Exclusive: Այդ մասին չեմ բարձրաձայնել ոչ մի անգամ. Գևորգ Գրիգորյան
Updated: May 21, 2020

Երիտասարդը ճանաչելիություն ձեռք բերեց մի շարք հեռուստասերիալներում նկարահանվելով` բավականին հաջողված դերերով նա կարողացավ մեծ լսարան և հանդիսատես ձեռք բերել: Այսօր մենք նրան անսպասելիորեն տեսնում ենք մոտոցիկլի վրա:
VOG.am-ը զրուցել է դերասան, Motor Club-ի անդամ Գևորգ Գրիգորյանի հետ:
VOG.am- Գևորգ, ձեզ տեսնում ենք էկրաններին, բավականին հաջողված կերպարներ մարմնավորելիս, բայց անսպասելիորեն մեծ շրջադարձով դուք հայտնվում եք երկաթե նժույգի վրա և բացատրությունը նշում եք՝ անսպասելի. Նախկինում դուք չեք զբաղվե՞լ մոտոցիկլ վարելով:
Գևորգ- 5-6 տարի զբաղվել եմ մոտոցիկլ վարելով, բայց այդ մասին չեմ բարձրաձայնել ոչ մի անգամ, ուղղակի վերջերս մարդկանց դա հայտնի դարձավ:


VOG.am- Դուք նշել եք, որ չեք սիրում հարթ ճանապարհով քայլել, դա կարելի է հասկանալ այսպես, որ դուք հեշտությամբ ձեռք բերվածի հետ չեք հաշտվում այլ սիրում եք դժվարություններ հաղթահարելով հասնել ձեր նպատակին:
Գևորգ- Դժվարությունը պետք չէ ինքնանպատակ դարձնել, երբ ինչ-որ մի նոր հետաքրքրություն ես ուզում կյանքում ունենալ, որը այդքան էլ հեշտ չի տրվում, անցնում ես շատ դժվարությունների միջով՝ հաղթահարելով ամեն մի խոչընդոտ, ճանապարհդ դարձնում ես ավելի հետաքրքիր և լուսավոր, որն էլ համարում ես քո հաղթանակը:


VOG.am- Անիվների վրա ապրելով, շրջելով տարբեր երկրներ ձեր ցանկությունը մեկն է՝ բացահայտել տվյալ երկիրը և դառնալ նրա մասնիկը, բայց դա բավականին դժվար և երկար ժամանակ է պահանջում. Արդյո՞ք դուք կարողանում եք կարճ ժամանակահատվածի մեջ տեղավորվել:
Գևորգ- Այդ ամենը 1 շաբաթ կամ 10 օր չի տևում, մոտ 3-4 ամսվա ընթացքում եմ կարողանում բացահայտել տվյալ քաղաքի կենցաղը, վարքն ու բարքը, այնուհետև դառնում եմ նրա կենցաղի մի մասնիկը: Ձեռք եմ բերում ընկերներ, որոնց օգնությամբ կարողանում եմ բացահայտել ինձ հետաքրքրող բոլոր երևույթները:


VOG.am- Ձեր բնավորությունից ելնելով հասկանում ենք, որ դուք սիրում եք շարժուն և ադրենալինով լեցուն կյանք. Ինչպե՞ս եք կարողանում ձեր շրջապատում համախմբել նմանատիպ մարդկանց:
Գևորգ- Իրականում ադրենալինով ապրելը և սիրելը տարբեր երևույթներ են. Օրինակ մարդիկ կան, որ սիրում են, բայց դրանով ապրել դժվարանում են. Դրանից ելնելով համախոհներ գտնելը մի փոքր բարդ է: Համենայնդեպս կարողացել եմ գտնել այնպիսի ընկերներ, որոնք մտածում, ապրում են ինձ պես և մենք կարողանում ենք միասին վայելել ամեն մի վայրկյանի հաճույքը:


VOG.am- Մոտոցիկլի վրա դուք պահը վայելելով արագընթաց սլանում եք. Ինչպե՞ս եք կարողանում ձեր ուշադրությունը կենտրոնացնել չվնասվելու, չբախվելու պահերից զերծ մնալուց:
Գևորգ- Աստիճանաբար փորձ ձեռք բերելով, կարողանում եմ գրեթե 360 աստիճանով հետևել իմ շուրջը կատարվող երևույթներին: Վարելու ընթացքում կարողանում եմ հետևել, և՛ ճանապարհին, և՛ հիանալ տեսարաններով, առանց ուշադրությունս շեղելու:


VOG.am- Մոտոցիկլ վարելիս, դուք ադրենալին ազատություն վայելո՞ւմ եք. Այդ պահի տպավորության գեղեցկությունը կկիսե՞ք մեզ հետ:
Գևորգ- Մոտո վարելը ադրենալին չէ, բայքը սպորտ չէ: Մեծ տարբերություն կա բայքի ու չոպպեռի մեջ. Սպորտ բայքով գնում ես ասֆալտի վրայով, իսկ չոպպեռով ասֆալտն ինքն է անցնում մոտոյի տակով: Մոտո վարելու ընթացքում է միայն, որ միտքդ ու մարմինդ նույն տեղում են, ո՛չ անցյալ, ո՛չ ապագա. Երկուսն էլ ներկայում են՝ մարմինդ ու միտքդ:
Մեքենա էլ եմ շատ սիրում, ունեցել եմ, բայց վաճառել եմ. Մոտոն ավելի հարազատ տարբերակ է, որի օգնությամբ կարողանում եմ կտրվել բոլոր մտատանջող երևույթներից:



VOG.am- Ձեր կապը բայքերների հետ ինչպե՞ս եք պահպանում, ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում և մոտակա ժամանակներս ի՞նչ միջոցառում ունեք:
Գևորգ- Ամբողջ մայրցամաքում, այսինքն Եվրոպական և Ասիական հատվածներով մինչև Թայլանդ շրջագայության ընթացքում ձեռք բերելով բայքեր ընկերներ, դարձել եմ միջազգային մոտո կլուբի անդամ, այնուհետև դուրս եմ եկել այնտեղից և ցանկություն ունեմ Հայաստանում հիմնադրել իմ մոտո կլուբը, որտեղ կլինեն իմ գաղափարակիցները և հույս ունեմ, որ մի օր էլ միջազգային ճանաչում ձեռք կբերենք: Հիմա այդքան էլ լավ ժամանակ չէ, որովհետև սեզոնի փակումը շուտով կնշենք, քանի որ ձյան առկայության դեպքում վարելը դառնում է անհնարին, անգամ ասֆալտի սառնությունը թույլ չի տա հանգիստ մոտո վարել: Սեզոնի փակման հետ մեկտեղ կնշենք նաև մոտո կլուբի բացումը. Հույս ունեմ, որ երկուսը միասին կհամատեղենք:


Օրը ինչպե՞ս եք սկսում:
Արթնանում, սրճում և ծխում՝ մոտ 6-20 հատ:
Արտահայտություն, որը շատ հաճախ եք անում...
Ռուսերենով հայհոյանք է, որը չեմ կարող ասել:
Ձեր ամենատարօրինակ սովորությունը...
Որպես տարօրինակ սովորություն՝ այդպիսին չունեմ, թե ուրիշները ի՞նչ կնկատեն չգիտեմ:


Մարդկային ինչպիսի՞ խառնվածք չեք սիրում:
Լավ ու վատ ինձ համար չկա, ես սիրում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան:
Երազանք, որ դեռ անկատար է...
Երազանքներս շատ են՝ Էվերեստի և Անապուռնայի 8000 մետրանոց սարերում լինել, Ամերիկայում մոտո վարել, երեխա ունենալ և անտառում մի գեղեցիկ տնակում բնակվել:
All photos
Interview: Tatka Musheghyan
Photographer: Nune Sargsyan