top of page

Այս մենամարտի համար կյանքիս գնով եմ պայքարել. Կարինե Կարապետյան

Հայաստանի պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ ֆեդերացիայի մարզուհի` Կարինե Կարապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող MMA-ի միջազգային մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկ Ռենա Սաֆարովին, ով՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է:

Հաղթանակի կապակցությամբ VOG.am-ը զրուցել է մարզուհու հետ:


VOG.am- Կարինե, որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք մարտեր առանց կանոնների սպորտաձևով:

Կարինե- 2012 թ-ից զբաղվում եմ մարտեր առանց կանոոնների սպորտաձևով:


VOG.am- Գիտենք, որ այս սպորտաձևը ինքնին շատ դժվար է և աշխատատար. Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել այդ ամենը և դրական արդյունքներ գրանցել:

Կարինե- Այս մարզաձևը շատ աշխատատար է, հոգեբանորեն պետք է պատրաստ լինես, որ կարողանաս հաղթահարել ցանկացած դժվարություն և ոչնչից չպետք է՝ վախենաս, հանձնվես, այլ գիտակցաբար կարողանաս գնալ առաջ:

VOG.am- Կարինե, շնորհավորում ենք ձեր փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Ազգովի հպարտանում ենք ձեր բազկի ուժով, որ կարողացաք ամբողջ աշխարհին ապացուցել, որ մարդիկ հավասար պայմաններում պետք է պայքարեն և արդար հաղթանակ ձեռք բերեն, ոչ թե կացնի ուժին դիմեն: Երբ դուք իմացաք, որ մրցելու եք Ռամիլ Սաֆարովի քրոջ հետ, ինչպիսի՞ն էր ձեր զգացողությունը:

Կարինե- Անչափ շնորհակալ եմ բոլորից, բարեմաղթանքների կապակցությամբ: Ես ամբողջ աշխարհի աչքի առաջ ապացուցեցի, որ եթե մարդու նպատակները ազնիվ են և արդարացված, ապա նա անպայման կհասնի իր նպատակին: Ուստիև դա իմ պարտքն էր՝ իմ ամբողջ ազգի առջև, որ հաղթեի ադրբեջանցուն և ապացուցեի որ քնած մարդու անդորրը չեն խանգարում, այլ դեմ առ դեմ պայքարով հաղթում:


VOG.am- Պարզ է, որ պատասխանատվությունը այդ պահին շատ մեծ է և դա կարող լարվածություն առաջացնել. Դուք ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ ամենը և ռինգում առաջատարի դիրք գրավել:

Կարինե- Երբ մարզիչս ինձ հաղորդեց, որ պետք է մենամարտեմ Ռենա Սաֆարովայի հետ, այդ պահին զգացողությունս անբացատրելի էր, բայց ես ինձ հանգիստ պահելով կարողացա հաղթահարել պահի ազդեցությունը՝ ընդունեցի մարտահրավերը, լարվածություն չառաջացնելով: Ռինգում Ռենայի հայացքները ինձ վրա սարսափելի էին, տպավորություն էր առաջացնում, որ կսպանեմ, կջախջախեմ, բայց ես սառնասրտորեն կարողացա ինձ հավաքել, կենտրոնանալ մարտի վրա, քանի որ ձեռքս նա ձգելով փորձում էր կոտրում հնարքով ինձ պարտության մատնել: Շատ դժվար էր ինձ համար, բայց ես կյանքի գնով, բոլոր ուժերս կենտրոնացնելով կարողացա դուրս գալ այդ պահից և փոխեցի մարտի ընթացքը և ամեն ինչ դասավորվեց այնպես՝ ինչպես ես էի ցանկանում: Հաղթանակս՝ արդար էր, պայքարս՝ ազնիվ, նվիրումս՝ մեր հայ ազգիս սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

VOG.am- Ռինգ մտնելուց առաջ ձեր մարզիչ՝ Հայկ Ղուկասյանի ցուցումները...

Կարինե- Ռինգից առաջ ինձ հետ էին՝ Հայկ Ղուկասյանը և Ալբերտ Ղազարյանը, նրանք ինձ հոգեբանորեն և ֆիզիկապես տրամադրում էին կենտրոնանալ մենամարտի վրա, որ սա շատ պատասխանատու և յուրահատուկ պահ է և միաժամանակ պարտավորեցնող՝ հաղթանակ բերելու համար: Պահի հրամայականն էր՝ ոչ թե զենքով դավադրորեն պայքարել, այլ բազկի ուժով ապացուցել, որ հաղթանակը միշտ տրվում է մաքուրին և ազնիվին:


VOG.am- Հաղթանակի ազդարարումը, եռագույնի ծածանումը հասկանալի է, որ մեծ ուրախություն է պարգևել ձեզ, մինչև հաղթանակն էլ արդեն որոշել էիք, որ հաղթանակը նվիրելու եք մեր հայ սպա՝ Գուրգեն Մարգարյանի հիշտակին. Ինչպիսի՞ն էր ձեր զգացողությունը այդ պահին:

Կարինե- Այո, եռագույնը բարձրացնելու և հաղթանակը ազդարարելու պահը, դա մի այլ զգացողություն է և այդ պահին էլ գումարվել էր՝ ազգիս հոգեկան թեթևություն բերելու ակնթարթը ու զգացողությունս անբացատրելի երանգ էր ստացել՝ ես նորից վերածնվեցի: Նշեմ, որ մարտից առաջ ես շատ վատ առողջական վիճակում էի, բայց այդ ամենը ինձ չխանգարեց, որ կարողանայի մենամարտը բարձր մակարդակով անցկացնել:


VOG.am- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

Կարինե- Առաջիկա ծրագրերի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, ընթացքում նորությունների մասին ձեզ կտեղեկացնեմ:


Interview: Tatka Musheghyan

bottom of page