VOGUE

Հիմա պատրաստ չեմ բաց հայտարարել, բայց երևի իրավիճակը կհանգեցնի այդ որոշմանը. Աննա Հակոբյան


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ:

Աննա Հակոբյանին հարցեր են ուղղվել ինչպես մասնագիտական՝ լրագրության ոլորտից, այնպես էլ առաջին տիկնոջ կարգավիճակում անելիքներից։

Հիշեցնենք նաև, որ երեկ Երևանի պետական համալսարանում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր անցկացրել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տա: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ուսանողների՝ ռեկտորի հրաժարականին ուղղված բողոքի ակցիաները, Աննա Հակոբյանն ասաց, որ սա այն դեպքն է, երբ չի կարող բացասական պատասխան տալ։

Վարչապետի տիկինը նշեց, որ ուսանողները կարող են նաև օգտագործել մամուլի ուժը, և այդ խնդիրները ավելի արագ լուծում կստանան:

Աննա Հակոբյան - Ցանկանում եմ հիշեցնել մամուլի ուժի մասին և բոլորին ուղղորդել դեպի մամուլ: Ցանկացած լրատվամիջոցի հայտնեք ձեր մտահոգությունները, ձեր ծրագիրը, և դա շատ ավելի արագ կհասնի պաշտոնյաներին:

Ուսանողներից մեկը հարցրեց` թե արդյո՞ք կարող է պրոֆեսիոնալ լրագրողներին խոչընդոտ հանդիսանալ անհատ քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում տեղեկություն տրամադրելը:

Աննա Հակոբյան - Անհատ քաղաքացիներն, ովքեր, ըստ էության, նաև լրագրողական գործունեություն են ծավալում իրենց սոցիալական էջերում` նկարահանում են տեսանյութեր, տեղեկություն տրամադրում: Այդպիսով  նրանք ոչ թե խոչընդոտում են պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ մեծապես օգնում են:

Իսկ այն հարցին՝ թե Աննա Հակոբյանը պատրաստվու՞մ է օրաթերթում դադարեցնել գործունեությունը՝ ելնելով ներկայիս կարգավիճակից, չէ որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործունեությամբ զբաղվելու ժամանակ դադարեց լինել ՀԺ-ի գլխավոր խմբագիր:

Աննա Հակոբյան - Ես կառչած եմ և շատ դժվար կբաժանվեմ գլխավոր խմբագրի պարտականություններից: Այս պահին առնվազն երկու ամիս չեմ կարողացել կատարել աշխատանքային պարտականություններս, և շատ են ասում, որ իմ՝ գլխավոր խմբագիր մնալը լրագրողական էթիկայի տեսանկյունից ճիշտ չի լինի: Հիմա պատրաստ չեմ բաց հայտարարել, բայց երևի իրավիճակը կհանգեցնի այդ որոշմանը:



Marine Manjikyan

Tatev Parsadanyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: