top of page
Writer's pictureMarine Manjikyan

"Mother & Daughters" Փորձում եմ լավ օրինակ լինել աղջիկներիս համար. Mano Grigoryan | Yana | Eva



 

VOG-ի նոր "Mother & Daughters" նախագծի շրջանակում այս անգամ մեր հյուրերն են Մանո Գրիգորյանն իր գեղեցկուհիների հետ։ Ունեցանք ամառային գեղեցիկ ֆոտոշարք, և իհարկե, Մանոյի հետ բացահայտեցինք ընտանեկան մի քանի կարևոր պայմաններ։

 


 

VOG.am- Մանո, Ձեր ընտանիքը բավականին հայտնի է։ Ձեր երեխաներին ճանաչում են բոլոր նրանք, ովքեր հետևում են Ձեզ։ Դժվար չէ՞ երկու աղջիկների մայր լինելը։

Մանո֊ Երկու աղջիկների մայր լինելը ոչ թե դժվար չէ, այլ գերագույն հաճույք է։ Ինքս, փոքր ժամանակ տիկնիկներով խաղալիս, միշտ երազում էի ունենալ փոքր քույրիկ, որովհետև քույր չեմ ունեցել և միշտ նախանձով եմ նայել քույր ունեցող մարդկանց, քանի որ կարծում եմ՝ քույր ունենալը, ով և՛ արյունակից է, և՛ ընկերուհի, աշխարհի ամենամեծ պարգևներից մեկն է։ Այդ պատճառով մանկուց երազել եմ ունենալ երկու աղջիկ։ Եվ հիմա, երբ մենք երեքով դուրս ենք գալիս, դա ինձ համար ամենաերանելի ու հաճելի պահերից մեկն է։

 


 

VOG.am- Վերջին շրջանում, պայմանավորված երկրում տեղի ունեցող համաճարակային իրավիճակով, դուք, ինչպես շատերը, հնարավորություն ունեցաք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեր ընտանիքի հետ։ Ի՞նչ նոր բացահայտումներ արեցիք այս ընթացքում, որը մինչ այդ չէիք նկատել։

Մանո֊ Այս վերջին մի քանի ամիսները տվեցին իրենց և՛ դրական, և՛ բացասական արդյունքները։ Ինքս վերլուծող անձնավորություն եմ, թե՛ լավը, և թե՛ վատը անձնականացնում եմ և փորձում եմ յուրաքանչյուր դժվարին իրավիճակը ընդունել և դրանից մի բան հասկանալ։ Այս ընթացքում ես փորձեցի ինքս գնալ իմ ներսը, զբաղվել ինքնաճանաչողությամբ ինքնազարգացմամբ։ Եւ, եթե այս ազատ ժամանակը չլիներ, դժվար կարողանայի շատ բաներ հասկանալ և շատ արժեքներ վերանայել։

 



 

VOG.am- Ձեր դուստրերից փոքրը՝ Յանան, բավականին հայտնի է ինստագրամում։ Շատերը նրան կհիշեն նաև հեռուստասերիալներից մեկում մարմնավորած կերպարով։ Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ իմացաք, որ Յանան պետք է նկարահանվի հեռուսասերիալում։

Մանո֊ Յանայի հայտնվելը թե՛ ինստագրամյան դաշտում, և թե՛ հեռուստատեսությունում պատահական է եղել։ Ինչպես շատերին, մեզ նույնպես առաջարկեցին գնալ քասթինգի։ Մենք գնացինք և Յանան անցավ քաստթինգը։ Այն, թե ինչպես եմ վերաբերում, կասեմ, որ շատ դրական, որովհետև նրան դուր է գալիս այն, ինչ ինքը անում է։

Բնականաբար, քեզ դուր է գալիս, երբ քեզ ճանաչում են և դու սիրված ես հանրության կողմից։

 


 

VOG.am- Կցանկանայի՞ք, որ ձեր աղջիկները ընտրեն մասնագիտական այն ճանապարհը, ինչ դուք։ Հայտնիությունը որոշակի բարդ ճանապարհ է իրենից ենթադրում։ Ինչպե՞ս կվերաբերվեք ձեր աղջիկների նման հնարավոր ընտրությանը։

Մանո֊ Ես ինքս անում եմ ամեն ինչ, որպեսզի նրանք ճանաչեն իրենք իրենց, իրենց հնարավորութունները։ Նրանց համար ստեղծել եմ ազատ դաշտ, հնարավորություն, որպեսզի ընտրեն։ Հիմա նրանք այն տարիքում են, որ պետք է փնտրեն, ճանաչեն որպեսզի հետագայում կարողանան ճիշտ ընտրություն կատարել։ Միանշանակ չեմ կարող ասել, բայց տեսնում եմ, որ Յանան շատ է սիրում այն, ինչ անում է, նա սիրում է խաղալ, պարել։ Եթե հետագայում որոշի շարունակել այդ ճանապարհը, նրա կողքին կլինեմ, ամեն ինչ կանեմ նրան օգնելու համար, իսկ եթե ոչ, ապա դա կլինի նրա ընտրությունը։ Կարևորը, որ նա երջանիկ լինի։

 


 

VOG.am- Աղջիկները բնավորությամբ նմա՞ն են ձեզ։ Մի փոքր պատմեք նրանց խառնվածքների և բնավորությունների մասին։ Պատահո՞ւմ է, որ վիճեն։

