________________
VOG.am -ի հյուրն է պարուհի, պարուսույց, մաքսիմալիստ Մարիա Չանդիրյանը, ով հայտնի է մեզ <<Շանթ>> հեռուստաընկերության Out Dance հեռուստասիթքոմից։
Մարիայի հետ ունեցել ենք հետաքրքիր և բովանդակալից հարցազրույց, ինչպես նաև գեղեցիկ ֆոտոշարք։
________________
Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին Մարիայի գեղեցիկ տեսքն ապահովելու համար։
Fashion Designer: MM Fashion House
Accessories: Milarush
Ani Avdalyan Image Centre
HairStyle: Haykuhi Margaryan
MakeUp: Lilit Kostandyan
- Մարիա, մի փոքր պատմեք ձեր մանկությունից: Սերը դեպի արվեստ եկել է հենց մանկությա՞ն տարիներից:
Կարծում եմ, սերը դեպի արվեստ մանկուց չէ ինձ մոտ, քանի որ մեծացել եմ սպորտսմենների ընտանիքում։ Մայրս՝ միջազգային կարգի սպորտի վարպետ է, հայրս՝ վաստակավոր մարզիչ, և այսպիսով ծնված օրվանից մտածել եմ չեմպիոն լինելու մասին և ոչ թե արվեստի։ Տարիներ անց պարզ դարձավ, որ մայրիկիս մանկական երազանքը եղել է պարուհի դառնալը։ Եվ դրանով պայմանավորված նա ինձ 14 տարեկանում ընդունեց պարի, որտեղ և պարզվեց, որ ես արվեստը շատ եմ սիրում։ Իմ կարծիքով մարդիկ ի ծնե բաժանվում են 2 տեսակի․ Ստեղծագործ մարդիկ և կատարող մարդիկ։ Ես ինձ համարում եմ ստեղծագործ մարդ և դրանով է պայմանավորված արվեստ սիրելը, որովհետև արվեստ սիրողը սիրում է ստեղծագործել տարբեր հարթակներում․ դա կարող է լինել պար, կինո, հաղորդավարություն, երաժշտություն, ցանկացած բան։ Մարդը ստեղծագործ է, ես ինձ համարում եմ հենց այդպիսին։
-Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին: Ընտանիքում միայն դու՞ք եք ընտրել պարուհու, դերասանուհու մասնագիտությունը:
Հայրս կտրուկ դեմ է եղել, որ ես լինեմ պարուհի, դերասանության մասին խոսք անգամ գնալ չէր կարող, ասեմ ավելին՝ ընդունելության տարիներին, ես ուզում էի ընդունվել պարարվեստի ռեժիսուրա բաժինը, որին հայրս կտրուկ դեմ եղավ։ Բայց ես մտածում եմ, եթե մարդու սրտում կա ինչ-որ բան, ինչ-որ ոլորտում գործունեություն կատարելու ցանկություն, նա անպայման պետք է իր երազանքի հետևից գնա։ Դե այն ժամանակ երազանքը մի փոքր ավելի մանկական հասկացողություն էր։ Երազում էի լինել պարուհի, նկարահանվեի և այլն, և այլն։ Բայց ժամանակի ընթացքում այդ երազանքը անհետացավ։ Եվ հիմա նպատակս է մարդկանց օգտակար լինելը, օգտակար գործունեություն ծավալելը։ Իմ ստուդիան հիմնականում ոչ թե մեզ ցույց տալու համար է, այլ իմ պարային գործունեության նպատակը մարդկանց օգնելն է իրենց ճանապարհը գտնելու հարցում և ստեղծագործելը։
-Ձեր մուտքը դեպի հեռուստատեսություն եղավ, որպես պարուհի, եթե ճիշտ եմ հիշում, որից հետո ներկայացաք նաև, որպես դերասանուհի. Շատերի համար այն սկսվել է մի շարք դժվարություններով։ Ձեր դեպքու՞մ էլ կային այդ դժվարությունները։
Ես միշտ հակված եմ ասել, որ եթե դու տեսնում ես հաջողակ ու կայացած մարդու, վստահ եղիր, որ դրա ետևում անքուն գիշերներն են, սթրեսը, աշխատասիրությունը, ինչ-որ բանից զրկված լինելը։ Ես մանկուց ունեցել եմ շատ բարդ գրաֆիկ։ Սովորել եմ մասնավոր քոլեջում, շատ լավ սովորել եմ բոլոր առարկաները, դրա հետ մեկտեղ գնացել եմ մարմնամարզության, ջրացատկի և դրանց հետ մեկտեղ համատեղել եմ նաև պարը։ Ես՝ որպես երեխա չեմ ունեցել այդ <<մանկության ազատ օրեր>> ասվածը, որովհետև ես միշտ եղել եմ գրաֆիկի և գործի մեջ։ Հետո այնպես դասավորվեց, որ ստիպված եղա ջրացատկը թողնել և միայն հաճախեցի պարի։ Քանի որ ես մանկուց մաքսիմալիստ էի։ Դեռ փոքրուց սովորել էի, որ պետք է լինեմ լավագույնը, ամենալավը սովորեմ, և ես մաքսիմալիստության և աշխատասիրությանս շնորհիվ հայտնվեցի միանգամից էկրաններին։ 1-ին անգամ հեռուստատեսությունում հայտնվել եմ 12 տարեկանում։ Ռեժիսոր Դոդոն Շարմ Հոլդինգից ինձ նկատեց պարի խմբում և ես նկարահանվեցի տեսահոլովակում։ Այն ժամաակ Տիկ Տոկ, Ինստագրամ չկար, իմ հետևորդներն էլ շատ քիչ էին։ Դրա համար էլ դժվարություն էր հեռուստատեսությունում հայտնվելը։ Դրանից հետո նամակներ եմ ստանում՝ <<դու արդեն հայտնի ես դարձել>>, <<Հեռուստաէկրանին ես երևացել>> և այլն։ Ես էլ չէի հասկանում, թե ինչ է կատարվում, մինչև հեռուստատեսությամբ այդ տեսահոլովակը ցույց տվեցին։ Թվում է՝ պատահական է, բայց իրականում պատահական չէ, քանի որ ես ջանք չեմ խնայել, որ հասնեմ հաջողության։ Ես անչափ շնորհակալ եմ իմ պարուսույցին՝ Քրիստինե Հովակիմյանին, ով իմ կողքին էր։ Սկզբում էդպես հայտնվեցի տեսահոլովակներում, հետո լավագույն պարային նախագծերում, հետագայում նաև սիթքոմում։ Անկեղծ, եթե այդ սիթքոմը չունենար պարային ֆորմատ, ես չէի մասնակցի, բայց քանի որ պարը շատ եմ սիրում և հումորը էնտեղ ցենզուրայից դուրս չէր, հաճելի էր, դրա համար համաձայնվեցի և հանդես եկա որպես դերասանուհի։
-Եղե՞լ են մարդիկ, ովքեր դեմ էին ձեր ընտրությանը:
Ինչպես նշեցի վերևում հայրս էր դեմ, <<ազգն>> էր դեմ, բայց իրենց դեմ լինելը ինձ չխանգարեց, որ ես սովորեմ, կրթվեմ, աշխատեմ, ինչպես նաև պատվով ներկայանամ ոլոտում, որը ես շատ սիրել եմ։ Նշեմ, որ ես դերասանուհու մասնագիտություն որպես այդպիսին չընտրեցի․ չունեմ դերասանի կրթություն։ Ես ստացել եմ քաղաքագետ-լեզվաբանի կրթություն, բայց ցանկություն չունեմ աշխատելու այդ ոլորտում, քանի որ ես ստեղծագործ մարդ եմ։
- Շատերն են մատնանշում կինեմատոգրաֆիայում առկա թերությունները։ Ըստ Ձեզ որո՞նք են այդ թերությունները, և ի՞նչ պետք է անել ոլորտի առաջխաղացման համար։
Կինեմատոգրաֆիայի թերությունների մասին շատերն են խոսում։ Հայ ազգը ունի մի հատկանիշ․ նա խոսում է խնդիրների մասին, բայց չի առաջարկում լուծումներ, որովհետև խնդիրների մասին խոսում է նրա համար, որ վարկաբեկի, գցի, ցածրացնի մյուսի գործը։ Ես այս պահին չեմ պատրաստվում դա անել, միայն մի նկատառում կանեմ։ Առաջարկը չի ծնում պահանջարկ, տվյալ պարագայում պահանջարկն է ծնել առաջարկ։ Այսօր մեր եթերը ողողված է անհեթեթ սերիալներով, ցենզուրայից դուրս սիթքոմներով, դերասանի վարպետություն, կրթություն չունեցող անձանց դերասան համարվելով, Տիկ Տոկից գլխավոր հերոսներ ու հերոսուհիներ ընտրելով և դա լուրջ խնդիր է։ Այդ է պատճառը, որ ես չլինելով դերասանուհի, չեմ համարում, որ պետք է իմ կարիերան շարունակեմ այդտեղ։ Եթե ինչ-որ ռեժիսոր կլինի, կհավանի ինձ որպես կերպար, վստահ կլինի, որ ես կկարողանամ մաքսիմում շատ լավ կատարել տվյալ դերը, ես կհամաձայնեմ, բայց ես այդ մեծամտությունը չունեմ, որ մտածեմ և արտահայտեմ իմ կարծիքը կինեմատոգրաֆիայի թերությունների վերաբերյալ։ Դրա համար կան մտքի <<գիգանտներ>>, ում, ցավոք սրտի, ժողովուրդը չի նկատում, ականջ չի տալիս։ Իսկ դա գալիս է նրանից, որ մենք հպարտացել ենք։ Իսկ լուծում այս պահին չեմ կարող առաջարկել, որովհետև մեր ազգը շատ է սիրում բամբասանքի թեմաներ, լաց ու կոծ, ծեծ ու ջարդ ու դրա համար էլ իրենց տրվում է դա, մարդիկ էլ դրանով իրենց ռեյտինգն են ապահովում և իրենց գումարն են աշխատում։ Հիմա չգիտեմ՝ ով է մեղավորը՝ առաջարկողը, թե պահանջողը։
-Կա՞ ժանր, որտեղ ձեզ դեռ չեք փորձել, բայց շատ կուզեիք:
Ո՛չ, կարծում եմ նման ժանր չկա։ Ես տեսակով այնպիսին եմ, երբ ինչ-որ նպատակ եմ ունենում, կամ հետաքրքրություն անկախ ոլորտից, ես հաստատ հայտնվում եմ այդտեղ, փորձում եմ, աշխատում եմ այնքան, մինչև ինձ մոտ ստացվում է։ Էնպես որ փորձ որպես այդպիսին չկա, որ շատ կուզեի լիներ ու չեմ արել։
-Երբևէ եղե՞լ են հիասթափություններ, որոնք ինչ-որ պահի ստիպել են մտածել, որ ընտրությունը սխալ էր ու պետք է հետ կանգնել ընտրած աշխատանքից
Հիասթափություններ աշխատանքի ոլորտում չեն եղել, որովհետև ես ինչ-որ արել եմ, միշտ արել եմ սիրով և անում եմ սիրով, բայց ես ավելի ճկուն եմ․ այսինքն՝ եթե ես հասկանում եմ, որ օրինակ այս մյուս ոլորտում իմ օգտակարությունը ավելի բարձր է, ես սկսում եմ զբաղվել այդ ոլորտով։ Ես սիրում եմ պարը, բեմը։ Բայց բեմում, եթե պետք է պարեմ որպես <<подтанцовка>> ոչ թե մեծ մյուզիքլ, կամ գեղեցիկ ներկայացում, դրա փոխարեն ես նախընտրում եմ ստուդիայում երեխաներին կրթեմ, մարդկանց առողջությունը բարելավվեմ, ողնաշարը ուղղեմ։ Ավելի լավ է զբաղվեմ բեմադրիչի և պարուսույցի գործունեությամբ, քան լինեմ բեմում։
-Ինչպե՞ս եք վարվում, երբ ընտրության առաջ եք կանգնում ՝ երկու կարևոր բաների միջև։
Կյանքը ի սկզբանե մեր ծնված օրվանից ընտրություն է։ Եվ ամբողջ կյանքը՝ չարի և բարու ընտրություն։ Երբ որ գալիս է ընտրություն կատարելու ժամանակը ես լինում եմ սթափ և զգոն և կշեռքի երկու նժարին եմ դնում տվյալ իրավիճակը և հասկանում եմ՝ որն է կարևոր, որն է ճիշտ, արդար, իսկ որն է ուղղակի էմոցիոնալ <<կերակուր>> պահի ազդեցության տակ և մեծամասամբ ճիշտ ընտրություն եմ կատարում։ Եվ ես իմ մտքում Աստծուց խնդրում եմ իմաստություն ճիշտ ընտրություն կատարելու համար։
-Կա՞ ինչ–որ մեկը, ումից միշտ ինչ–որ բան ունեք սովորելու։
Ես միշտ բոլոր մարդկանցից մի բան սովորում եմ։ Կան մարդկային իրավիճակներ, պատմություններ, որոնցից կարելի է շատ բան քաղել։ Բացի այդ եթե դու ունես անալիտիկ ուղեղ, ինչը ինձ մոտ շատ զարգացած է, դու կարողանում ես վերլուծել, հասկանալ պատճառը, թե որտեղից է ծագել և ինչու ոչ նաև դրանից կարող ես որևէ բան սովորել։ Նաև իմ <<ներսի>> ձայնին էլ եմ լսում և այն միշտ ինձ օգնում է և ճիշտ ուղու վրա է դնում։ Կարծում, որ <<ներսի>> ձայնը հենց Աստված է, ով ինձ միշտ ուղեկցում է։
-Շարունակեք հետևյալ միտքը. երջանկությունն ինձ համար…
Երջանկությունն ինձ համար փրկության մեջ է, որովհետև ես չեմ տեսել մի մարդու, ով չունի փրկություն, բայց երջանիկ է։
-Կյանքում կա՞ կարգախոս, որով առաջնորդվում եք։
Կարգախոս որպես այդպիսին չունեմ, բայց ունեմ երկու խոսք, որոնք ինձ միշտ օգնում են։ Առաջինը՝ այն ինչ-որ աչք չտեսավ և ականջ չլսեց, դա է պատրաստել Աստված իրեն սիրողին, երկրորդ կարգախոսը օգտագործում եմ ամենադժվար ժամանակաշրջանում՝ այն արցունքը, որ թափում ես այսօր, չի կարող համեմատվել այն երջանկության, փառքի հետ, որը ապագայում սպասում է քեզ։ Երկուսն էլ վերցված են Աստվածաշնչից։
-Մարիա, վերջերս համացանցում տեղադրել եք Ձեր և Ձեր նշանածի լուսանկարները, հոլովակները: Գիտեմ, որ Ձեր ինստագրամում պատմել եք Ձեր ծանոթության մասին ու նաև նշել, որ նշանածը բավականին խիստ է հագուստի ընտրության հետ կապված: Հիմա հարց, արդյոք դժվար չի եղել այդ սահմանափակումների միջով անցնել.
