Հարսանյաց օրն այն օրն է, երբ պետք է լինես ամենագեղեցիկը. Ալինա Սարգսյան

Գրեթե բոլորիս կողմից միշտ սիրված հայտնի դիմահարդար Ալինա Սարգսյանը ամուսնացել է և VOG.am-ը պահը բաց չթողնելով զրուցեց Ալինայի հետ հարսանեկան դիմահարդարման մասին, թե մերօրյա հարսիկները ավելի շատ ինչպիսի Make up են նախընտրում:
Ալինան մեզ տրամադրեց նաև իր հեքիաթային հարսանեկան լուսանկարներից:


VOG.am- Ալինա, արդեն բավականին ժամանակ է զբաղվում ես դիմահարդարմամբ, և մեր տարածաշրջանում հայտնի դիմահարդար ես: Ինչո՞ւ որոշեցիր, որ պետք է զբաղվես դիմահարդարմամբ։
Ալինա- Ի սկզբանե միշտ սիրել եմ դիմահարդարվել. Մանկուց մայրիկիս կոսմետիկան վերցնում էի ու շպարվում։ Իմ մասնագիտությունն է ընտրել ինձ, ոչ թե ես իրեն. Տարիներ առաջ ընտրել էի տնտեսագիտությունը և մեկ օր անգամ չեմ աշխատել, որովհետև չեմ սիրել, իսկ դիմահարդարումը սկզբում հոբբի էր, բոլոր ցանկացողներին գեղեցկացնում էի անվճար. ամաչում էի գումար վերցնել, ամենաբարդը այդ անցումն էր: Հետո, երբ ծնողներս զգացին, որ տարվել եմ այս գործով և ուրիշ ոչ մի աշխատանքի մասին չեմ ուզում լսել, փորձում էին համոզել, որ դա հոբբի է և ինձ պետական աշխատանք է հարկավոր, որ այսքան տարիների ուսումը զուր չլինի, բայց անհնարին է ինձ շեղել ինչ-որ մի բանից, ինչը սիրում եմ՝ կարևոր է ինձ համար ու թանկ, իսկ այժմ ծնողներս հպարտանում են։



VOG.am- Ալինա, ինչպիսի՞ն պետք է լինի հարսի Make up-ը։
Ալինա- Հարսանյաց օրն այն օրն է, երբ պետք է լինես ամենագեղեցիկը և նուրբը: Պետք է չկորցնել դիմագծերը, որ 10 տարի հետո նկարները նայելիս ափսոսանքի զգացում չունենաք:



VOG.am- Հարսի Make up անելուց առաջ առաջնային ինչի՞ն ես ուշադրություն դարձնում. Զգեստի՞ն, վարսահարդարմա՞նը, թե՞ թագին։
Ալինա- Հարսիկի կերպարը ստեղծվում է հարսի ճաշակից և պատկերացումներից, թե ինչ ոճ է նա նախընտրում: Եվ ոչ միայն դիմահարդարումը պետք է համապատասխանի կերպարին, այլ այն ամենը ինչը ներառվում է այդ օրվա մեջ՝ մեկը մյուսի հետ շախկապված է. Իհարկե, չմոռանալով և հաշվի առնելով դիմագծերը։



VOG.am- Քո հարսանեկան Make up-ը ինքդ ես արել. Ո՞րն է քեզ համար ավելի հեշտ, ինքդ քեզ դիմահարդարե՞լը, թե՞ դիմացինին։
Ալինա- Այո, ես եմ արել իմ հարսանեկան դիմահարդարումը, այլ կերպ չեմ էլ պատկերացրել և ոչ մի վայրկյան չեմ հուզվել, ի դեպ դա հարսանիքից առաջ ամենաշատ տրվող հարցն էր։ Եթե լավ մասնագետ ես ավելի հեշտ արտահայտություն չի կարող լինել, ոչ մի հանգամանք չի կարող մի փոքր անգամ բարդացնել իրավիճակը. Դա գալիս է տարիների փորձից։



VOG.am- Մեր հարսիկների մեծ մասը ինչպիսի՞ Make up է նախընտրում։
Ալինա- Մեր հարսիկները մեկը մյուսից ճաշակով են և սիրում են նուրբ, բայց արտահայտիչ դիմահարդարում՝ ընդգծելով գեղեցկությունը, այլ ոչ թե թաքցնել այն դիմահարդարման հաստ շերտի տակ։



VOG.am- Ի՞նչ ես կարծում եղանակը նշանակություն ունի հարսանեկան Make up-ի հետ. Որ այս ինչ եղանակին այս Make up-ը պետք չէ կիրառել։
Ալինա- Եղանակը այնքանով է կապված դիմահարդարման հետ, որ հարկավոր չէ ամռան տապին օգտագործել յուղային հիմքով կրեմներ, իհարկե, հաշվի առնելով նաև մաշկի տեսակը։ Առաջնային պետք է ուշադրություն դարձնել մաշկի տեսակին՝ նոր եղանակին։



VOG.am- Ինչպե՞ս ես համատեղում աշխատանքը և անձնական կյանքը. Չի խանգարո՞ւմ մեկը մյուսին։
Ալինա- Ես սիրում եմ, երբ օրս բուռն է անցնում. Միշտ ամեն ինչ համատեղել եմ՝ ուսումս, աշխատանքս, ընկերներիս և ոչինչ չի տուժել, այժմ անձնականս եմ համատեղում։ Իհարկե, կարևոր է, թե ով է կողակիցդ և ինչքանով է քեզ հասկանում. Ես ինձ չեմ պատկերացնում տնային տնտեսուհու կարգավիճակում: Ինչքան զբաղված է իմ օրը անցնում ես ավելի շատ էներգիա եմ ունենում օրվա վերջ, իսկ եթե հանգիստ եմ ,այնքան եմ հոգնում կարծես աշխարհի գործը ես եմ արել։



VOG.am- Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ Make up արտիստներին։
Ալինա- Ցանկացած մասնագիտություն, երբ նոր ես սկսում բարդ է և հիասթափությունը անխուսափելի է, եթե չկա մեծ սեր և ձգտում, աշխատասիրություն և հավատ քո ուժերին: Անհնար ոչինչ չկա, միշտ աշխատեք կատարելագործվել և անկոտրուն եղեք չվախենալով ոչ մի դժվարությունից։

Interview: Marine Manjikyan