VOGUE

Ցանկացած աշխատանք պետք է սիրով կատարել. Նունե Նավասարդյան


Լարային գործիքները որպես կանոն քիչ են նախընտրում սովորել, որովհետև այն սովորելը դժվար է և գլխավորը՝ պետք է օժտված լինես բացառիկ ունակություններով: VOG.am-ը զրուցել է դասախոս, քանոնահարուհի Նունե Նավասարդյանի հետ. VOG.am-ի ֆոտոշարքում Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաներն են և Նունե Նավասարդյանը:

VOG.am- Ինչո՞ւ քանոն. Ի՞նչը գրավեց գործիքի ընտրության հարցում:

Նունե- Իմ գործիքի ընտրության հարցում ծնողներս են օգնել. Ես սովորելու ընթացքում եմ սկսել սիրել իմ գործիքը, նրա հնչողությունը, տեմբրը: Այն ժամանակ հեռուստատեսությունը պարբերաբար ներկայացնում էր ժողովրդական խմբեր, որոնք շատ-շատ էին, թե' պրոֆեսիոնալ, թե' ինքնագործ, և ուղղակի հնարավոր չէր չսիրել քանոնը:

VOG.am- Այլ է մոտեցումը, եթե նախընտրում ես սովորել քանոն՝ սիրողական տարբերակով, այլ է պատասխանատվությունը, եթե որոշում ես կայացնում դառնալ մասնագետ. Ընտրության հարցում ունեցե՞լ եք երկընտրանք և տարիների դժավարությունները տեսնելով հիասթափություններ ունեցե՞լ եք:

Նունե- Սկզբնական շրջանում դժվար է հաստատ որոշել, որ պետք է դառնաս քանոնահար, որովհետև փոքր տարիքում ես ընդունվում դպրոց և դեռ առջևում տարիներ կան, որոնք կարող են ամեն ինչ փոխել, բայց ինձ մոտ սկզբունք կա. Դա իմ աշակերտներին էլ եմ բացատրում, որ ցանկացած գործ պետք է սիրով կատարել, պետք է աշխատել, պետք է դժվարություններից չվախենալ և աշխատանքը կտա իր արդյունքը: Ժամանակի ընթացքում սկսում ես ավելի լավ նվագել, լավ ստեղծագործություններ կատարել, բեմեր բարձրանալ, ծափել և մրցանակներ ստանալ և արդեն դժվար է հրաժարվելը այս գեղեցիկ ճանապարհից:

VOG.am- Ո՞րն է Ձեր այցեքարտը երաժշտական աշխարհում։

Նունե- Իմ այցեքարտն՝ իմ աշակերտներն են, որոնք ներկայացնում են իրենց, դպրոցին և ինձ որպես ուսուցչուհի՝ տարբեր համերգների, մրցույթների և փառատոնների ժամանակ. Նրանց հաջողությունը՝ իմ հաջողությունն է:

VOG.am- Մի փոքր էլ խոսենք ձեր նվաճումների մասին. Իհարկե, երաժշտասերներին ևս մեկ անգամ հետաքրքիր կլինի լսել:

Նունե- Ես արդեն 32 տարվա աշխատանքային փորձ ունեմ և 26 տարի արդեն աշխատում եմ Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում, նաև Զովունիի երաժշտական դպրոցում (26տարի): Այս տարիների ընթացքում շատ աշակերտներ եմ ունեցել, որ շարունակել են իրենց կրթությունը երաժշտակսն ոլորտում, որոշել են դառնալ երաժիշտ: Աշակերտներս մշտական մասնակցում են հանրապետությունում և նաև դրսում կայանալիք բազում մրցույթ-փառատոնների (Արտ մյուզիք միջազգային մրցույթ-փառատոն, Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն, Արվեստի սերունդ միջազգային մրցութ-փառատոն, Սայաթ Նովա հանրապետական մրցույթ-փառատոն, Ոսկե տավիղ հանրապետական մրցույթ-փառատոն և Վրաստանում` Նարնջագույն Քոբուլետի), Թբիլիսիում կայանալիք մրցույթում և ստացել ենք շատ բարձր մրցանակներ` Գրան պրի (մեծ մրցանակ),1,2,3 կարգի դափնեկիրներ և դիպլոմակիրներ:

VOG.am- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ քանոնահարներին:

Նունե- Սկսնակ քանոնահարուհիներին խորհուրդ կտամ սիրել գործիքը և գործիքը կսիրի իրենց: Պետք է շատ աշխատել, պարապել և հաջողությունները չեն ուշանա:

Interview: Marine Manjikyan

Photographer: Katrin Salvatore

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: