VOG.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիներին։ Այս անգամ փորձել ենք բացահայտել Կամերային թատրոնի դերասան Զիրոյանին։ Նա հեռուստադիտողին հայտնի դարձավ գեղարվեստական ֆիլմերից և հումորային սիթքոմներից, իսկ վերջերս նրա տաղանդը փայլեց նաև երգարվեստում։ Երգիչ-դերասանը VOG.am-ի հետ զրույցում պատմեց թատրոնում գործունեություն ծավալելու, երգարվեստում հայտնվելու և առաջիկա ծրագրերի մասին։
VOG.am - Մինչև թատրոնում հայտնվելը աշխատել եք ամենատարբեր ոլորտներում։ Ի վերջո կանգ առաք թատրոնում։ Ինչո՞ւ հենց այստեղ որոշեցիք կայանալ։
Զիրոյան- Հնարավոր է կանգ չառնեի ու ամբողջ կյանքս փնտրտուքների մեջ լինեի, բայց թատրոնն ինձ կանգնեցրեց ու վստահ եմ՝ կշարունակեմ քայլել ու կայանալ այս ոլորտում:
VOG.am - Վերջերս լույս տեսավ Ձեր և դերասանուհի Հասմիկ Դանիելյանի տեսահոլովակը։ Շնորհավորում ենք այդ առիթով։ Կպատմե՞ք, թե ինչպե՞ս ստեղծվեց այս հետաքրքիր միքսը։
Զիրոյան- Շնորհակալ եմ: Հասմիկի հետ լավ ընկերներ ենք, երկուսս էլ սիրում ենք երգել, ունենք համեստ երաժշտական տվյալներ: Տևական ժամանակ մտածում էինք զուգերգ ունենալու մասին և Ռիչարդ Մադլենյանի օգնությամբ կյանքի կոչեցինք մեր մտահղացումը:
VOG.am - Սերիալներից ու սիթքոմներից հետո, այժմ հեռուստադիտողը Ձեզ տեսնում է Women’s club -ում։ Կանանց հետ աշխատելը դժվար չէ՞։
Զիրոյան-Դժվարության մասին չեմ մտածել, բայց վստահ կարող եմ ասել, որ հետաքրքիր է և շատ հաճելի:
VOG.am - Հայացք նետելով Ձեր կենսագրությանը, կարող ենք ասել, որ բազմազանություն սիրող մարդ եք։ Հնարավո՞ր է մի օր տեսնենք Զիրոյանին բոլորովին նոր մասնագիտության մեջ։
Զիրոյան- Ոչինչ չեմ բացառում, բայց հիմնովին փոփոխություն էլ չեմ պատկերացնում:
VOG.am - Երգի՞չ, թե՞ դերասան Զիրոյան։ Ո՞րն է ավելի հոգեհարազատ։
Զիրոյան- Երկուսն էլ նույն կերպ հոգեհարազատ է, առհասարակ, չեմ տարանջատում իրարից. Ես երգող դերասան եմ:
VOG.am - Ի՞նչը կարող է ազդել Ձեր որոշումների վրա։
Զիրոյան- Միանշանակ չեմ կարող ասել, գուցե շատ բան, գուցե և ոչ մի բան, կախված է որոշմանս կարծրությունից:
VOG.am - Դժվարին իրավիճակներում հումորը փրկո՞ւմ է։
Զիրոյան- Իհարկե, տեղին հումորը բոլոր իրավիճակներում փրկարար է:
VOG.am - Ո՞ր հատկություններն են մարդիկ Ձեր մեջ առաջինը նկատում։
Զիրոյան- Թերևս այս հարցին ավելի լավ կպատասխանեին ընկերներս, բայց ես էլ իմ հերթին կառանձնացնեմ՝ պատասխանատվությունն ու հավատարմությունը:
VOG.am - Անձնական կյանքին ժամանակ մնո՞ւմ է։
Զիրոյան- Երբեմն այո, երբեմն էլ ոչ):
VOG.am - Եթե հնարավորություն ունենայիք մի ակնթարթ տեղափոխվել անցյալ, ի՞նչը կփոխեիք։
Զիրոյան- Չգիտեմ, գուցե շատ բան, ընդհուպ մինչև ամեն ինչ, գուցե և ոչինչ, ի վերջո, այսօր էլ, վաղն էլ անցյալ է դառնալու ու վստահ չեմ՝ այն, ինչ անում եմ հիմա, վաղը փոխելու հնարավորություն կուզեի, թե՞ ոչ:
VOG.am - Ո՞րն է Զիրոյանի կյանքի օրենքը։
Զիրոյան- Երջանիկ ու հանգիստ ապրելու համար պետք է ներել մարդկանց:
VOG.am - Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ VOG.am-ը հաջողություն է մաղթում Ձեր առաջիկա աշխատանքներին:
VOG.am
Interview: Ani Hakobyan
Comments