 


 

VOG.am- Դուք խաղացել եք բազմաթիվ հեռուսասերիալներում՝ կերտելով ամենատարբեր դերեր, այնուամենայնիվ կա մի կերպար՝ Դինայի կերպարը «Մեղրամիս» ֆիլմում, որը առանձնակի սիրվեց հեռուստադիտողի կողմից: Ֆիլմը ավելի հետաքրքիր էր դիտել Ձեր տարբեր ոճային լուքերի համար, կարծես ամեն սերիայում մի նոր Դինա էր իր հանդերձանքով:Արդյո՞ք ձեր մտքերն էին, և ինչքա՞ն ժամանակ էր անհրաժեշտ կերպարի լուքերը վերջնական արդյունքին հասցնելու համար:

Տաթև Ադումյան- Իմ “լուք”-երի հեղինակը ես եմ եղել։ Շատ ժամանակ չի պահանջվել։ Ընտրել եւ համադրել եմ՝ ըստ տեսարան։

 

VOG.am- Եվ վերջում՝ կպատմե՞ք առաջիկա նախագծերի մասին:

Տաթև Ադումյան-Նոր եւ հետաքրքիր ծրագրերը շատ են, սակայն ապագայի մասին այդքան էլ չէի ցանկանա հիմա խոսել։ Կարող եմ ընդամենը ասել, որ շուտով կրկին կլինեմ հեռուստաէկրանին։ Հույս ունեմ, որ կլինի ոչ միայն դերասանական գործունեություն, այլեւ՝ ավելին, քանի որ ներկայումս աշխատում եմ հենց այդ ուղղությամբ։

 


VOG.am | VOG Team

Project Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Ando Badasyan

Journalist: Ani Hakobyan

Fashion Designer: MM Fashion House

Make Up: Aga Kankanyan

Hair Style: Nanamosh

Location: Rhodes Music Hall by Nor Dvin

bottom of page