VOGUE

Ցանկացել եմ ցույց տալ ոչ թե պատերազմը, այլ դրա հետևանքով մարդու ունեցած կորուստները. Արևիկ Սիմոնյան


Ազգային դետալներ, կորսված հայրենիքի ցավալի անցյալ, քրիստոնեական հավատքի ձգտում և խաչի զորություն` այս ամենի համադրության արդյունքում ծնված արվեստի նմուշները շատ դիպուկ նկարագրում են «Kivera Brand»-ի ցուցադրությունը:

Դիզայները` Արևիկ Սիմոնյանը, պատերազմի ցավը և դրանից հետո կյանքը վերարժևորելու գաղափարը սահուն և նկատելի կերպով ներկայացրել էր ստեղծած իր բոլոր կերպարներում:

Դիզայները մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր 8 սրահի: Յուրաքանչյուրը ներկայացված էր մի խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորուստ», «Դատարկություն»:

Յուրաքանչյուր սրահ թե´ հագուստի դիզայներական լուծումներից, և թե ստեղծած լուսային և ձայնային էֆեկտների միջոցով միանգամից հասկանալի էր դարձնում, թե որ սրահում է հանդիսատեսը, իսկ դիզայները այդ կերպ ավելի հասանելի էր դարձնում իր իսկ հոգեվիճակը: Այս ցուցադրությունը հիմնված էր զգացմունքների վրա:

Ցուցադրության գաղափարը ծնվել էր հետպատերազմյան շրջանում: Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարևորության շեշտադրումը:

«Հայի ճանապարհը միասնական լինելն է: Մեր նպատակը հավաքածուի հանրայնացումը կամ նոր գաղափարների տարածումը չէր: Մեր նպատակի հիմքում մեր հավատքն է: Ուզում էինք ցույց տալ, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ու դա պատահական չէ: Ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս, ոչ թե ասի՝ հետաքրքիր էր, այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,- նշում է Արևիկը:

Ցուցահանդեսը կրում էր «H20» խորագիրը. ջուր, որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում արցունք, ուրախանում ենք՝ կրկին արցունք: Մենք կնքվում ենք ջրով... Իսկ այս հավաքածուն ստեղծելիս փորձում էինք հասկանալի մատուցել այս գաղափարը: Սա ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան՝ հագուստային»,- ասում է ցուցադրության համակազմակերպիչ, «Արունիկ» ֆոնդի հիմնադիր Արուսյակ Ստեփանյանը:

«Ցանկացել եմ ցույց տալ ոչ թե պատերազմը, այլ դրա հետևանքով մարդու ունեցած կորուստները: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու անցնելիք ճանապարհը. ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Ու մենք պետք է ընտրենք բարին, լինենք մեր եկեղեցու, հավատքի կողքին, այդպես կարող ենք շատ մեծ ու լուսավոր ճանապարհ ունենալ»,-ասում է դիզայները: Այս ցուցադրությունը պատրասվում են ներկայացնել ևս 7 երկրներում:

Առաջին սրահ |Երկինք|


Երկրորդ սրահ |Մկրտություն|



Երրորդ սրահ |Օրհնություն|


Չորորդ սրահ |Մեղսագործություն|


Հինգերորդ սրահ |Ցավ|




Վեցերորդ սրահ |Կորուստ|



Յոթերորդ սրահ |Դատարկություն|




VOG.am / VOGUE Armenia

Fashion Journalist: Arus Mirzoyan

Text: Armine Gevorgyan

Photographer: Marianna Petrosyan