top of page
Writer's pictureMarine Manjikyan

Մինչև օրս ծառայում եմ երգին, այլ ոչ թե մտածում, որևէ երգ երգեմ, որ ճանաչվեմ․ Գոհար Հովհաննիսյան



Շատերը նրան ճանաչեցին «Չորս տարբերակ» հայտնի խմբից, իսկ այժմ արդեն անհնար է պատկերացնել ժողովրդական երաժշտությունն առանց նրա անարատ ձայնի։

VOG.am-ի հյուրը ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանն է։


VOG.am- Գոհար մի փոքր պատմեք Ձեր մասին։ Որտե՞ղ եք մեծացել:

Գոհար Հովհաննիսյան- Ծնվել, մեծացել եմ Երևան քաղաքում, սասունցիների ընտանիքում։ Հայրս սասունցի է, մայրս՝ մշեցի։ Մեծացել եմ այդ ոգով՝ պահպանելով ազգային երգն ու պարը։ Ծնողներիցս շատ բան եմ սովորել, որովհետև մեր յուրաքանչյուր ուրախություն քեֆի է վերածվել։ Այդ միջավայրում եմ մեծացել։

VOG.am- Տարիներ առաջ, երբ նոր էիք ներկայանում հեռուստադիտողին, հանդես էիք գալիս «Չորս տարբերակ» խմբի կազմում։ Թեև խումբը երկար կյանք չունեցավ, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ այն որոշիչ դեր խաղաց Ձեր հետագա գործունեության մեջ։

Գոհար Հովհաննիսյան-Այս հարցի շուրջ խոսել եմ բազմիցս։ Մենք շատ մտերիմ ընկերներ ենք եղել և որոշել ենք պարզապես մի գեղեցիկ նախագիծ ստեղծել՝ տարբեր երաժշտական ժանրերից բաղկացած, ընտրել ենք երգեր, երգել ենք միասին, բայց ի սկզբանե գիտեինք, որ խումբը երկար կյանք չի ունենալու։ Հետագայում ամենքս շարունակեցինք մեր գործունեությունը մեր երաժշտական ժանրի մեջ։

VOG.am- Երբ նոր էիք սկսում Ձեր գործունեությունը երգարվեստում, որպես ժողովրդական երգչուհի, կպատկերացնեի՞ք, որ տարիներ հետո ժողովրդական երգը այսքան մեծ պահանջարկ կունենա։

Գոհար Հովհաննիսյան- Ասեմ, որ երբեք չես պլանավորում, երբեք չես պատկերացնում, պարզապես, եթե քո արյան մեջ է, այդպես էլ պետք է լինի։ Ի սկզբանե պլանավորած ոչինչ չի լինում, արվեստը քո ներսում պետք է լինի։ Երգել եմ ութ տարեկանից, երգել եմ անկախ ինձնից և առանց երգի ինձ չեմ պատկերացրել։ Մինչև օրս ծառայում եմ երգին, այլ ոչ թե մտածում, որևէ երգ երգեմ, որ ճանաչվեմ։ Ես միշտ ասում եմ, որ ժողովրդական երգը այնքան ձայն չի պահանջում, որքան ոգի, գիտակցություն, որը պետք է դնել երգի մեջ։

VOG.am- Երաժշական ընտանիք ունեք։ Հետաքրքիր է Ձեր երեխաները ժառանգե՞լ են ծնողների երաժշտական գեները։

Գոհար Հովհաննիսյան- Ինձ համար երազանք է եղել, որ տղա ունենամ, ով իմ նման կերգի։ Երբ տղաս ծնվեց, տանել չէր կարողանում երգ–երաժշտությունը և անընդհատ, նամանավանդ համերգներին, թույլ չէր տալիս, որ երգեմ։ Շատ է եղել, որ ինքը չի մասնակցել համերգներին, որովհետև լացում էր, չէր ցանկանում մնալ։ Բայց վերջերս նկատում եմ, որ օրինակ մեքենայի մեջ նստած ինքն է սկսում երգել, ինքն է ընտրում ինչ երգ լսել։ Թեև ամուսինս ասում է, որ պետք չի, որ երեխան անպայման քո գործը շարունակի։ Ու ես միշտ ասում եմ, եթե տղաս սկսի երգել, ես կթողնեմ երգը։


VOG.am- Ստեղծագործական ի՞նչ փուլում եք գտնվում։ Նորություններ կա՞ն։

Գոհար Հովհաննիսյան- Շատ կարևոր նախագիծ ունենք հիմա։ Վերջերս հրավեր ունեցա մի շատ սիրելի կոմպոզիտորից՝ Մաժակ Թոշիկյանից, ով «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» հայտնի երգի հեղինակն է։ Նա Գևորգ Էմինի բանաստեղծության հիման վրա երգ է գրել և համացանցով շատ պատահաբար լսելով իմ ձայնը որոշել է, որ ես պետք է երգեմ այդ երգը։ Ինձ համար այսպիսի համագործակցությունը նորություն է, քանի որ կոմպոզիտորների երգեր, որպես այդպիսին չեմ կատարել, երգել եմ հիմնականում գեղջկական, մեր ակնունքներից եկող երգերը։ Բայց կոմպոզիտորի հետ եկանք համաձայնության և որոշեցինք, որ ես պետք է երգեմ այդ երգը, որը համալրվեց պարային, սյուժետային շատ գեղեցիկ բեմադրությամբ։ Պարային բեմադրությանն իրենց գեղեցիկ մասնակցությունն են ունեցել իմ շատ սիրելի ընկեր՝ Արման Ջուլհակյանի «Նարեկ» պարային համույթը, մենակատար Մելինե Առաքելյանը և բալետմայստեր Սևակ Ավետիսյանը, ինչպես նաև «Արմեններ» դհոլահարների խումբը՝ ղեկավար Գուրգեն Թամրազյանի գլխավորությամբ։

Պրեմիերան տեղի ունեցավ Սունդուկյան թատրոնում, իսկ մայիսի 6-ին պատրաստվում ենք այն ներկայացնել նաև Ստամբուլում։

VOG.am- Գոհար, Ձեզ ուժեղ մարդ համարո՞ւմ եք։

Գոհար Հովհաննիսյան- Իհարկե։


VOG.am- Ասում են հիշողությունները որոշակի հոտ ունեն։ Ո՞ր հոտն եք ասոցացնում Ձեր մանկության հետ։

Գոհար Հովհաննիսյան- Իմ մանկությունը դաշտի, գյուղի հոտի հետ եմ ասոսացնում, որովհետև ես պաշտում եմ այդ հոտը։ Երբ գյուղ եմ գնում, անպայման պետք է իջնեմ դաշտ, քայլեմ, որովհետև դա իմն է։

VOG.am- Անկեղծության Ձեր սահմանը մինչև ո՞ւր կարող է հասնել։

Գոհար Հովհաննիսյան- Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։


VOG.am- Երջանկությունը բանաձև ո՞ւնի։

Գոհար Հովհաննիսյան- Անկեղծ ասած բանաձևեր չեմ սիրում։ Երջանկությունն ինձ համար այն է, որ ինձ շրջապատող մարդկանց տեսնեմ առողջ և իմ կողքին ու թող, ր իրենց ամենատխուր օրը ինձ հետ անցկացնեն։


VOG.am

Interview: Ani Hakobyan

留言


bottom of page