Նա դերասանուհի է, ում մեջ ամփոփված են կյանքի բոլոր գույները և խենթությունները։ Նա, ինչպես ինքն է ասում, պարզ մարդ է, բարդ մտքերով։
VOG.am-ի հյուրը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է։
VOG.am- Անահիտ, նախ շնորհավորում ենք Ձեզ կանանց միամսյակի կապակցությամբ՝ ցանկանալով հարատև կանացի երջանկություն և անսպառ ժպիտներ։
Անահիտ, տասնվեց տարեկանում կպատկերացնեի՞ք, որ մի օր Ձեզ փողոցում կտեսնեն, կճանաչեն, կսիրեն։ Ապագայի պլանները բեմի հե՞տ էին կապված։
Անահիտ Կիրակոսյան- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, փոխադարձ շնորհավորում եմ։
Տասնվեց տարեկանում պարզապես կերազեի այդ մասին, սակայն բեմի հետ կապված պլաններ կային, քանի որ տասնյոթ տարեկանում դեռևս Թատերական ինստիտուտ չընդունված ՝ թատրոնում ստացա իմ առաջին դերը։ Այդպիսով մեկ տարվա ընթացքում երազանքս դարձավ նպատակ և իրականացավ։
VOG.am- Ի՞նչը Վանաձորից Ձեզ հասցրեց Երևան։ Ին՞չ դժվարություններ եք ունեցել այս ճանապարհին։
Անահիտ Կիրակոսյան- Շատ եմ սիրում իմ Վանաձորը, սակայն երկար ճանապարհ անցնելու համար, բնականաբար, հնարավորություններ են պետք, իսկ փոքրիկ քաղաքում շատ ավելի բարդ է։ Երևանը տալիս է այդ հնարավորությունները քո մասնագիտության մեջ է՛լ ավելի առաջ գնալու։ Բնականաբար, ձգտումս գրավել էր մեծ բեմեր, ես սկսեցի քայլել այդ ճանապարհով և հաջողությունը ինձ ընդառաջ եկավ։ Հաջողության հասնելուց հետո էլ չեմ մոռանում իմ արմատները, շատ եմ սիրում Լոռին, Վանաձորը և ջերմ ողջունում եմ բոլորին։
VOG.am- Չորս երեխաների մայր եք, սակայն դրան զուգահեռ հասցնում եք նկարահանվել մի շարք նախագծերում։ Ինչպե՞ս եք կառավարում ժամանակը։
Անահիտ Կիրակոսյան- Զբաղվածությունս, բնականաբար, մեծ է, բայցևանպես որքան զբաղվածությունը մեծ է, այնքան կարողանում ես ժամանակը ճիշտ օգտագործել և փառք Աստծո դեռ հասցնում եմ ընտանիքիս օգնությամբ, երեխաներիս և իհարկե, ժամանակը ճիշտ գնահատել կարողանալու օգնությամբ։ Շնորհակալ եմ ամուսնուս, ինձ միշտ հասկանալու և կողքիս լինելու համար։
VOG.am- Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Ձեր տարիքը չիմանայիք:
Անահիտ Կիրակոսյան- Ինձ համար կարծես կյանքը կանգ է առել 21 տարեկանում։ Զարմանալին այն է, որ տասնյոթ տարեկանում տալիս էին ավելի մեծ, հիմա տալիս են ավելի փոքր։ Բայց ընդհանրապես տարիքը զգացողություն է, ոչ թե ինչ-որ թվեր։
VOG.am- Անահիտ, ի վերջո Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:
Անահիտ Կիրակոսյան- Ես ինչ անում եմ հավատով եմ անում և հավատում եմ իմ արածին։ Ու առհասարակ առանց հավատի, որևէ քայլի գնալը պարտություն է։ Պետք է ամեն ինչի մեջ սեր, հավատ ու հույս դնես։
VOG.am- Ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ։
Անահիտ Կիրակոսյան- Ընդհանրապես մարդկանց մեջ շատ եմ գնահատում շնորհակալ լինելու ունակությունը։ Դա շատ կարևոր գիծ է։ Ես շնորհակալ եմ շատ-շատ բաների համար։ Այն, որ ապրում եմ, շնչում եմ, կամ ու գոյություն ունեմ, ունեմ հրաշալի աշխատանք ու շրջապատ։ Ամեն փոքր բանի համար շնորհակալ եմ։
VOG.am- Սերը գույն ունի՞։ Ո՞րն է սիրո Ձեր գույնը։
Անահիտ Կիրակոսյան- Սերն ինձ համար ծիածան է իր բոլոր գույներով։
VOG.am- Ինչի՞ շուրջ եք զրուցում ինքներդ Ձեզ հետ։
Անահիտ Կիրակոսյան- Մտքերը, որ ինձ հուզում են, տանջում են կամ իմ ներսում են ավելի շատ արտահայտում եմ ստեղծագործություններիս միջոցով։ Ավելի շատ զրուցում եմ կիթառիս հետ։
VOG.am- Ո՞րն է Անահիտ Կիրակոսյանի երջանկության բանաձևը։
Անահիտ Կիրակոսյան- Երջանկությունը բանաձև չունի կարծում եմ։ Ես դեմ եմ բանաձևերին։ Յուրաքանչյուր մարդու համար յուրովի է երջանկությունը։ Ես իմ երջանկությունը արդեն գտել եմ։
VOG.am- Ձեզ հասկանալը հե՞շտ է։
Անահիտ Կիրակոսյան- Կարծում եմ, այո։ Ես պարզ մարդ եմ բարդ մտքերով։
VOG.am- Ի՞նչը երբեք չեք ների։
Անահիտ Կիրակոսյան- Ամեն ինչ կներեմ։ Պետք է միշտ ներել կյանքում։
VOG.am- Չկա ավելի կարևոր բան, քան...
Անահիտ Կիրակոսյան- Այն կյանքը, որ մեզ տրված է։ Գնահատեք այն, սիրեք և բարի եղեք մարդիկ․․․
VOG.am
Project Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Interview: Ani Hakobyan
Photographer: Arman Petrosyan
Fashion Designer: Arpine Koshtoyan
Ani Avdalyan Image Sentre
Hair style: Ani Avdalyan
Make up: Alina Sargsyan
Grig PhotoStudio
Comments