VOGUE

Exclusive: Նոր ռեյտինգային նախագիծ "Film's General Actors" խորագրով․ Շուշաննա Թովմասյան|Նորայր Եղյան

Пост обновлен март 2



VOG-ը սկսում է նոր ռեյտինգային նախագիծ "Film's General Actors " խորագրով։

Մեր առաջին և սպասված հյուրերն են "Սիրուն Սոնա" Հ/Ս-ի գլխավոր դերակատարները՝ Նորայր Եղյան և Շուշաննա Թովմասյան։

Երկարատև դադարից հետո նրանք կրկին հայտնվեցին հեռուստաեթերում՝ նոր ասելիքներով և սկզբունքորեն նոր կերպարներով։ Կարճ ժամանակահատվածում նրանց կերպարները դարձան հանրության ամենասիրելին և քննարկվածը։

Դե ինչ, ձեր դատին ենք հանձնում բացառիկ ֆոտոշարքը՝ իր Promo խաղարկային հոլովակով և, իհարկե, հարցազրույցով։


VOG.am

Photographer: Ando Badasyan

Photo editor: Edgar Araqelyan


VOG.am- Շուշաննա, հեռուստադիտողը Ձեզ սկսել է նորովի սիրել "Սիրուն Սոնա"- ի շնորհիվ։ Ֆիլմը, կարծես, սիրվել է շատերի կողմից։ Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ ստացաք առաջարկը։

Շուշաննա Թովմասյան- Իրականում ամեն ինչ շատ հապճեպ ստացվեց: Արդեն դեկտեմբերի վերջ էր և թվում էր, թե դեկտեմբերին ոչ մի նոր նախագիծ չի սկսվում, բայց առաջարկ ստացա ֆիլմի ռեժիսոր/պրոդյուսեր Ելենա Արշակյանից, քննարկեցինք կերպարը, սցենարը, ֆիլմի տևողությունը և այլ մանրամասներ: Որոշվեց, որ ես կնկարահանվեմ և սիրով համաձայնվեցի, չնայած նրան, որ իմ խաղացանկում ունեցել էի նման դերեր, ևս մեկ անգամ որոշեցի կերտել նման կերպար, քանի որ սյուժեն ինքնին շատ հետաքրքիր էր: Ճիշտ է իմ վերջին պրոեկտից հետո ցանկանում էի նկարահանվել սիթքոմում, բայց սիթքոմից առաջարկ չստացա:



VOG.am- Երկարատև դադարից հետո՝ հեռուստադիտողը Ձեզ կրկին տեսավ եթերում, այս անգամ՝ հեռուստասերիալի գլխավոր հերոսի կերպարում։ Կարոտե՞լ էիք հեռուստաեթերը։

Նորայր Եղյան- Հեռուստաեթերը միշտ եմ կարոտում: Կցանկանամ միշտ լինել եթերում, զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ, սիրել ու սիրվել: Գլխավոր հերոսի կերպարում հանդես գալը պարտավորեցնող է շատ: Ներկայանալ մի կերպարով, որով երբեք չես ներկայացել: Մարդիկ սկսեցին բացահայտել ինձ, որպես դերասան, քանի որ շատերն ինձ ճանաչում էին առաջին հերթին որպես հաղորդավար և չգիտեին, որ իմ առաջին ու միակ մասնագիտությունը՝ դերասանի մասնագիտությունն է:



VOG.am- Այսպիսի կերպարը Ձեզ համար, կարծես, նորություն չէր․ Դրամատիկ, ազնիվ, բարի աղջկա կերպարներ կերտել եք բազմիցս։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ ռեժիսորները Ձեզ միշտ տեսել են այսպիսի կերպարում։

Շուշաննա Թովմասյան- Հետաքրքիր հարց՝ որի պատասխանը կցանկանայի իմանալ հենց ռեժիսորներից: Իրենց կողմից միշտ նման առաջարկ եմ ստացել, բայց երբևէ նման խոսակցություն չի գնացել այլ կերպարում հանդես գալու: Երբեմն մինչ նկարահանումները սկսելը, երբ հարցրել եմ՝ ինչո՞ւ հենց այս դերը կամ խոսք է գնացել այլ կերպարի մասին, միշտ ասել են, որ պարզ դեմք ունեմ և, որ դեռ կհասցնեմ այլ կերպարներ կերտել: Երևի դա է պատճառը, որ նման դերեր եմ ստացել:



VOG.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ "Սիրուն Սոնա" հեռուստասերիալում Ձեր կերպարին ծանոթացել եք, ընդամենը, ժամեր առաջ։ Կերպարը, այնուամենայնիվ, Ձեզ հե՞շտ տրվեց։

Նորայր Եղյան- Իրականում կերպարին դեռ ադապտանում եմ: Կյանքում էլ ինչ պատահում է մեզ հետ, պատահում է հանկարծակի: Այն իրավիճակներում, որում հայտնվել է կերպարը, ես ծանոթացել եմ, ընդամենը, մի քանի ժամվա ընթացքում: Այդ ընթացքում պետք էլ չէր ծանոթանալ կերպարի ամբողջական պատմությանը: Ավելի ռեալ եմ կարողանում ներկայացնել և Մելիքի կերպարը կերտելը ինձ մոտ անկեղծ է ստացվում, հատկապես, երբ կերպարիդ զարգացումը քեզ համար էլ է շոկային լինում:



VOG.am- Պատահե՞լ է, որ ներքին կռիվ ունենաք Ձեր կերպարի հետ։ Շուշաննան Սոնայի պես կվարվե՞ր երբևէ։

Շուշաննա Թովմասյան- Վայ, չէ: Տեսարաններ եմ ունեցել, երբ ինքս սրտնեղում եմ իմ կերպարի համար, մտածում եմ, որ ավելի ուժեղ պետք է լիներ, որ ես այդպես չէի վարվի: Կարծում եմ իմ հերոսուհու նման այդքան բարի չէի լինի՝ այն մարդկանց նկատմամբ, ովքեր իր հետ այդպես են վարվել: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, եթե մարդիկ կարողանան այդչափ բարի, նվիրված և ինչու չէ նաև ուժեղ լինել, որովհետև, երբ նման փորձությունից հետո դու ապրում ես շոկ, մարդը սկսում է դրանից ուժեղանալ: Ես հուսով եմ, որ իմ հերոսուհին վերջում ավելի կկոփվի:



VOG.am- Ձեր կերպարը այս հեռուստասերիալում դրական և որոշակի առումով դժվար իրավիճակում հայտնված կերպար է։ Եղե՞լ է, որ ինքներդ մտածեք թե ինչպե՞ս կվարվեիք դուք՝ Մելիքի փոխարեն։

Նորայր Եղյան- Շատ դեպքերում ես կհակառակվեի կերպարին: Ես չէի վարվի այնպես, ինչպես Մելիքն է վարվում․ Ամեն դեպքում ես համաձայն եմ այն փաստի հետ, որ, եթե սիրում ես, ապա պետք է ներես, լսես, սիրո համար պետք է պայքարես և եթե սերն անկեղծ է, այն միշտ էլ կհաղթի:



VOG.am- Ինչպե՞ս ստացվեց նոր խաղընկերների հետ համագործակցությունը։

Շուշաննա Թովմասյան- Ելենա Արշակյանի թիմի հետ չեմ աշխատել, սա իմ առաջին փորձն է: Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ եմ աշխատել, առիթ եմ ունեցել համագործակցելու "Երանի" Հ/Ս-ի շրջանակներում․ Դերասաններ կան, որոնց գիտեի հեռուստատեսությունից, բայց աշխատելու առումով սա առաջին փորձն էր: Ինչ վերաբերում է աշխատել կարողանալուն, փառք Աստծո, երբևէ չի եղել, որ խնդիր ունենամ իմ անմիջական խաղընկերների հետ, շատ շուտ եմ ադապտացվում թիմին և խաղընկերներին: Իմ բոլոր խաղընկերները, այսպես ասած, իմ սրտով են միշտ եղել: Այնպես, որ գործը ընթանում է շատ ավելի հեշտ, խմբակային, որովհետև բոլորս հասկանում ենք՝ ինչի համար ենք հավաքվել:

Միմյանց նկատմամբ լինել լավ խաղընկեր՝ արդեն գործի հաջողության կեսն է:



VOG.am- Նմանության որոշակի գծեր տարե՞լ եք ձեր և Մելիքի կերպարի միջև։

Նորայր Եղյան- Իրականում կան։ Երբ ես հանրությանը ներկայացա, որպես հաղորդավար, իմ եթերային կերպարը նման չէր ինձ: Լինելով մասնագիտությամբ դերասան՝ ինձ հաջողվում էր հանդես գալ ուրախ, ժպտերես, եթերային կերպարում:

Իրականում, ես միշտ փորձում եմ ամեն ինչին ռեալ նայել և փորձում եմ ինքնուրույն դատել՝ ինչ է շուրջս կատարվել, չլսել, թե կողքից ինչ են խոսում, հավատալ իմ տեսածին և լսածին: Իմ ու իմ կերտած կերպարի միակ տարբերությունը դա է․ Կերպարս լսում և հավատում է, իսկ ես մինչև չտեսնեի՝ չէի հավատա:



VOG.am- Մասնագիտական կարիերայում, ո՞րն է եղել ձեր առաջին մեծագույն նվաճումը։

Շուշաննա Թովմասյան- Առաջին հերթին իմ թիրախային և կարևոր դերը, որը ճանապարհ հարթեց դեպի այլ կերպարներ, "Դժվար ապրուստ"-ի Էլենի կերպարն է, որի համար շնորհակալ եմ, որ վստահել են․ Պետք է խոստովանեմ, որ դա այն կերպարն է, որը դեռ 8 տարի անց՝ ասոցացնում են ինձ հետ: Առհասարակ յուրաքանչյուր կերպար վերցնելով՝ ես արել եմ առավելագույնը, ինչ կարողացել եմ, ինչքան որ իմ փորձառությունը հերիքել է, որովհետև համարում եմ, որ, եթե գործին նվիրվում ես ամբողջությամբ, այն չի կարող դրական արձագանք չունենալ: Կերտելով կերպարը՝ դու իրավունք չունես ապրումները, ուղղակի, տեղ չհասցնել:



VOG.am- Նորայր, կա՞ մի դեր, որը մշտապես երազել եք կերտել։

Նորայր Եղյան- Երազել, իրականում, ոչ: Մեծ ցանկություն կար խաղալ այնպիսի կերպար, որը կունենա շատ մեծ ներաշխարհ, իսկ Մելիքի կերպարն այդ մեծ ներաշխարհ ունեցող կերպարն է, որն այս պահին կերտում եմ։

VOG.am- Հնարավո՞ր է՝ հեռուստադիտողը Ձեզ մի օր տեսնի բոլորովին նոր կերպարում, թե՛ ոճային առումով, թե՛ խաղարկային։

Շուշաննա Թովմասյան- Ես կարծում եմ, որ այդպիսի օր կգա․ Սահմանափակում իմ առաջ երբևէ չեմ դրել։ Ես պարբերաբար ասում եմ, որ ինձ համար սկզբունքային չի եղել մշտապես դրական դերեր կերտել, ուղղակի, այդպես ստացվում է։ Պետք է խոստովանեմ, որ հայկական հեռուստաշուկայում այնքան շատ չեն նկարահանվում հեռուստասերիալներ, որ դու պարբերաբար մերժես։ Եվ, եթե նստեմ և սպասեմ այն կերպարի առաջարկին, որը կուզենայի կերտել, գուցե տարիներ տևեն։ Դրա համար դու հարմարվում ես, այնպես չէ, որ ուզած- չուզած, բայց հարմարվում ես, որովհետև լինող բանը կլինի։ Այսինքն խաղալով դրական դերեր՝ չեմ կարծում, որ դա կխանգարի ինձ, երբևէ կերտել դրա հակառակ կերպարները։ Պարզապես պետք է պահը հասունանա, որովհետև ինքս դրան սպասում եմ և ինձ հետաքրքիր կլինի։



VOG.am- Կերպարները հե՞շտ են տրվում ձեզ։ Պատահե՞լ է, որ հասկանաք՝ այնուամենայնիվ այս կերպարը չկարողացա կերտել, չկարողանաք, այսպես ասած, լեզու գտնել կերպարի հետ։

Նորայր Եղյան- Միշտ յուրաքանչյուր կերպար կերտելուց փորձել եմ դեմ չգնալ: Ես փորձում եմ ինքս իմ մեջ արդարացնել կերպարի անելիքները։ Երբ ինքդ քո մեջ գտնում ես արդարացում կերպարի համար, այդ դեպքում ստանում ես լավ արդյունք` ոգևորվում ես քո կատարած աշխատանքից, որը սիրում ես: Եթե դու մտածում ես ավելի երկար և փորձում ես գտնել այն բանալին, որով կերպարը կբացի իր հետագա դռները, քեզ համար ավելի հեշտ է լինում:

Մինչև Մելիքի կերպարը, ինձ տրված բոլոր դերերը տրվել են՝ ելնելով իմ արտաքինից՝ հաշվի չառնելով իմ իրական տեսակը: Դրանք եղել են իմ եսին ոչ համապատասխան կերպարներ, փոխարենը՝ համապատասխանել են իմ արտաքինին: Այս կերպարը, առհասարակ, կապ չունի իմ արտաքինի հետ, ավելի մոտ է իմ ներաշխարհին, որը, չեմ վախենա ասել, որ իմ կողմից ամենասիրված ու սպասված կերպարն է: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանից, ով ինձ տեսավ այս կերպարում: Նա ինձ անձնապես չի ճանաչել, մենք երբևէ չենք համագործակցել և այդ վստահությունը պարտավորեցնող է։

Promo | Video


VOG.am- Առաջիկա ծրագրերի մասին մի փոքր պատմեք։ Այլ պրոեկտներում ներգրավվածություն ունե՞ք։

Շուշաննա Թովմասյան- Նախ պետք է նշեմ, որ բավականին ժամանակատար է հեռուստասերիալներում նկարահանվելը։ Մասնավորապես, եթե դու լինում ես գլխավոր հերոսուհի, քո գրաֆիկը լինում է ծայրահեղ զբաղված և ժամանակ չի մնում ուրիշ զբաղվածություն վերցնելու։ Չգիտեմ, թե որքանով հստակ կլինի, բայց գուցե հետագայում ներգրավված լինեմ ներկայացման մեջ, բանակցությունների փուլում ենք դեռ։ Այս ընթացքում նկարահանվել եմ տեսահոլովակում, որն արդեն եթերում է։ Կան նաև փոքրիկ նախագծեր, որոնց մասնակից կլինեմ, բայց այս պահին ներգրավվածությունս ամբողջությամբ "Սիրուն Սոնա" Հ/Ս-ում է։

VOG.am- Մի փոքր խոսեք Ձեր առաջիկա պլանների մասին: Հնարավո՞ր է, որ "Սիրուն Սոնա"-ից բացի Ձեզ այլ պրոեկտներում ևս տեսնենք:

Նորայր Եղյան- Այս պահին զբաղված եմ մի նախագծում, որը շատ բարդ նախագիծ է: "Սիրուն Սոնա"-ն շատ է սիրվել հանրության կողմից և այս պահին քննարկումների կիզակետում է: Հիմա չեմ ցանկանա մտածել այլ նախագծի մասին, որովհետև, եթե անում ես մի բան, պետք է անես լավ և մինչև վերջ: Երբ հաջողությամբ կավարտեմ այս նախագիծը, կմտածեմ հետագա անելիքիների մասին:


VOG.am | VOG Team | Project Director: Nune Martirosyan Chief Editor: Marine Manjikyan Norayr's styled by: Mexx Armenia Beauty by Julhakyan's

Hair by: Artur Harutyunyan Shushan's styled by: MM Fashion House Make up & hair style by: Ton Visage

Accessories: VOG Photographer: Ando Badasyan

Photo Editor:Yulez | Yulia Piatkova Cameraman: Arthur Soghomonyan Video editing: Vardan Sanoyan

Journalist: Ani Hakobyan Special thanks: Aghababyan's Hotel

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: