VOGUE

Exclusive: Վերջերս դա ինձ մի քիչ խանգարում է հանգիստ ապրել․ Արուսիկ Տիգրանյան



Նա լրագրող է, ով միշտ հայտնվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, պարզ հարցերի փոխարեն ստանում բարդ պատասխաններ և հեշտությամբ դուրս գալիս անհասկանալի իրավիճակներից։ Մեր այսօրվա հյուրը լրագրող, այժմ նաև դերասանուհի Արուսիկ Տիգրանյանն է․ ում հետ ունեցանք շատ դրական և տարբերվող ֆոտոշարք, նաև զրուցեցինք իր կյանքի և առաջիկա պլանների մասին։


VOG.am- Արուսիկ, մանկության ամենավառ հիշողությունները ո՞ւմ հետ են կապված։

Արուսիկ Տիգրանյան- Քրոջս։


VOG.am- Ինչո՞ւ հենց լրագրությունը։ Բացի մասնագիտական գիտելիքներից, ի՞նչ է Ձեզ տվել այն։

Արուսիկ Տիգրանյան- Լրագրությունը այնպիսի մասնագիտություն է, որ հնարավորություն է տալիս քեզ առնչվել տարբեր երևույթների հետ, այսինքն դու միշտ լինում ես տարբեր իրավիճակներում, շփվում ես տարբեր մարդկանց հետ, ու հենց այդ հետաքրքրությունը ինձ գրավեց։


VOG.am- Շատերը գիտեն, որ Դուք Ազատ Գասպարյանի թոռնուհին եք։ Ինչպիսի՞ն էին պապ ու թոռ հարաբերությունները։

Արուսիկ Տիգրանյան- Բավականին ջերմ պապիկի ու թոռնիկի հարաբերություններ էին։ Քանի որ ես փոքր էի, երբ պապիկս դեռ կար, խաղում էինք իրար հետ, մի խոսքով բարի ու ջերմ հարաբերություններ էին։


VOG.am- Ուսանողական տարիներին հիմնել եք PINK TV-ին, որը ոլորտում առանձնանում էր իր կրեատիվությամբ և հետաքրքիր միքսերով։ Դեռևս ուսանող լրագրողի համար ստանդարտներից դուրս ձևաչափ մշակելը և նրանում ներկայանալը դժվար չէ՞ր։ Քննադատությունների արժանացե՞լ եք հենց ոլորտի մասնագետների կողմից։

Արուսիկ Տիգրանյան- Մեր ֆակուլտետի դասախոսներից շատերը այդ ժամանակ մեզ օգնում էին և խրախուսում, բայց շատերն էլ չէին հավանում ոճը ու մի անգամ ինձ ասացին, որ դա պոպուլիզմ է ու ես շատ ծանր տարա, այնուամենայնիվ տեխնիկապես բավականին դժվար էր, իսկ բովանդակային առումով ՝ հեշտ, որովհետև մենք անում էինք այն, ինչ ցանկանում էինք, առանց գրաքննության, առանց խիստ օրենքների, իհարկե, պահպանելով լրագրողական հիմնական օրենքները։ Ընկերական միջավայր կար, որը երևի թե ամենակարևոր բաներից մեկն էր։ Հուսով եմ մի օր էլի կհավաքվի այդ թիմը։


VOG.am- «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում Ձեր կողմից տրվող համարձակ և սուր հարցերից հետո մարդիկ կարծես «վախենում» են Ձեզ փողոցում հանդիպելիս։ Հաղորդումից դուրս սա ինչպե՞ս է անդրադառնում Ձեր կյանքի վրա։

Արուսիկ Տիգրանյան- Վերջերս կարդում էի հոլիվուդյան դերասանուհի Լենա Հիդիի հարցազրույցը, ով «Game of Trones»-ում կերտել էր Սերսեայի կերպարը, ով պատմում էր, որ այդ կերպարից հետո մարդիկ զզվում էին իրենից ու դա իր համար կոմպլիմենտ էր, որպես դերասանուհի։ Ինձ թվում է նույնը այստեղ կարելի է համարել։ Ուրեմն կերպարը ստացված է եղել, որ մարդիկ այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս։


VOG.am- Ինչպիսի՞ն չպետք է լինի լրագրողը։

Արուսիկ Տիգրանյան- Ինձ թվում է միանման, անհավես ու ․․․ո՞րն է եղել Ձեր վերջին կարդացած գիրքը․․․ նմանատիպ հարցեր չտվող։


VOG.am- Մինչ այժմ հանդես եք եկել, որպես ժամանցային թեմաներ լուսաբանող լրագրող։ Քաղաքական դաշտը բավականաչափ հետաքրքիր չէ՞։

Արուսիկ Տիգրանյան- Իրականում ես ունեցել եմ նաև քաղաքական թեմայով ռեպորտաժ Ազգային Ժողովից։ Մինչ այժմ իմ ռեպորտաժները կոնկրետ ֆորմատ ունեցող հաղորդման շրջանակներում են եթեր գնացել, այդ պատճառով հիմնականում ժամանցային թեմաներ եմ լուսաբանել։ Եթե մի օր ցանկանամ քաղաքական թեմաներ լուսաբանլ, կանեմ իհարկե, բայց դա ինձ առանձնապես չի գրավում։