Լեհաստանի Զամոսկ քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 20 տարիքային խմբի՝ 105 կգ քաշային կարգում հանդես եկավ Արսեն Մարտիրոսյանը: Երկամարտի 366 կգ արդյունքով մեր ծանրորդը նվաճեց բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում փոքր արծաթ (165 կգ), իսկ հրումում՝ 201 կգ-ով զբաղեցրեց երկրորդ տեղը: Այդ առիթով VOG.am-ի զրուցակիցն է Արսեն Մարտիրոսյանը:
VOG.am- Արսեն ինչպիսի՞ սպորտային ճանապարհ եք անցել և ինչո՞ւ ընտրեցիք ծանրամարտը:
Արսեն- 13 տարեկանից եմ սկսել զբաղվել ծանրամարտով. Եղբայրս՝ Սիմոն Մարտիրոսյանը, այդ ժամանակ արդեն մեկ տարի էր ինչ պարապում էր, նրան նայելով ես էլ ոգեշնչվեցի և սկսեցի զբաղվել ծանրամարտով:
VOG.am- Մինչև օրս ինչպիսի՞ մրցաշարերի եք մասնակցել և ի՞նչ հաջողություններ եք գրանցել. Կխոսե՞ք այդ մասին:
Արսեն- Մասնակցել եմ 3 միջազգային մրցումների: 2013թվականին Եվրոպայի առաջնությունում մինչև 15 տարեկանների մրցույթում բարձրացնելով պոկում վարժությունում՝ 108կգ, հրումում՝ 135 կգ, նվաճելով 3 արծաթե մեդալ: Երկրորդ միջազգային մրցաշարը Շվեդիայում կայացած մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում բարձրացնելով՝ 136 կգ, իսկ հրումում՝ 171կգ և նվաճեցի մեկական բրոնզե և արծաթե մեդալներ: Այս ելույթս ինձ համար ամենահիշարժանն էր, որի ընթացքում լինելով 9-րդ տեղը կարողացա 10 կգ անձնական ռեկորդ սահմանել՝ հրման 3 մոտեցումներն էլ կարողացա կատարել: Երրորդ մրցաշարս կայացավ Լեհաստանում Երիտասարդների առաջնության ժամանակ, պոկում վարժությունում բարձրացրեցի 165 կգ նվաճելով փոքր արծաթ, իսկ հրումում՝ 210կգ նվաճելով փոքր բրոնզե և երկամարտի մեծ բրոնզե մեդալ:
VOG.am- Հաղթանակի կապակցությամբ շնորհավորում ենք. Հաղթանակը ձեզ համար սպասելի՞ էր և ի՞նչ կտա այն ձեզ:
Արսեն- Շնորհակալ եմ, շնորհավորանքի համար: Հաղթանակս սպասելի էր, որովհետև ինձ հետ աշխատում էին պրոֆեսիոնալ մարզչական թիմ, տքնաջան աշխատանքներ ենք իրականացրել հավաքականի գլխավոր մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյանի և իմ անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյանի հետ: Նրանց մասնագիտական խորհուրդները և ճիշտ մարզումներն ինձ բերեցին մեծ հաջողություն, որի համար շնորհակալ եմ իրենցից: Հաղթանակը ինձ տվեց նոր շունչ, որի շնորհիվ մեծ ոգևորվածությամբ և ինքնավստահությամբ կմարզվեմ, որպեսզի նորանոր հաջողություններ գրանցեմ այլ կայանալիք մրցաշարերում:
VOG.am- Ինչպիսի՞ մարզչական խումբ է ձեզ հետ աշխատում. Մինչ ծանրաձողին մոտենալը ձեր մարզիչի ոգևորող խոսքերը և ինչքանո՞վ այն օգնեց ձեզ:
Արսեն- Մրցման ընթացքում ինձ հետ էին Երիտասարդների հավաքականի մարզիչներ՝ Մելիք Ղուկասյանը և Հակոբ Փիլոսյանը: Ոգևորող խոսքերը կայանում էր նրանում, որ մենք շատ լավ ենք պատրաստվել և բոլոր տվյալները ունենք մեդալ նվաճելու:
VOG.am- Երբ վերադառնաք Հայաստան ի՞նչ ծրագրեր և աշխատանքներ ունեք կատարելու:
Արսեն- Հայաստան վերադառնալով կսկսեմ ավելի լուրջ մարզվել, կշտկեմ այն թերացումները որոնք ինձ մոտ առկա են այս մրցմանը, որ 2019 թվականին կայանալիք մրցաշարերին մեծ պատասխանատվությամբ և առանց թերացումների հանդես գամ:
Interview: Tatka Musheghyan
Comments