VOG.am-ը խելահեղ ֆոտոշարք և բովանդակալից հարցազրույց ունեցավ բոլորի կողմից գրեթե միշտ, որպես բացասական կերպար մարմնավորող, բայց իրականում շատ դրական, անկեղծ ու անմիջական դերասան Հայկո Հովհաննիսյանի հետ:
VOG.am- Հայկո, դու քո առաջին քայլերը սկսել ես դեռ մանկուց՝ «Քաղաքավարության կանոններ» մանկական հաղորդումով. Կպատմե՞ս մի փոքր, ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ, առաջարկն ո՞ւմ կողմից ստացար:
Հայկո - Սովորում էի երգի պետական թատրոնում. Կարծեմ իմ էթիկայի ուսուցչուհի՝ Իլոնա Հովհաննիսյանից ստացա հրավերը և հայտնվեցի «Հայրենիք» հեռուստաընկերությունում:
VOG.am- Դու սովորել ես երգի պետական թատրոնի՝ վոկալ էստրադային բաժնում: Ինչո՞ւ որոշեցիր սովորել այնտեղ. Ընտրությունը քոնն է եղե՞լ, թե՞ ծնողներինը:
Հայկո - Որոշումը կայացրել են ծնողներս, որի համար, շնորհակալ եմ: Երգի պետական թատրոնը ինձ շատ օգնեց՝ ազատվեցի ինչ-որ կոմպլեքսներից և ծանոթացա հետաքրքիր մարդկանց հետ:
VOG.am- Ի՞նչ ես կարծում այսօրվա մեր երիտասարդությունը, ովքեր ցանկություն ունեն դառնալ դերասան, պարտադիր պայմա՞ն է բարձրագույն դերասանական կրթությունը:
Հայկո - Միանշանակ, պարտադիր պայման է՝ սովորել, կարդալ, զարգանալ: Կրթությունը շատ կարևոր է: Հնարավոր է, դու հայտնվես հեռուստատեսությունում, քեզ նկարահանեն, խաղաս ներկայացումներում, բայց սովորելը շատ կարևոր է: Բայց այնպես էլ չի, որ ով սովորում ու ավարտում է, դառնում է դերասան:
VOG.am- Դու, այն եզակիներից ես, որ չունենալով բարձրագույն դերասանական կրթություն՝ ունես շատ մեծ շնորք, որն ամենից կարևորն է. Կասե՞ս այդքան կարևորելով բարձրագույն կրթությունը ինչպե՞ս ստացվեց, որ չնդունվեցիր:
Հայկո - Ի սկզբանե ցանկությունս շատ մեծ է եղել սովորելու թատերական ինստիտուտում: Ցավոք սրտի առաջին անգամ չստացվեց, փորձեցի երկրորդ անգամ, բայց քանի որ ես ծույլ էի ու ընդանրապես չէի սիրում կարդալ, երկրորդ անգամն էլ կտրվեցի՝ երրորդ քննությունից:
Ծույլ լինելը լավ բան չէ:
VOG.am- Հայկո, քո կերտած դերերը, գրեթե բոլորը եղել են բացասական և հանդիսատեսը քեզ միշտ պատկերացնում է բացասական կերպարում: Դու նշել ես նաև, որ նախընտրում ես կերտել բացասական կերպար. Այժմ դու քեզ պատկերացնո՞ւմ ես դրական որևէ կերպար կերտելիս:
Հայկո – Միանշանակ, պատկերացնում եմ: Կցանկանամ տարբեր կերպարներ մարմնավորել, բայց ինձ ավելի հոգեհարազատ է բացասական կերպարը: Բացասական կերպարների մեջ ես ավելի շատ գույներ եմ տեսնում:
VOG.am- Դերեր ընտրելու հարցում, կա՞ն որևէ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում կհամաձայնես նկարահանվել տվյալ սերիալում կամ նախագծում:
Հայկո – Իհարկե, բայց դեռ չեմ հանդիպել: Եթե կերպարի մեջ ինչ-որ գիծ լինի, որը ընդանրապես չհավանեմ, բնականաբար, չեմ նկարվի ու եղել են նման օրինակներ:
VOG.am- Հայկո, ընդունո՞ւմ ես դիմացինիդ քննադատությունները:
Հայկո - Քննադատություններ ընդունում եմ: Բայց անկեղծ, ուշադրություն չեմ դարձնում, այսինքն ինձ համար կարևոր չէ դիմացինի կարծիքը. Ես տեսակով այդպիսին եմ: Չի հետաքրքրում, բայց ծանր էլ չեմ տանում:
VOG.am- Ունեցե՞լ ես այնպիսի դեր, որը կերտելիս շատ մեծ կապվածություն ես զգացել քո և մարմնավորող կերպարի միջև:
Հայկո – Երևի չէ, չի եղել: Ամեն կերպարի մեջ ինձնից ինչ-որ մի մասնիկ կա, եթե ոչ մասնիկներ, բայց մեծամասամբ, որ կերպարը համապատասխան լինի ինձ ու իմ իրական աշխարհին, ոչ, այդպիսի կերպար չեմ ունեցել:
VOG.am- Կերտելով այդքան բացասական կերպարներ, և միևնույն ժամանակ լինելով այդքան լավ ու անկեղծ մարդ, չի խանգարո՞ւմ արդյոք դա, այս ասպարեզում:
Հայկո – Շնորհակալ եմ: Ոչ, ընդանրապես, ինձ ավելի շատ օգնում է: Ինչքան բացասական ու վատ էներգիա ունես թողնում ես նկարահանման վայրում՝ տեսախցիկից այն կողմ և ավելի լավ ու դրական էներգիայով զբաղվում ես, քո աշխատանքով կամ գնում ես տուն:
VOG.am- Ի՞նչ է տալիս քեզ հեռուստատեսությունը և ի՞նչ ես վերցնում դու հեռուստատեսությունից:
Հայկո – Հեռուստատեսությունը ինձ՝ ճանաչում, իհարկե: Անկեղծ, չգիտեմ ես ինչ եմ տալիս հեռուստատեսությանը, բայց ինձ թվում է ինչ-որ մի բան տալիս եմ:
VOG.am- Հայկո, եղե՞լ է ժամանակահատված, երբ ուղղակի ցանկություն չես ունեցել երևալու հեռուստաէկրաններից այն կողմ:
Հայկո – Այո, շատ վաղուց է եղել: Անգամ տանից դուրս չեմ ուզեցել գալ ու ինձ խանգարել են այն հայացքները, որ զգացել եմ դա ինչ-որ սերիալից է: Եղել է ժամանակ, որ դա ինձ ուղղակի դուր չի եկել: Ցանկություն չի եղել, որ ինձ ճանաչեն, որպես դերասան կամ սերիալներից հայտնի ինչ-որ մեկը: Ցանկացել եմ ուղղակի լինել սովորական անցնող մարդ, որին վատ հայացքներ չեն նետում:
VOG.am- Կա՞, որևէ ֆիլմ, որն անվերջ կարող ես դիտել և չհոգնել:
Հայկո - Մեր հին ֆիլմերը շատ եմ սիրում: Երևի ամեն անգամ դիտելիս ինչ-որ ֆիլմի ասելիք ինձ համար ուրիշ է լինում՝ նոր տպավորություններ, զգացողություններ, նոր բացահայտումներ կան ու նոր միտք է քեզ հասնում: «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը շատ եմ սիրում ու երևի տարին 30-50 անգամ դիտում եմ:
VOG.am- Մարդկանց մեջ ամենաշատն ի՞նչն ես գնահատում:
Հայկո – Անկեղծությունը, բայց դա այն անկեղծությունը չէ, որ ուղղակի շաբլոն է դարձել, որ բոլորը անկեղծ են: Ինձ համար շատ քիչ անկեղծ մարդ կա. Առհասարակ ում ես ճանաչում եմ, այդ մարդկանց մեջ շատ քչերն են անկեղծ:
VOG.am- Շրջապատում ինպե՞ս ես ընտրություն կայացնում, նախապատվությունը ո՞ւմ ես տալիս, ինչպիսի՞ մարդկանց:
Հայկո – Անկեղծ, հետաքրքիր, ամենակարևորը չկոմպլեքսավորված ու կյանքը սիրող մարդկանց եմ սիրում: Չափված-ձևած մարդկանց չեմ սիրում:
VOG.am- Ազատ ժամանակ ինչո՞վ է սիրում զբաղվել Հայկո Հովհաննիսյանը:
Հայկո – Անկեղծ, էլ չեմ սիրում ազատ ժամանակ ունենալ. Հոգնել եմ շատ, որովհետև ինձ համար արդեն շատ էր ազատ ժամանակը:
Ինձ համար ստաբիլ բան չկա, որ սիրեմ դրանով զբաղվել, ինչ մտքիս գա, դա էլ կանեմ:
VOG.am- Հայկո, առաջիկայում ի՞նչ նորություններով հանդես կգաս դու:
Հայկո – Առաջիկայում սպասենք լավ նորությունների:
Interview: Marine Manjikyan
Photography: Katrin Salvatore
Model: Mari
Dress: Arpine Koshtoyan
Ani Avdalyan Image Centre
Make up: Alina Sargsyan
Hair style: Narine Rashoyan
Bass Boutique Hotel
Comentários