Մանո֊ Աղջիկներս բացարձակ նման չեն իրար, չնայած, որ արտաքինից նման են։ Նրանց խառնվածքները շատ տարբեր են։ Փոքրիկ վեճեր, իհարկե, լինում են, որը կարծում եմ տարիքի հետ է կապված, բայց նրանք զույգերի պես են, մեկն առանց մյուսի չի կարողանա ապրել։ Շատ լավ քույրիկներ են։ Դեռ փոքրուց Էվան մեծ սիրով և քնքշությամբ էր օրորում և կաթիկ տալիս իր փոքրիկ քույրիկին, այսինքն խանդի և մրցակցության զգացողություններ չեն եղել երբևէ, ինչը ինձ համար շատ կարոր է։

 


 

VOG.am- Ինչպե՞ս են անցնում ձեր երեկոները։

Մանո֊ Հիմա մեր երեկոները հիմնականում անցնում են տանը, շատ խաղաղ։ Երեխաները մեզ հետ սկսել են երեկոները գիրք կարդալ, ֆիլմ ենք նայում, զրուցում ենք։ Ընտանեկան խաղաղ երեկոներ։

 


 

VOG.am- Խի՞ստ եք երեխաների դաստիարակության հարցում։ Ի՞նչն եք կարևորւմ այս պարագայում։

Մանո֊ Չեմ կարող ասել, որ որպես մայր խիստ եմ, բայց բավականին պահանջկոտ եմ։ Շատ եմ սիրում կարգ ու կանոն՝ առաջին հերթին իրենք իրենց նկատմամբ։ Կարևորում եմ պատասխանատվության զգացողությունը։ Փոքր տարիքից փորձել եմ նրանց հետ վերաբերվել մեծի պես, սկսած կենցաղային ամենամանր հարցերից, օրինակ, որ պետք է հավաքեն իրենց հետևից, սովորեցրել եմ, որ պետք է գործը մինչև վերջ անել, խոսքի տերը լինել, և որ պետք է ուժեղ լինել ու ոտքերին ամուր կանգնած։

 


 

VOG.am- Ասում են երեխաներից պետք է շատ բան սովորել։ Պատահե՞լ է, որ երեխաների հետ հարաբերություններում զգաք, որ այս կամ այն հարցում իրենք ձեզ օգնեցին կամ խորհուրդ տվեցին։ Եղե՞լ է, որ դուք նրանցից որևէ բան սովորեք։

Մանո֊ Ասեմ, որ մեծ աղջիկս այդ առումով շատ խելացի է, և երբ իրեն դիտողություն եմ անում և հետո ինքս էլ որևէ սխալ բան եմ անում, նա ինձ հիշեցնում է դրա մասին։ Այդ պատճառով ինքս էլ փորձում եմ հետևել իմ խորհուրդներին։ Երեխաներից միշտ կարելի է սովորել, սովորել նրանց անկեղծությունը, երջանկությունը զգալու ունակությունները։ Նրանցից փորձում եմ սովորել ժամանակի ռիթմը, շատ բաներ, ինչը կապված է ճաշակի կամ օրինակ երաժշտության հետ, նրանցից եմ հարցնում։ Ինձ հետաքրքիր է երեխաների հետ շփվել՝ անկախ նրանից իմ երեխաներն են, թե մեկ ուրիշինը։ Նրանց աշխարհը շատ հետաքրքիր է։

 


 

VOG.am- Ինչպիսի՞ մայրիկ եք դուք։

Մանո֊ Ես ամեն օր սովորում եմ, ամեն ինչ անում եմ, որ ոչ թե լինեմ օրինակելի մայրիկ, այլ լինեմ ճիշտ խորհրդատու մայր, ընկեր, ով պատասխանատու կլինի իր փոքրիկների համար։ Նրանք ապագա մայրիկներ են, և ես փորձում եմ նրանց սովորեցնել կյանքի ճշմարտությունները, օգնում եմ նրանց ճանաչել իրենց եսը, կյանքը, սիրել իրենք իրենց։ Շատ ուրախ եմ, որ նրանց մեջ կա մանկական անկեղծությունը և պարզությունը, ինչը այսօր շատ երեխաների մոտ չեմ նկատում։ Ես ամեն ինչ արել եմ, որ նրանց հայտնի լինելու փաստի հետ մեկտեղ պահպանվի նրանց անկեղծությունը։

 


 

VOG.am- Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին։ Ո՞րն է ամենակարևոր պայմանը՝ երեխաների հետ շփումներում։

Մանո֊ Որպես ամփոփում , կասեմ, որ սիրող մարդկանց երեխաները միշտ ուրիշ են լինում։ Ես դա միշտ իմացել եմ և հիմա շատ կարևորում եմ։ Մեր երկու աղջիկները մեծ սիրուց են ծնվել։ Ցանկանում եմ ասել՝ սիրե՛ք իրար և ձեր բալիկներն էլ կծնվեն լուսավոր, պարզ և արևոտ։

 

VOG.am | VOGUE Armenia

General Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Minas Ghazaryan

Fashion Designer: Arpine Koshtoyan

MakeUp, HairStyle: TonVisage

Sweets: PecheChe

Journalist: Ani Hakobyan

Comments


bottom of page