Եվ արդյո՞ք, եղե՞լ են սահմանափակումներ, որոնք քննարկել եք և հասկացրել, որ տվյալ արարքի մեջ այդքան էլ վատ բան չկա:)
Դարը փոխվել է այնքան, որ նորմալը և աննորմալը խառնվել են իրար։ Այսինքն՝ այն ինչ-որ ի սկզբանե պետք է նորմալ չհամարվի, հիմա համարվում է նորմալ։ Ես էնպես չէ, որ սիրում եմ բաց հագնվել կամ կարճ հագնվել, ես սիրում եմ հարմար հագնվել։ Մեր հասարակության մեջ ունենք <<չտես>> մարդկանց տեսակ, ում համար քո հարմար հագուստը կարող է բաց թվալ։ Իսկ ինչ վերաբերում է նման կենցաղային փոքրիկ հարցերին, ապա դրանք լուծվում են միասին քննարկելով, որևէ եզրահանգման գալով, երկուսս էլ արտահայտում ենք մեր տեսակետները և գալիս ենք ճիշտ հանգուցալուծման։
-Մի փոքր պատմեք նաև ձիգ մարմին ձեր նախագծի մասին։ Ինչպե՞ս է առաջացել միտքը: Արդյո՞ք Հայաստանում աշխատում է այդ նախագիծը. Գո՞հ եք:
Ծրագրի մտահղացումը ստեղծվել է, երբ ես կարողացել եմ հաղթահարել քաշիս խնդիրը, երբ ունեցել եմ մոտիվացիայի պակաս, չեմ հետևել առողջ սննդակարգին։ Մարզումները օգնում են, որ բարձրանա քո ինքնագնահատականը, ունենաս ավելի շատ ուրախության հորմոններ և այլն։ Եվ սրանով պայմանավորված որոշել եմ մի նախագիծ սկսել հատուկ այն կանանց համար, ովքեր երեխա ունեն, չեն հասցնում իրենց հետևել, մոռացել են իրենց մասին։ Ես օնլայն ծրագրեր եմ սկսել, որպեսզի իրենք էլ մի փոքր լիցքաթափվեն, հանգստանան։ <<Ձիգ մարմին>> նախագծում մինիմալ բարդ վարժություններ են, որոնք մաքսիմալ օգուտ են տալիս աղջիկներին, կանանց։ Իսկ աշխատանքի մասով, եթե չհիասթափվենք և շարունակենք աշխատել, ապա կսովորեցնենք մեր ժողովրդին գնահատել մեզ․ հետո մեր աշխատանքը։ Ես համենայն դեպս չեմ հանձնվելու և նույնը խորհուրդ կտամ մյուսներին էլ։
-Եվ վերջում, ի՞նչ հարց եք հաճախ ինքներդ ձեզ տալիս, որի պատասխանը դեռ այդպես էլ չեք գտել։
Ես կարդացի հարցը 3 անգամ, և հասկացա, որ ես չունեմ նման հարց, որի պատասխանը ես չունեմ, որովհետև հարցերը ես բաժանում եմ 2 տեսակի․ հարցեր, որոնք քեզ կաճեցնեն, կբարձրացնեն, իսկ դրանց պատասխանները ես միշտ ունեմ, փնտրում, գտնում եմ և կան հարցեր, որոնք քեզ իջեցնելու, ցածրացնելու համար են։ Նման հարցերի շուրջ ես չեմ էլ մտածում։
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Photographer: Milen Manukian / Icon
Journalist: Lusine Sargsyan
Fashion Designer: MM Fashion House
Accessories: Milarush
Ani Avdalyan Image Centre
HairStyle: Haykuhi Margaryan
MakeUp: Lilit Kostandyan
Comments