top of page

Չէի ցանկանա երկրորդ անգամ ամուսնություն կրկնել. Անուշիկ Առաքելյան


Նա հեռուստադիտողին մշտապես ներկայացել է ուժեղ կնոջ կերպարով, ուժեղ ոչ միայն արարքներում, այլ նաև էությամբ։

Իրական կյանքում ևս նա համարձակ է, ուժեղ, միևնույն ժամանակ նուրբ և կանացի։

VOG.am-ի հյուրը դերասանուհի Անուշիկ Առաքելյանն է։


VOG.am- Ո՞րն է մանկության ամենատպավորիչ հիշողությունը։

Անուշիկ Առաքելյան- Հիշում եմ, որ ցուրտ ու մութ տարիներին մի անգամ ես ու եղբայրս տանն էինք, շատ ցուրտ էր ու մտածում էինք ո՞նց տաքանալ։ Եղբայրս մի հետաքրքիր հնար գտավ։ Այն ժամանակ գարեջրի երկաթյա տարաներ կային։ Բացեց, մեջը թուղթ լցրեց, վառեց, փոքրիկ փեջ սարքեց ու այդպես սկսեցինք տաքանալ։

VOG.am- Եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ բան փոխել Ձեր կյանքում։ Ի՞նչը կլիներ։

Անուշիկ Առաքելյան- Ավելի շուտ կընդունվեի Թատերական ինստիտուտ։


VOG.am- Ինչո՞վ եք ամենաշատը հպարտանում։

Անուշիկ Առաքելյան- Աղջկանովս։

VOG.am- Ինչո՞ւ եք ընտրել այս մասնագիտությունը։

Անուշիկ Առաքելյան- Չգիտեմ։ Երևի սիրում եմ պարզապես։

VOG.am- Եթե հնարավորություն ունենայիք, որևէ պատմական իրադարձության ականատեսը դառնալ, ո՞րը այն կլիներ։

Անուշիկ Առաքելյան- Կցանկանայի Տիգրան Մեծի նվաճումների ժամանակ ներկա լինել։ Հասկանալ էդ ի՞նչ կարգի տղամարդ էր, որ ծովից ծով Հայաստան ստեղծեց։ Կամ էլ հարցազրույց կվերցնեի նրանից ու կիմանայի ինչի՞ որոշեց աշխարհը նվաճել։ Հնարավոր է նաև սիրահարվեի նրան և ինչու ոչ կլինեի Կլեոպատրայի փոխարեն (ծիծաղում է)։


VOG.am- Մարդ, ով ամենամեծ ազդեցությունն է ունեցել Ձեզ վրա...

Անուշիկ Առաքելյան- Մի հոգու անուն չեմ կարող տալ։ Երևի մայրիկս ու եղբայրս։ Մեկը ուրիշ տեսանկյունից, մյուսը՝ ուրիշ։

VOG.am- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր իդեալական օրը։

Անուշիկ Առաքելյան- Իդեալական օրը ինձ համար այն է, երբ դու կարողանում ես հասցնել ամեն ինչ։ Հատկապես իմ գրաֆիկի դեպքում, երբ ցանկանում եմ և՛ աշխատել, և՛ օտար լեզու սովորել, և՛ սպորտդահլիճ հաճախել, և՛ երեխայիս հետ ժամանակ անցկացնել: Բայց ինձ թվում է ամենաիդեալական օրն այն է, երբ դու քո աշխատանքով ծանրաբեռնված ես։


VOG.am- Ի՞նչը կյանքում չեք կրկնի երկրորդ անգամ։

Անուշիկ Առաքելյան- Չէի ցանկանա երկրորդ անգամ ամուսնություն կրկնել։ Չնայած, եթե Տիգրան Մեծն է, կարելի է մտածել։ Հա մեկ էլ Աշոտ Երկաթի դեպքում կհամաձայնվեի, որովհետև Աշոտ Երկաթի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա. Ուրեմն երկար ժամանակ Սարգիս Գրիգորյանի հետ չէինք հանդիպել։ Սերիալի շրջանակներում մի անգամ հանդիպեցինք ու Սարգիսը խոսքի մեջ հարցրեց, թե դեռ չե՞մ ամուսնացել։ Դե ես էլ պատասխանեցի, որ չէ։ Սարգիսը ասաց. «․․․քեզանից ուժեղ տղամարդ դեռ չես գտե՞լ», հետո ավելացրեց, «․․․Ան քեզանից ուժեղ մեկ էլ Աշոտ Երկաթն ա եղել, բայց ինքը մահացելա արդեն․․․»

Հիմա, եթե իրենց պարագան չկա, ուրեմն չեմ ցանկանա երկրորդ անգամ ամուսնանալ ու կարծում եմ ցանկացած կայացած կնոջ համար դա այդպես է։

VOG.am- Երգ, որը Ձեր playlist-ում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում...

Անուշիկ Առաքելյան- Առհասարակ, երբ ես տպավորովում եմ որևէ երգով, այնքան եմ լսում այդ երգը, որ հետո սկսում եմ չսիրել։ Ես Etta James-ին եմ շատ հավանում։ Իր երգերը Beyonce-ի կատարմամբ եմ շատ սկսել սիրել։ Շատ սիրում եմ մեր հին, հայկական երգերը։ Շատ մեղեդային են։ Բայց, որպես այդպիսին Etta James-ին կառանձնացնեմ, որ պարբերաբար լսում եմ։

VOG.am- Երբևէ Ձեր կյանքը նմանեցրե՞լ եք, որևէ գրքի կամ ֆիլմի հերոսուհու կյանքին։

Անուշիկ Առաքելյան- Անցումային փուլերում, այո, շատ է եղել։ Գիտե՞ք ֆիլմեր կան, որոնցից շատ եմ տպավորվել, այսինքն, երբ ֆիլմն է եղել առանցքայինը, ոչ թե դերասանուհին, օրինակ «Dogville»-ը, «Лучшее предложение», «Знакомьтесь Джо Блек»․ Վերջինիս հերոսուհու ազդեցության տակ եմ մնացել, իր հանդարտ կերպարի, որ ինձնից շատ հեռու է։ Ու միշտ մտածում էի տեսնես ես կկարողանամ այսչափ հանգիստ կերպար խաղալ։ Աննա Կարենինայից եմ շատ տպավորվել, որպես համարձակ կնոջ կերպար։ Գրքերից Գուրջիև կարդալուց հետո եմ շատ ուժեղ տպավորության տակ մնացել։ Էնքան տարբեր են, դրա համար չեմ կարողանում հիմա օրինակ բերել։ Դերասան կա, որի տպավորության տակ եմ միշտ, դա Էնթնի Հոպկինսն է։ «Dogville»-ն ինձ համար մարդկային տեսակների մի ամբողջացում էր, ու դու տեսնում ես նախ մարդու ստորությունը ուր է հասնում, կամ մարդու թուլությունը ուր կարող է հասնել, կամ վախը անգամ սեփական կյանքի նկատմամբ։ Նիկոլ Քիդմանն էլ իմ սիրելի դերասանուհիներից է։

Գրքերից խոսեցինք, օրինակ կցանկանայի խոսել վերջերս բեսթսելլեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքից։ Հետաքրքիր է, ես կարդացի գիրքը ու իսկապես զարմանում եմ, որ այն այդպես միանգամից դարձավ բեսթսելլեր, որովհետև, երբ այն կարդացի ուզում էի ասել, բայց ես վաղուց այսպես եմ ապրում։ Երևի մեզ համար, հայերիս համար է գուցե այդպես, որովհետև հայի տեսակը մի քիչ ուժեղ է, մենք շուտ խուճապի չենք ենթարկվում ու ամեն թեթև առիթով հոգեբանի մոտ չենք գնում։ Այն իրականության մասին, որտեղ գրքում խոսվում էր, շատ էր ամերիկյան հասարակության համար, ամերիկյան երիտասարդության համար։ Մեր երիտասարդները բոլորովին այլ կերպ են մտածում, բարոյական արժեքներով են օժտված։ Եվ այն ինչը գրքում ամփոփվում էր, մենք այդպես ապրում ենք ամեն օր ու մտածելով, որ դա էդպես էլ պետք է լինի։ Գիտե՞ք ինչպիսի տպավորություն էր, որ դու քո իմացածը երկրորդ անգամ լսես։ Ինձ համար թույլ գիրք էր ու կարծում եմ, որ 15-16 տարեկան թիրախային խմբի համար է։ ՈՒ, երբ դու նայում ես, թե ի՞նչ գրականություն է քեզ հանձնարարված եղել բուհում սովորելու տարիներին, հասկանում ես, որ այդ գրականությունը կարդացած մարդու համար այս գիրքը չի կարող բեսթսելլեր լինի։

VOG.am- Ո՞րն է եղել ամենազվարճալի հաճոյախոսությունը, որ ստացել եք։

Անուշիկ Առաքելյան- Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Իմ կյանքում ստացվել է այնպես, որ կանայք ինձ ավելի շատ հաճոյախոսություններ են անում, քան տղամարդիկ։ Սա ինձ համար արդեն պարադոքսալ է դառնում ու վերջերս շատ եմ սրա մասին խոսում։ Վերջերս սպորտդահլիճում երեք կանայք մոտեցան ինձ ու ասացին, որ ինձ ու իմ հաղորդումները շատ են սիրում, երրորդը մոտեցավ ասաց. -Մեկ է դուք Ձեզ ինձնից շատ չեք սիրում։

Ես և՛ զարմանում եմ, և՛ լավ եմ զգում ինձ, որովհետև ասում են չէ՞ կանայք երկու բան չեն կարողանում մարսել, մեկ տղամարդու թուլությունը, մեկ դիմացի կնոջ գեղեցկությունը։ Այսինքն, երբ կանայք նկատում են դիմացինի գեղեցկությունը, տաղանդը և առավել ևս դրա մասին բարձրաձայնում են, ուրեմն իրենք շատ ուժեղ կանայք են։ Զվարճալի, որպես այդպիսին կնշեմ եղբորս արած հաճոյախոսությունը, երբ մի անգամ ասաց. -Աննորմալ սիրուն ես։

Մի անգամ էլ ասացին. «․․․ի՞նչ եք զգում, երբ էդպես սիրուն եք...»։

VOG.am- Առաջին իսկ հնարավորության դեպքում ի՞նչ կանեիք։

Անուշիկ Առաքելյան- Առաջին իսկ հնարավորության դեպքում կխաղամ Հոլիվուդում։


VOG.am

Interview: Ani Hakobyan

bottom of page