Հիմա ավելի զգույշ եմ վարվում ժամանակի հետ. Նիկոլայ Եղիազարյան

Հեռուստադիտողը նրան ճանաչեց իր կերտած բացասական դերերով։ Եվ չնայած այդ ամենին, նա շարունակում է կերտել դրանք։ Նա դերասան է, ով չի վախենում քննադատվելուց և համբերատար կատարում է իր աշխատանքը։
VOG.am-ի հյուրը դերասան Նիկոլայ Եղիազարյանն է։
VOG.am- Նիկոլայ, մի փոքր պատմեք Ձեր մասին։ Որտեղի՞ց են գալիս Ձեր արմատները։
Նիկոլայ Եղիազարյան- Արմատներս գալիս են Շամխորից։Հայրս Շամխորի շրջանի Բարում գյուղից է, իսկ մայրս նույն շրջանի Չարդախլու գյուղից է։ Ես ծնվել եմ Աբովյան քաղաքում։ Ընտանիքի փոքրն եմ։
VOG.am- Ձեր կերտած կերպարները հիմնականում բացասական են։ Հայտնի է, որ հեռուստադիտողը հաճախ նույնացնում է դերասանին իր կերտած կերպարի հետ։ Երբևէ եղե՞լ են հետաքրքիր միջադեպեր կապված Ձեր կերտած բացասական դերերի հետ։
Նիկոլայ Եղիազարյան- Իհարկե, բազմիցս։Պատահել է, երբ եղել եմ ինձ անծանոթ միջավայրում, որտեղ ինձ անձամբ չեն ճանաչել, զգացել եմ, որ մարդիկ մի տեսակ են ինձ նայում, խույս են տալիս ինձ հետ շփվել, հետագայում շատերի հետ ծանոթանալուց ու մտերմանալուց հետո, հավատացեք գոնե տասից ինը անկեղծացել են, ասելով, որ իմ մասին բոլորովին այլ կարծիք են ունեցել։ Գիտեք ես ինքս եմ ձգտել կերտել բացասական դերեր։ Ինձ դուր է գալիս, որովհետև ավելի էներգիայով եմ խաղում։ Երևի դա էլ մի արտահայտման միջոց է ցույց տալու, թե ի՞նչ ճակատագիր են ունենում բացասական մարդիկ, քո շրջապատում տեսնելով բազմաթիվ երևույթներ, ցանկանում ես քո կերտած բացասական կերպարի միջոցով ցույց տալ, թե ինչպիսին չպետք է լինել։ Դա նաև ինչ-որ տեղ դաստիարակչական նշանակություն ունի։ Ես սիրում եմ բացասական դերերը, դրանք ավելի խաղարկային են։ Միգուցե նաև պատճառներից մեկն էլ իմ էմոցիոնալ լինելն է։ Շատ անգամ դերաբաշխման ժամանակ ինքս եմ առաջարկել կերտել բացասական դերեր։
Ինձ համար կարևոր չէ, թե որտեղ եմ ներկայանում, կարևոր է, թե ինչպե՞ս եմ ներկայանում։

VOG.am- Դերասան ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։
Նիկոլայ Եղիազարյան- Ըստ իս և՛ ծնվում են, և՛ դառնում։ Շատերը այդպես ծնվում են՝ ունենալով բնատուր շնորք, և իրենց ներսի գեղեցիկի միջոցով կարողանում են նկատել իրենց շուրջը գտնվող և՛ լավը, և՛ վատը։ Նրանք ընդամենը գույներ են հաղորդում իրենց ներսում եղած գեղեցիկին։ Բայց շատ հաճախ նաև դառնում են դերասան։ Երբ դու շատ ես սիրում, գնում ես դրան, ընտրում ես այդ ճանապարհը, աշխատում ես ինքդ քո վրա և զարգացնում քո ունակությունները։
VOG.am- Ի՞նչ կցանկանայիք անել, որ մինչ այժմ չեք արել և ի՞նչն է Ձեզ կանգնեցրել։
Նիկոլայ Եղիազարյան- Ես փորձում եմ անել այն, ինչը ինձ մոտ լավ է ստացվում։ Ես երբեք չեմ փորձել անել այն, ինչը ուրիշներն անում են։ Փորձել եմ անել այն, ինչն ինձ է տրված։ Չգիտես ինչու հիմա շատերը ուրիշների գործով են զբաղված, ուրիշների գործն են անում՝ անկախ նրանից դա իրենց մոտ ստացվում, թե՞ ոչ։ Ես իմ գործն եմ անում, ու փորձում եմ լավ անել։ Չգիտեմ ինչքանով է դա ստացվում։ Դեռ դպրոցական տարիներից ես գիտեի, թե ինչ եմ ուզում և ո՞ւր եմ ուզում գնալ, երբեք չեմ տատանվել։

VOG.am- Կա՞ն դերասաններ, ումից ոգեշնչվել եք, սովորել եք որպես դերասան։
Նիկոլայ Եղիազարյան- Կան մարդիկ, ովքեր մշտապես բարձրացրել են մեր մասնագիտության արժեքը, հանձինս ինձ համար բոլոր ժամանակների ամենալավ դերասան՝ Խորեն Աբրահամյանի։ Նրա կերպարը դեռ դպրոցական տարիներից դաջված է եղել իմ մեջ։ Եվ արդեն տաս տարի է իմ տան մի անկյունում Խորեն Աբահամյանը ունի իր հատուկ անկյունը իր նկարներով, իր հետ կապված հուշանվերներով։ Ու եթե խոսում եմ Խորեն Աբրահամյանից, պարզապես չեմ կարող չխոսել Գևորգ Սարոյան կերպարից։ Այդ կերպարը ինձ շատ բան է տվել ու կարծում եմ յուրաքանչյուր հայ տղայի այդ ֆիլմը շատ բան կարող է տալ․ երկու եղբոր կռիվը միմյանց նկատմամբ, հոգատարությունը, թասիբը, սրտացավությունը, իրար հետ երգելը։ Այդ ամեն ինչը շատ սիրուն է ներկայացված։ Ու, եթե ես ընտրել եմ այս մասնագիտությունը հասկանում եմ, որ իրավունք չունեմ այն արժեզրկելու։ Փորձում եմ խելացի վարվել մասնագիտությանս ու կատարած աշխատանքիս հետ։

VOG.am- Ի՞նչը այլ կերպ կանեիք, եթե իմանայիք, որ Ձեզ ոչ ոք չի քննադատում։
Նիկոլայ Եղիազարյան- Անկեղծ ասած, որևէ բան անելուց առաջ ես առաջին հերթին մտածում եմ, որ որևէ մեկին չվնասեմ, չխանգարեմ, թեկուզ և քննադատվեմ։ Ես անում եմ այն ինչը լավ է, ինչն ինձ դուր է գալիս և քննադատվելուց չեմ վախենում։ Ժամանակը ցույց է տալիս, որ քննադատողները միշտ չէ, որ ճիշտ են։

VOG.am- Եթե փողի փոխարեն երջանկությունը լիներ վարձատրումը, ո՞ր աշխատանքը Ձեզ կերջանկացներ։
Նիկոլայ Եղիազարյան- Իմ աշխատանքը։ Այն աշխատանքը, որով այժմ զբաղվում եմ։ Ժողովրդի սերը, վերաբերմունքը, ծափահարությունները, արձագանքները, այս բոլորը ամենամեծ վարձատրությունն են ինձ համար։
VOG.am- Նիկոլայ, ինչպե՞ս եք վարվում ժամանակի հետ։ Այն օգնո՞ւմ է հասցնել ապրել։
Նիկոլայ Եղիազարյան- Այս հարցին ուզում եմ Համո Սահյանի խոսքերով պատասխանել, ասում է. <<․․․առ քո թևերին, տար ինձ ժամանակ,ես հետ մնալուց շատ եմ վախենում>>։ Վախենում եմ հետ մնալուց, շատ եմ վախենում։ Հիմա ավելի զգույշ եմ վերաբերվում ժամանակի հետ։ Ժամանակի կարևորությունը շատ եմ գնահատում։ Հիմա ավելին, քան երբևէ։ Մենք այնպիսի ժամանակաշրջան ենք ապրում, երբ բոլորը ու ամեն ինչ վազքի մեջ են, հասցնել է պետք։ Միակ բանը, որ վախենում եմ, ժամանակից հետ մնալն է։

VOG.am- Կա՞ մի մարդ, ումից անվերջ կսովորեք, ում հետ ճանապարհ եք անցնել ու անցնում եք։ Ո՞ւմ հետ եք կիսում ամեն ինչ։
Նիկոլայ Եղիազարյան- Մուրադ Ջանիբեկյան։ Նրա հետ ընկերությունը յոթ տարվա պատմություն ունի։ Մուրադ Ջանիբեկյանը բացի իմ ընկերը և հարազատը լինելուց, առաջին հերթին իմ վարպետն է։ Մուրադ Ջանիբեկյանի հետ ծանոթացել եմ ուսանողական տարիներին, շատ պատահական։ Մինչ այդ շատ էի ցանկանում ճանաչել նրան, ծանոթանալ նրա հետ, որպես դերասան, որպես վարպետ։ Ու մի գեղեցիկ օր , շատ պատահական մի միջոցառման ժամանակ ծանոթացա Մուրադ Ջանիբեկյանի հետ։Մուրադը ինձ շատ բան է տվել, շատ, անբացատրելի շատ։ Ես միշտ ասում եմ, որ երկու ինստիտուտ եմ ավարտել։ Թատերական ինստւտուտը և Մուրադի հետ ընկերությունը, որը չեմ ավարտել։ Անընդհատ սովորում եմ։ Մուրադ Ջանիբեկյանի հետ զրուցելը, շփվելը, խմելը ինչու ոչ, մի շատ կարևոր էջ է իմ կյանքում, որ շատ զգուշությամբ եմ թերթում։Մուրադից միշտ սովորելու բան ունեմ։ Ինչքան էլ, որ շփվում եմ իր հետ, զրուցում եմ, ստանում եմ, միևնույն է զգում եմ, որ դեռ վերցնելու շատ բան ունեմ։ Մուրադը չի սովորեցնում։ Մուրադը շփվում է քո հետ՝ դու սովորում ես, խոսում է քո հետ՝ դու սովորում ես։ Ես զգում եմ, որ կյանքում Մուրադի կողքը կանգնելու կարիք ունեմ, Մուրադից սովորելու կարիք ունեմ, իր հետ շփվելով դու հասկանում ես, թե ինչքան բան չգիտես։ Իմ աշխարհում նա իր առանձնահատուկ տեղն ունի։ Ես շնորհակալ եմ Մուրադ Ջանիբեկյանից, որ թույլ է տվել իր կողքը լինեմ։

VOG.am- Եթե Ձեզ առաջարկեին ընդմիշտ տեղափոխվել որևէ քաղաք, ո՞ր քաղաքը այն կլիներ։
Նիկոլայ Եղիազարյան- Երևանը։ Իմ Աբովյան քաղաքը։ Հայաստանից դուրս ոչ մի տեղ։ Վստահ եմ ասում, շատ են եղել դեպքեր, երբ ունեի հնարավորություն երկրից գնալու, բայց չեմ գնացել։ Իմն է, ուր գնամ։ Ես հավատում եմ, որ կգա այն գեղեցիկ օրը, որ մարդիկ կվերադառնան իրենց տները։ Այ էդ ժամանակ կլինենք ուժեղ, կլինենք շատ, մենք կլինենք մենք, որովհետև ունենք դրա իրավունքը։ Ես հավատում եմ․․․
VOG.am- Եթե մտովի Ձեր բնավորությունը պատկերենք նոտաներով, ի՞նչ երաժշտական ժանր կստանայիք։
Նիկոլայ Եղիազարյան- Համենայն դեպս ոչ հանգիստ։ Ռոք, բլյուզ գուցե։

VOG.am- Եթե հնարավորություն ունենայիք ընդամենը մի բան փոխել աշխարհում, ի՞նչը կփոխեիք։
Նիկոլայ Եղիազարյան- Հրանտ Մաթևոսյանն ասում է. <<․․․ գրողն ինչ է անում, աշխարհն իր ուզածով չէ, ուզում է բերել իր տեսքին>>։ Ես կուզենայի, որ յուրաքանչյուր ոք լիներ իր տեղում և գնահատվեր ըստ արժանավույն։ Հավատացեք այդ պարագայում ամեն բան ուրիշ կլիներ։
VOG.am- Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը լինել, կկամենայի՞ք Ձեզ պես ընկեր ունենալ։
Նիկոլայ Եղիազարյան- Գիտեք, երբ մենակ եմ լինում շատ հաճախ եմ ինքս ինձ հետ զրուցում։ Ներքին երկխոսություն եմ սկսում ինքս ինձ հետ ու դա հիմնականում լինում է մեքենա վարելիս, ճանապարհ գնալիս։ Կարծում եմ, որ յուրաքաչյուր մարդու մոտ կա այդ երկխոսությունը ինքն իր հետ, որովհետև եթե մարդը ունի անպատասխան մնացած հարցեր, ապա ինքն իր հետ փորձում է վերլուծել դրանք։

VOG.am- Հա՞շտ եք ինքներդ Ձեզ հետ։
Նիկոլայ Եղիազարյան- Ոչ միշտ։ Չնայած միշտ խուսափել եմ բախումներից, ընդհարումներից։ Մարդկային հարաբերություններում նախընտրում են խաղաղությունը։ Վախենում եմ ընդհարվել ինձ համար թանկ մարդկանց հետ, այն մարդկանց, ովքեր իմն են, իմ աշխարհում են։
VOG.am- Ստեղծագործական ի՞նչ փուլում եք գտնվում։
Նիկոլայ Եղիազարյան- Սպասողական։ Շատ սպասողական։

VOG.am- Ինչի՞ համար եք ափսոսում։
Նիկոլայ Եղիազարյան- Ափսոսում եմ, որ ժամանակին, երբ այն տարիքում էի, որ չէի հասկանում ժամանակի արժեքը, այն վատնել եմ անկարևոր բաների վրա, բաներ, որ այսօր գոյություն չունեն։ Կան մարդիկ, ովքեր այժմ ինձ հետ չեն ու իրենց հետ կապող միակ միջոցը հիշողությունն է։ Ափսոսում եմ, որ իրենց հետ երկար չզրուցեցի։ Ափսոսում եմ այն ամենի համար, որ այսօր չեմ կարող անել, բայց ժամանակին կարող էի և չեմ արել։ Կարոտում եմ։ Հորեղբորս եմ կարոտում․․․
Interview: Ani Hakobyan