VOGUE

Nuri Band-ի միակ աղջիկ և մենակատար Գայանեն պատմեց, թե ինչպես երկու հոգով ստեղծեցին փոքրիկ բենդ


Ազգային ֆոլկլորային երաժշտության նկատմամբ պահանջարկը վերջին շրջանում նկատելիորեն մեծացել է։ Այսօր գրեթե անհնար է պատկերացնել մի միջոցառում, որն անմասն մնա ազգային երգ-երաժշտությունից։ Նոր երանգներ ստացած ազգային ֆոլկլորային երաժշտությունն այսօր արդեն հասցրել է սիրվել և ձևավորել բավականին մեծ լսարան։

VOG.am-ն այս անգամ զրուցել է նորաստեղծ Nuri Band-ի հետ՝ պարզելու, թե որն է ազգային երաժշտության ներկայացման իրենց տարբերակը։

Խմբի միակ աղջիկ և մենակատար Գայանե Ավդալյանը, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես ընդամենը երկու հոգով Երևանի պետական համալսարանում ստեղծեցին փոքրիկ բենդ, որը մեկ տարի անց պետք է անուն ստանար, համալրվեր և հանդես գար արդեն համալսարանից դուրս։

VOG.am- Ինչպե՞ս ստեղծվեց Nuri Band-ը։ Մի փոքր պատմեք խմբի ստեղծման մասին։

Գայանե- Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ինձ ծանոթացրեց խմբի կիթարահար Գևորգ Ղազարյանի հետ, ում հետ պետք է ստեղծեինք բենդ, որը հանդես կգար Երևանի պետական համալսարանի շրջանակներում։ Սկսեցինք փնտրել համալսարանական երաժիշտների, վոկալիսներրի՝ բենդը ամբողջացնելու համար։ Կարճ ժամանակ հետո, երբ բենդը արդեն համալրվել էր և երաժիշտները պատրաստ էին բենդի մեկնարկին, սկսեցինք փորձերը։ Որոշ ժամանակ միմյանց հետ համագործացելուց հետո հասկացանք, որ բացի ԵՊՀ բենդից, կարող ենք հանդես գալ նոր, մեկ այլ ֆորմատում, արդեն համալսարանից դուրս։ Քանի որ նախկինում հանդես էի գալիս Հայասա ֆոլկ բենդում, տղաներին առաջարկեցի նմանատիպ բենդի շրջանակներում շարունակենք մեր գործունեությունը և տղաները սիրով համաձայնվեցին։ Նպատակը մեկն էր՝ արթուն պահել ու հասանելի դարձնել հին հայկական ազգային երգերը։


VOG.am- Խումբը հետաքրքիր և տարբերվող անվանում ունի՝ Nuri Band. Ինչո՞ւ հենց Nuri:

Գայանե- Ճիշտն ասած տատանվում էինք հին հայկական հետաքրքիր սիմվոլիզմ ունեցող անունների շուրջ։ Նուրին հին հայկական ծիսական տիկնիկ է և, քանի որ խմբում միակ աղջիկը ես եմ՝ ասոցացվեց դրա հետ և որոշեցինք այդպես կոչել խումբը։ Բացի այդ Նուրի տիկնիկը շատ հետաքրքիր խորհուրդ ունի։ Նախկինում ժողովուրդը հավատում էր, որ երաշտի օրերին Նուրի տիկնիկը կարող է անձրև բերել։

VOG.am- Հետաքրքիր ոճ և երաժշտական լուծումներ եք տալիս երգերին. Ինչպե՞ս է կատարվում երգերի ընտրությունը և չկա՞ արդյոք մտավախություն, որ նոր տարբերակը դժվար կընկալվի լսարանի կողմից:

Գայանե- Երգերի ընտրությունը կատարում եմ ես։ Տղաները ունեն երաժշտական կրթություն և ինձ շատ օգնում են երգերի ընտրության, մշակման հարցում։ Միասին քննարկում ենք, թե որ երգերը արժե փոփոխել, որոնք ավելի հեշտ կընկալվեն։ Մտավախություն, բնականաբար, կար հատկապես, երբ առաջին անգամ պետք է հանդես գայինք, բայց քանի որ նախկինում ես հանդես եմ եկել Հայասա ֆոլկ բենդում և, իհարկե, այդ շրջանակներում փորձարկել էի, թե ինչպես կընկալվի այս երաժշտությունը։ Միանշանակ, եթե դու կարողանում ես ներկայացնել մի քիչ ստանդարտից դուրս, ավելի նոր բան, հաստատ ընդունվում է։


VOG.am- Խումբը հետաքրքիր խորհրդանիշներ ունի` ազգային տարազներով տիկնիկները։ Ո՞ւմ միտքն էր, մի փոքր պատմեք խմբի ոճային ընտրության, հագուստի, դետալների մասին։

Գայանե- Քանի որ խմբի անունը Նուրի է, որոշեցինք, որ հետաքրքիր դետալներ պետք է օգտագործենք։ Առաջին համերգի ժամանակ Նուրիի կողմից հանդիսատեսին նվիրեցինք փոքրիկ տիկնիկներ։ Խմբի հագուստի ու դետալների ընտրությունը իրականացրել ենք միասին։ Ճիշտ է, տղաները երաժշտական այլ ոճի ստեղծագործողներ են, բայց հասկանալով և ըմբռնելով ազգային երաժշտարվեստի կարևորությունը՝ խմբում են։

VOG.am- Թեև նորաստեղծ խումբ եք, արդեն հասցրել եք ունենալ համերգներ և շրջագայություններ. Ի՞նչ նորություններ ունեք առաջիկայում, անակնկալների սպասե՞ն ձեր երկրպագուները։

Գայանե- Հասցրել ենք ունենալ համերգներ, լինել եթերում։ Առաջիկայում, այո, սպասվում են շատ հետաքրքիր ձայնագրություններ, անակնկալներ, չեմ ցանկանում շատ բացել չակերտները, բայց շաբաթներ անց կկարողանանք հանդիսատեսի դատին ներակայացնել մեր երգի տեսքով առաջնեկին։ Կարծում եմ, որ կսիրվի և կընդունվի, քանի որ ներկայացնելու ենք մաքուր և գեղեցիկ երաժշտություն։


VOG.am- Այսօր շատերն են փորձում ազգային երգերը ներկայացնել նորովի, շատ ավելի ժամանակակից տարբերակով։ Ինչո՞վ է առանձնանում Nuri Band-ը այս առումով, ի՞նչ նոր ասելիք ունեք դուք։

Գայանե- Նուրին ունի նոր ասելիք և այդ ասելիքի մասին արդեն շատերն են փաստում։ Տարբերվում է նրանով, որ մենք փորձում ենք արդեն հայտնի հին հայկական երգերը մատուցել նորովի։ Նուրին տարբերվում է նաև նրանով, որ մեր երգացանկում կան երգեր, որոնք բացի երբևէ ազգային խմբերից և առանձին կատարողներից, օրինակ՝ Ակունք ազգագրական խմբից, երբեք այլ կերպ, այլ տարբերակով չեն կատարվել։ Նուրին առանձնանում է իր ոճով, ձևով, որակով և նաև նրանով, որ երիտասարդ կադրերն են զբաղվում այս ամենով։


Interview: Ani Hakobyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: