top of page

Exclusive: Վերջերս դա ինձ մի քիչ խանգարում է հանգիստ ապրել․ Արուսիկ Տիգրանյան



Նա լրագրող է, ով միշտ հայտնվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, պարզ հարցերի փոխարեն ստանում բարդ պատասխաններ և հեշտությամբ դուրս գալիս անհասկանալի իրավիճակներից։ Մեր այսօրվա հյուրը լրագրող, այժմ նաև դերասանուհի Արուսիկ Տիգրանյանն է․ ում հետ ունեցանք շատ դրական և տարբերվող ֆոտոշարք, նաև զրուցեցինք իր կյանքի և առաջիկա պլանների մասին։


VOG.am- Արուսիկ, մանկության ամենավառ հիշողությունները ո՞ւմ հետ են կապված։

Արուսիկ Տիգրանյան- Քրոջս։


VOG.am- Ինչո՞ւ հենց լրագրությունը։ Բացի մասնագիտական գիտելիքներից, ի՞նչ է Ձեզ տվել այն։

Արուսիկ Տիգրանյան- Լրագրությունը այնպիսի մասնագիտություն է, որ հնարավորություն է տալիս քեզ առնչվել տարբեր երևույթների հետ, այսինքն դու միշտ լինում ես տարբեր իրավիճակներում, շփվում ես տարբեր մարդկանց հետ, ու հենց այդ հետաքրքրությունը ինձ գրավեց։


VOG.am- Շատերը գիտեն, որ Դուք Ազատ Գասպարյանի թոռնուհին եք։ Ինչպիսի՞ն էին պապ ու թոռ հարաբերությունները։

Արուսիկ Տիգրանյան- Բավականին ջերմ պապիկի ու թոռնիկի հարաբերություններ էին։ Քանի որ ես փոքր էի, երբ պապիկս դեռ կար, խաղում էինք իրար հետ, մի խոսքով բարի ու ջերմ հարաբերություններ էին։


VOG.am- Ուսանողական տարիներին հիմնել եք PINK TV-ին, որը ոլորտում առանձնանում էր իր կրեատիվությամբ և հետաքրքիր միքսերով։ Դեռևս ուսանող լրագրողի համար ստանդարտներից դուրս ձևաչափ մշակելը և նրանում ներկայանալը դժվար չէ՞ր։ Քննադատությունների արժանացե՞լ եք հենց ոլորտի մասնագետների կողմից։

Արուսիկ Տիգրանյան- Մեր ֆակուլտետի դասախոսներից շատերը այդ ժամանակ մեզ օգնում էին և խրախուսում, բայց շատերն էլ չէին հավանում ոճը ու մի անգամ ինձ ասացին, որ դա պոպուլիզմ է ու ես շատ ծանր տարա, այնուամենայնիվ տեխնիկապես բավականին դժվար էր, իսկ բովանդակային առումով ՝ հեշտ, որովհետև մենք անում էինք այն, ինչ ցանկանում էինք, առանց գրաքննության, առանց խիստ օրենքների, իհարկե, պահպանելով լրագրողական հիմնական օրենքները։ Ընկերական միջավայր կար, որը երևի թե ամենակարևոր բաներից մեկն էր։ Հուսով եմ մի օր էլի կհավաքվի այդ թիմը։


VOG.am- «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում Ձեր կողմից տրվող համարձակ և սուր հարցերից հետո մարդիկ կարծես «վախենում» են Ձեզ փողոցում հանդիպելիս։ Հաղորդումից դուրս սա ինչպե՞ս է անդրադառնում Ձեր կյանքի վրա։

Արուսիկ Տիգրանյան- Վերջերս կարդում էի հոլիվուդյան դերասանուհի Լենա Հիդիի հարցազրույցը, ով «Game of Trones»-ում կերտել էր Սերսեայի կերպարը, ով պատմում էր, որ այդ կերպարից հետո մարդիկ զզվում էին իրենից ու դա իր համար կոմպլիմենտ էր, որպես դերասանուհի։ Ինձ թվում է նույնը այստեղ կարելի է համարել։ Ուրեմն կերպարը ստացված է եղել, որ մարդիկ այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս։


VOG.am- Ինչպիսի՞ն չպետք է լինի լրագրողը։

Արուսիկ Տիգրանյան- Ինձ թվում է միանման, անհավես ու ․․․ո՞րն է եղել Ձեր վերջին կարդացած գիրքը․․․ նմանատիպ հարցեր չտվող։


VOG.am- Մինչ այժմ հանդես եք եկել, որպես ժամանցային թեմաներ լուսաբանող լրագրող։ Քաղաքական դաշտը բավականաչափ հետաքրքիր չէ՞։

Արուսիկ Տիգրանյան- Իրականում ես ունեցել եմ նաև քաղաքական թեմայով ռեպորտաժ Ազգային Ժողովից։ Մինչ այժմ իմ ռեպորտաժները կոնկրետ ֆորմատ ունեցող հաղորդման շրջանակներում են եթեր գնացել, այդ պատճառով հիմնականում ժամանցային թեմաներ եմ լուսաբանել։ Եթե մի օր ցանկանամ քաղաքական թեմաներ լուսաբանլ, կանեմ իհարկե, բայց դա ինձ առանձնապես չի գրավում։


VOG.am- Արուսիկ, Ձեզ սիրում ու հետևում են շատերը, դրան զուգահեռ հասարակության մի մասն էլ քննադատում է Ձեզ մարդկանց «ձեռ առնելու» համար։ Հաճա՞խ եք ստիպված լինում մարդկանց ցույց տալ հումորի և «ձեռ առնելու» սահմանը։

Արուսիկ Տիգրանյան- Անկեղծ ասած սկզբնական շրջանում ստիպված էի լինում, բայց հիմա չէ։ Որովհետև ամեն ինչ շատ պարզ է։ Ու հիմնականում մարդիկ ինչպես ուզում, այդպես էլ հասկանում են։ Ձգտում եմ ավելի շատ էներգիա ծախսել աշխատելու, քան այդ աշխատանքը մարդկանց բացատրելու վրա։


VOG.am- «Ֆուլ Հաուս»-ը նորություն էր և թեև այնտեղ Դուք հանդես էիք գալիս, որպես դերասանուհի, այնուամենայնիվ սուր հումորը և կրեատիվությունը կարելի է ասել մշտապես ուղեկցում են Ձեզ։ Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո ստիպված եղա՞ք երկար մտածել։

Արուսիկ Տիգրանյան- Ճիշտն ասած, այո։ Որովհետև կերպարի մասին ինֆորմացիա երկար ժամանակ չունեինք, սպասեցինք մինչև քննարկումներ եղան կերպարի շուրջ ու, երբ արդեն երկկողմանի համաձայնության եկանք սիթքոմի ստեղծագործական թիմի հետ, շատ հեշտությամբ ստացվեց ամեն ինչ։


VOG.am- Ո՞ր պայմաններում Ձեզ հարմարավետ չեք զգա, թե՛ մասնագիտական և թե՛ անձնական առումով։

Արուսիկ Տիգրանյան- Շատ են լինում այդպիսի իրավիճակներ, երբ նկարահանման պրոցեսի ընթացքում ինձ կոմֆորտ չեմ զգում, բայց աշխատում եմ դրան վերաբերվել ավելի պրոֆեսիոնալ, այդ ամեն ինչին նայել ոչ թե կոմֆորտ զգալ կամ չզգալու տեղ, այլ աշխատավայր, որտեղ երբեմն պետք է կոմֆորտ զոնայից դուրս գաս, որ կարողանաս հետաքրքիր արդյունք ունենալ։


VOG.am- Միտք, որն առաջինն է ծագում Ձեր մտքում, երբ արթնանում եք։

Արուսիկ Տիգրանյան- Ժամը քանիսն է։


VOG.am- Հետևո՞ւմ եք նորաձևությանը։

Արուսիկ Տիգրանյան- Ընդհանրապես ես շատ հեռու եմ նորաձևությունից ու շատ ուրախ եմ, որ դրա համար իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ օգնում են, մասնավորպես ոճաբաններ Արմեն Գալյանը և Արամ Նիկոլյանը։


VOG.am- Երևանում կա՞ մի վայր, որտեղ տանում են Ձեր քայլերը, երբ առանձնանալու և մտքերը հավաքելու կարիք եք ունենում։

Արուսիկ Տիգրանյան- Անկեղծ ասած վերջերս ուզում էի նման մի բան կազմակերպել, բայց հասկացա, որ Երևանում նման վայր չկա, որտեղ հնարավոր է մենակ մնալ։ Միշտ ինչ-որ հանրության մեջ ես լինում ու վերջերս դա ինձ մի քիչ խանգարում է հանգիստ ապրել։ Սովորաբար նման դեպքերում գնում եմ քաղաքից դուրս, օրինակ Դիլիջան էի գնացել վերջերս։


VOG.am- Առաջիկա ծրագրերի մասին խոսենք։ Ի՞նչ նորություններ են սպասվում։

Արուսիկ Տիգրանյան- Անկեղծ չգիտեմ։ Կարծում եմ նորություններ շատ են լինելու տարբեր բնույթի, բայց թե որը ավելի շուտ կստացվի և որը՝ ոչ, չգիտեմ։ Մյուս եթերաշրջանը շատ անկանխատեսելի է նաև ինձ համար։


VOG.am

Project Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Minas Ghazaryan

Interview: Ani Hakobyan

Fashion Designer: Arpine Koshtoyan

Ani Avdalyan Image Centre

Make Up: Alina Sargsyan

Ani Avdalyan

Hair Style: Haykuhi

Happy Balloons

Radisson Blu Hotel

More Photos...


bottom of page