«Meridian» ցուցահանդեսների բեմում այս անգամ փոքրիկ մոդելներն էին` «Belle Ange» մանկական ապրանքանիշի գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությանը:
VOG.am- Կպատմե՞ք տոնական շքեղ և exclusive հագուստների գարուն-ամառ 2023 հավաքածուի մասին: Ի՞նչն էր գերիշխում, ինչի՞ն էիք ավելի շատ ուշադրություն դարձրել:
Աստղիկ Դավթյան- Ներկայացված գարուն-ամառ 2023 հավաքածուի ցուցադրությունը բաղկացած էր 2 մասից։ Առաջին մասում հանդիսատեսին ներկայացվեց առկա առօրյա/քեժուալ, կոկտեյային և տոնական յուրահատուկ և ոճային տեսականին, իսկ երկրորդ մասում՝ BelleAnge-ի նոր գերշքեղ էքսկլյուզիվ հավաքածուն, որը ամբողջությամբ ձեռքի աշխատանք է։ Ինչպես նկատեցիք` աշխատել ենք մեր բրենդին հատուկ նուրբ պաստելային, բայց միևնույն ժամանակ «գարուն-ամառ»թեմատիկ վառ երանգներով, և ստացել ենք շատ ներդաշնակ գունային համադրություններ: Գերակշռում են թանկարժեք ծաղկային ժանյակները, ինչը ևս խորհրդանշական է, որոնք լրացվել են համապատասխան նրբերանգ բյուրեղներով։
VOG.am- Փոքրիկ մոդելների հետ աշխատելը ինչքանո՞վ է դժվար, չէ՞ որ պետք է նաև աշխատել իրենց հետ, որ կարողանան հաղթահարել հուզական դաշտը բեմ բարձրանալուց առաջ:
Աստղիկ Դավթյան- Փոքրիկների հետ աշխատելը մեծագույն հաճույք է։ Հաշվի ենք առնում ցանկացած մանրուք, որպեսզի փոքրիկները իրենց մաքսիմալ հարմարավետ և անկաշկանդ զգան։ Նույնիսկ ամենափոքրիկ մոդեները շատ մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց «աշխատանքին» և մեծ ոգևորությամբ սպասում մեծ բեմում իրենց ներկայանալուն։
VOG.am - Ինչքա՞ն ժամանակ է Ձեզ հարկավոր, որ կարողանաք կազմակերպել նման շքեղ ցուցադրություն:
Աստղիկ Դավթյան- Ցուցադրության կազմակերպման ամենաժամանակատար հատվածը ստեղծագործական պրոցեսն է, որը, ըստ իս, իմ թիմի բարձր կազմակերպվածության շնորհիվ բավականին կարճ է տևում՝ 2-3 ամիս, իսկ բուն միջոցառման կազմակերպման համար պահանջվում է առավելագույնը 1 ամիս։
VOG.am- Ձեր տպավորությունների մասին կպատմե՞ք. Ձեր կարծիքով ցուցադրությունը ստացվա՞ծ էր. ի՞նչ սպասելիքներ ունեիք և արդյոք դրանք իրականացան:
Աստղիկ Դավթյան- Իմ աշխատանքի կարևորագույն գնահատականը ես տեսնում եմ մոդել-բալիկների աչքերի փայլում, թե ինչ հպարտությմաբ և էնտուզիազմով են նրանք ներկայացնում իմ ստեղծած հագուստները։ Իհարկե, ցուցադրության հաջողված լինելու մասին են վկայում ներկաների հիացմունքով և ոգևորվածությամբ լի արձագանքները։ Կարող եմ վստահ ասել՝ սպասելիքներս իրականացել են։
VOG.am- Առաջիկա սպասվող նորությունների մասին կպատմե՞ք, հաջորդ ցուցադրությունը ե՞րբ եք նախատեսում:
Աստղիկ Դավթյան- Առայժմ մի փոքր հանգիստ է պետք ուժերը վերականգնելու, նոր ներշնչանքի աղբյուր գտնելու համար։ Երբ պահը հասունանա, անպայման կմեկնարկենք հաջորդ ցուցադրությունը։ Կարծում եմ աշնանը ևս կունենաք գեղեցիկ միջոցառում։
VOG.am / VOG Team
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Fashion Journalist: Arus Mirzoyan
Photographer: Rafayel Piloyan
Fashion Designer: Astghik Davtyan
Comments