VOGUE

Պետք է քո ստեղծած կերպարը, հենց քեզ ինքնավստահություն ներշնչի. ոճաբան Նարինե Սիմոնյան



2020 թվականը շրջադարձային եղավ նաև նորաձևության արդյունաբերությունում: Բազմաթիվ կարևոր ամսաթվեր չեղյալ համարվեցին: Արդյունքում չկայացան բազմաթիվ նոր հավաքածուների ցուցադրություններ, ինչպես նաև դադարեցվեցին նորաձևության շաբաթները. «Կարելի է ասել այս տարի նորաձևության արդյունաբերությունում անպասելի լռություն էր տիրում, սակայն արդեն այսօր, ամբողջ աշխարհում սահմանափակումները կամաց-կամաց մեղմացվում են և մարդկանց աստիճանաբար սկսում է հետաքրքրել ոճային և նորաձև կերպարներ ունենալու ցանկությունը»:


Այսօր նորաձևությունում առաջնային տենդենցը դա հարմարավետությունն ու ապահովությունն է. «Այն ամենը, ինչը նախկինում ուղղակի անձնական հիգիենայի պահպանման միջոցներ էին համարվում, ապա այժմ դրանք մտել են նորաձևություն: Դիմակը, ձեռնոցները այսօր նորաձև դրսևորումներ են ձեռք բերել և, կարելի է ասել, որ «թրենդերն են» համարվում»:

Գույներից պետք է ուշադրություն դարձնել, իհարկե, տարվա գույնին, որն ըստ Pantone-ի համարվում է կապույտի դասական երանգը. «Բացի կապույտը այստեղ պետք է առանձնացնել նաև նյուդային երանգները, պիստակագույնի, կանաչի մուգ երանգի անցումները, վարդագույնի բաց երանգները, նարնջագույնը»:

Չհեռանալով ամռանը զգեստապահարանը թարմացնելու մասին խորհուրդներից` ոճաբան Նարինե Սիմոնյանը ներկայացրեց մի քանի թրենդեր և հետաքրքիր լուծումներ, որոնք նորաձև կլինեն սպասվող սեզոնին. «Նորաձևությունն այսօր հարմարավետությունից չհեռանալով շարունակելու է oversize հագուստները պահել թրենդային: Վերնաշապիկների, շապիկների ընտրության հարցում կրկին նախապատվությունը տալիս ենք հագուստի լայն ձևվածքներին: Այն գրագետ կրելու դեպքում հրաշալի կքողարկի նաև մարմնի կառուցվածքի թերի կողմերը: Պետք է առանձնացնել հագուստի ասիմետրիկ, անհամաչափ կտրվածքներն ու անհամաչափ ձևվածքները: Այս թրենդը չի վերաբերում միմիայն վերնահագուստներին:

Շարունակելով պետք է նշել նաև հագուստների շերտավոր համադրությունները, օրինակ` կրել միասին կորսետներն ու շապիկները: 2020 նորաձևությունում կորսետներն իրենց ուրույն տեղն ունեն և բավականին հաջողված թրենդ են համարվում: Հիմա հաճախ կարելի է տեսնել կորսետները թե' ամենօրյա, թե' երեկոյան կերպարներում. ուղղակի գրագետ համադրություն է հարկավոր:

Չպետք է մոռանալ նաև ջինսերի մասին: Ցանկալի է նախապատվությունը տալ վերևից ներքև ուղիղ իջնող, երկարաճիտ տաբատները, իսկ եթե ոչ ջինս, ապա պետք է նախապատվությունը տալ վերևից ներքև լայնացող տաբատներին: Այս դեպքում ևս ցանկալի է, որպեսզի կոշիկը ծածկող ձևվածքներ լինեն: Բերմուդա շորտերին ևս պետք է ուշադրություն դարձնել: Դրանք տաբատի լայն ձևվածքներով են, որոնք կարելի է համադրել բլեյզերների հետ` այդ թվում տարբեր գույների: Ամառային նորաձևություն են ուզում վերադառնալ նաև ցածր գոտկատեղով տաբատները, սակայն արդեն լայն տարբերակներով:

Կոշիկներից նորաձև են սուր և քառակուսի դիմային կտրվածքներով տարբերակները: Մինիմալիստական լուծումներով և հաստ տակացուներով կոշիկները: Ամռանը պետք է ուշադրություն դարձնել նաև կոստյումների ժիլետներին և նմանատիպ ձևվածքներին, որոնք կարելի է կրել ինչպես շապիկների, այնպես էլ առանց դրանց: Սա այն թրենդն է, որի նկատմամաբ նորաձևությունը ծայրահեղ մոտեցում ունի: Այն կարող է դառնալ թրենդային և միանգամից հակաթրենդ»:


Աքսեսուարների ընտրության հարցում նորաձևությունն այս սեզոնի համար ևս մեծ հնարավորություններ է տալիս: Նարինե Սիմոնյանն առանձնացնում է դրանցից մի քանիսը, որոնք ամռանը բացի նորաձև լինելուց, նաև հարմարավետ կլինեն. «Պետք է խոսել, իհարկե, պանամա գլխարկներից, այդ թվում տարբեր գույների: Դրանք բացի նորաձև լինելը նաև պետքական աքսեսուարներ են համարվում ամռան տապին: Իրենց տեղը չեն զիջի ծղոտանման պայուսակներն ու գլխարկները, հաստ և կարճ շղթաները` այդ թվում ամեն գույնի: Ականջօղերից դասական տարբերակները կրկին նորաձև են, ինչպես նաև երկրաչափական կտրվածքներով օղերը` մեկը երկար, մյուսը կարճ դիզայններով, տարբեր գույներով և այլն: Փոքր շարֆիկները, որոնք կարելի է բազմաթիվ ձևերով կիրառել. բանդանայից մինչև վարսերն այլ կերպ հարդարելու տարբերակներով»:


Թրենդերից խոսելիս, իհարկե, հարկավոր է առանձնացնել այն, որ մարդիկ պետք է հավատարիմ մնան իրենց ոճին և փորձեն այն, ինչն իրենց հաճույք է պատճառում, քանի որ ներաձևությունն ինքն իրենով բարձր տրամադրություն հաղորդող արվեստ է. «Պետք է քո ստեղծած կերպարը, հենց քեզ ինքնավստահություն ներշնչի»:


VOG.am | VOGUE Armenia

Journalist: Arus Mirzoyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: