VOGUE

Վստահ ենք և հավատում ենք, որ մենք կարող ենք. «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոն


Օրերս Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հատուկ կարիքներ ունեցող անձանց մասնակցությամբ իրականացվեց «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոն, որի նախաձեռնողը Հայաստանում SOAR բարեգործական հիմնադրամն էր։ Փառատոնին մասնակցեցին 8-45 տարեկան շուրջ 150 հատուկ կարիքներ ունեցող մարդիկ Երևանից, Վանաձորից, Գյումրուց, Կապանից և ՀՀ այլ քաղաքներից, համայնքներից: «Ես կարող եմ» -ը տեղի ունեցավ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում, մեկնարկեց մայիսի 24-ին և ավարտվեց մայիսի 27-ին: Մասնակիցների գերակշիռ մասը ՀՀ մանկատների և հաշմանդամ մարդկանց խնամքի կենտրոնների սաներն էին ու բնակիչները։

Մրցապայքարներ ծավալվեցին բոչիա, սեղանի թենիս, էստաֆետային խաղեր, բասկետբոլ և թիավարություն մարզաձևերում, անցակցվեց ֆուտբոլի ընկերական խաղ, կազմակերպվեցին սեղանի թենիսի և բոչիայի մարզումներ:

VOG.am-ը զրուցեց SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան գլխամասի գործադիր տնօրեն Հռիփսիմե Մուրդյանի հետ:

Հռիփսիմե Մուրադյանը խոսեց այս փառատոնի բուն նպատակի, հետագայում ֆինանսական գործընկերներ ձեռք բերելու և այլ հարցերի շուրջ:

Հռիփսիմե Մուրադյան – Նմանօրինակ փառատոն կազմակերպելու գաղափար-առաջարկը պատկանում է SOAR հիմնադրամի պատվավոր անդամ Չակ Հաջինյանին, իսկ «Ես կարող եմ» խորագիրը՝ Արմինե Խաչիկյանին: Մենք անչափ ոգևորվեցինք այս գաղափարներով և շատ կուզեինք, որ հետագայում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար շարունակական դառնան այսպիսի տոները։ Լիահույս ենք, որ ապագայում կունենանք գործընկերներ, քանի որ ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջվում: Վստահ ենք և հավատում ենք, որ մենք կարող ենք:

Փառատոնի մարզաթիմերը կազմավորվել են իրենց գործին անմնացորդ նվիրված, պրոֆեսիոնալ մասնագետների և մարզիչների կողմից մի քանի ամիս տևած մարզումների արդյունքում` հաշվի առնելով մասնակիցների ֆիզիկական և մտավոր կարողությունները։

Սա մեր իրականացրած ամենաընդգրկուն նախագիծն էր։ Մեր հիմնադրամը մի շարք մանկատների հետ համագործակցության բազմամյա փորձ ունի. տարիներ շարունակ բազմաբովանդակ ծրագրեր ենք իրականացնում երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում` ի նպաստ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կենսապայմանների բարելավման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման: «Ես կարող եմ»-ը այդ հաստատությունների հետ աշխատելու հերթական առիթն էր, պետք է նշել նաև, որ հնարավորության սահմաններում փառատոնին ներգրավել ենք հաստատություններից դուրս հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ևս։

VOG.am-ը զրուցեց նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մասնակցությամբ սպորտային փառատոն կազմակերպելու գաղափարի հեղինակ Չակ Հաջինյանի հետ: Նա մեզ պատմեց, թե ինչպես է ծնվել փառատոնի գաղափարը:

Չակ Հաջինյան – Ես ծանոթ եմ աշխարհահռչակ այն ջութակահարի պատմությանը, ով առաջին անգամ բեմ է դուրս եկել, իսկ հանդիսատեսը լքել է դահլիճը: Այս պատմության շնորհիվ ես շատ բան եմ հասկացել։ Հասկացա, որ նրանք իսկապես սուրբ են և աստավածաշնորհ: Եվ մենք նրանց հանդեպ ունեցած մեր սիրով կարող ենք նրանց աչքերը, նրանց ձեռքերը դառնալ…

Ես վստահ եմ, որ իմ ընկերները, ամբողջ աշխարհում ի սփյուռ SOAR գլխամասերը, տեսնելով իմ լուսանկարները միջոցառման ընթացքում և թե ինչպիսի աշխատանք է կատարվել, ֆինանսավորելու պատրաստակամություն կհայտնեն, և գալիք տարիներին նույնպես կիրականանա այս փառատոնը։


Ալեքսանդր Դիարյան՝ սեղանի թենիսի գլխավոր մարզիչ:

Ալեքսանդր Դիարյան - Արդեն 2 տարի է, ինչ գործում է հաշմանդամ մարդկանց սեղանի թենիսի ֆեդերացիան, և մենք հաճախ ենք մասնակցում մրցաշարերի: Սիրով համաձայնեցինք մասնակցել այս փառատոնին ևս, քանի որ վստահ կարող եմ ասել` նման նախագծերը մեծ գործն են անում հաշմանդամ մարդկանց ոգևորելու և ներշնչելու առումով. նրանք վստահություն են ձեռք բերում, որ իրենք կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն: Այս օրերին տեսնելով նրանց ուրախությունը` մեծ ուժ ենք ստանում, նաև համոզվում, որ ճիշտ մոտեցումներ ենք ցուցաբերում, և առաջիկա տարիներին ամեն բան նրանց համար շատ ավելի լավ է լինելու: Քիչ առիթներ են լինում, որ հաստատությունների երեխաները մի քանի օր շարունակ ուրախանալու, տոնական միջավայրում շարունակաբար լինելու այսպիսի առիթներ ունենան։ Այս առումով «Ես կարող եմ»-ը առանձնակի է տարբերվում:


Գևորգ Բեգլարյան՝ փառատոնի սեղանի թենիսի մրցաշարի չեմպիոն

Գևորգ Բեգլարյան - Հրավերը ստացել ենք SOAR-ից և փառատոնին մասնակցել ենք մեծ ոգևորությամբ։ Սեղանի թենիսի մրցաշարում առաջին տեղը գրավեցի, ինչն ինձ շատ ոգևորեց, քանի որ ամեն մի հաղթանակ տալիս է նոր շունչ, առաջ գնալու նպատակ և պայծառ ապագայի երազանք:


VOG.am-ը զրուցեց նաև փառատոնի մասնակիցներից մի քանիսի հետ:

Գալինա - Ես 12 տարեկան եմ: Պարապում եմ բոչա, բայց մեկ-մեկ չի ստացվում: Ես այստեղ արդեն ունեմ նոր ընկերներ, և դա ինձ շատ է դուր գալիս:


Ագաբի –37 տարեկան եմ: Ուրախ ու անհոգ օրեր եմ անցկացրել այստեղ: Մասնակցել եմ թիավարության մրցաշարին, և գրավել ենք 3-րդ տեղը: Գիտեք` ես սիրում եմ նաև բնություն նկարել։

Պարգևատրման հանդիսակարգը կազմակերպվեց Ծաղկաձորի հրապարակում: Պարգևատրումն իրականացրին աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, UNESCO-ի մրցանակակակիր և ջրասուզալողորդ Շավարշ Կարապետյանը, սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական փոխչեմպիոն Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը և այլք:

VOG.am-ը զրուցեց հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի հետ: Նա խոսեց «Ես կարող եմ» նախագծի և իր զգացողությունների մասին:

Արսեն Ջուլֆալակյան – Միշտ մեծ ուրախությամբ մասնակցում եմ շատ նախագծերի, և այս փառատոնն էլ բացառություն չէր։ Անչափ կարևորում եմ նմանատիպ միջոցառումները, որոնք ուղղված են սպորտի մասայականացմանը, և որին մասնակից են հաշմանդամ մարդիկ: Գերազանց նախաձեռնության նշանակությունն այն է, որ հատուկ կարիքներ ունեցող անձինք իրենց հասարակության լիիրավ անդամ զգան, զգան, որ ոչնչով չեն տարբերվում մյուսներից և ունեն հնարավորություն՝ մրցելու, հաղթելու և զգալու հաղթանակի բերկրանքը:

Անբացատրելի են զգացողություններս. միայն այն, որ տեսնում եմ երեխաները ուրախ են և երջանիկ, ինքս էլ երջանկանում եմ: Երբ զգում ես, որ քո ներկայությամբ դրական լիցքեր ես հաղորդում, շփումը նրանց հետ ոգևորության նոր շունչ է տալիս: Յուրաքանչյուր նախագիծ, որ այսքան մարդ է հավաքում, և որի շուրջ տիրում է դրական մթնոլորտ, պետք է շարունակական բնույթ ունենա: Հուսամ` այդպես էլ կլինի, և ես իմ համեստ ներդրումը կունենամ դրանում, իսկ դուք էլ կշարունակեք ակտիվորեն լուսաբանել այսօրինակ միջոցառումները:




















Marine Manjikyan

Tatka Musheghyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: