VOGUE

Կյանքի ընթացքում կողքիդ մնում են միայն իսկական ընկերները. Սեր Մովսիսյան



Նա այն դերասաններից է ում մանկության երազանքը դերասան դառնալը չի եղել, սակայն ինչպես ինքն է նշում կյանքում կան բաներ, որոնք պատահում են անկախ մեր կամքից։

VOG.am-ի հյուրը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սեյրան Մովսիսյանն է։


VOG.am- Ինչպե՞ս սկսվեց դերասանի Ձեր կարիերան

Սեյրան Մովսիսյան- Կյանքում կան բաներ, որ ուզես թե չուզես պատահում է, հենց այդպիսինն էր իմ թատերական ինստիտուտ ընդունվելը։ Երբեք չէի մտածի, որ կնտրեմ արվեստի ճյուղը, չեմ հիշում այնպիսի դեպք, որ փոքր տարիքում ինձ հարցնեին ինչ ես ուզում դառնալ, պատասխանեի դերասան։ Կյանքիս մեջ եկավ մի փուլ, երբ սկսեցի ակամայից հետաքրքրվել ֆիլմերով ու ներկայացումներով, և ինքստինքյան ընդունվեցի Թատերական ինստիտուտ։

VOG.am- Ձեր կերտած կերպարներից ո՞րին եք ամենաշատը նմանեցնում ձեզ։

Սեյրան Մովսիսյան- Իմ դերասանական կարիերան ես դեռ նոր-նոր եմ սկսում, չնայած դրան խաղացել եմ տարբեր կերպարներ թե ՛ ուսանողական շրջանակներում, թե ՛ պրոֆեսիոնալ թատրոնում։ Այժմ հանդես եմ գալիս Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացած դերերի բնավորությունները շատ տարբեր են։ Որպես էդպիսին չկա կոնկրետ կերպար, որ ասեմ նմանեցնում եմ, բայց բոլորի մեջ կան գծեր որոնք բնորոշ են ինձ։


VOG.am- Յուրաքանչյուր հանրային մարդու փորձում են քննադատել և պիտակավորել։ Դուք ինչպե՞ս եք արձագանքում նման խոսակցություններին։

Սեյրան Մովսիսյան- Ինչ էլ անես մեկ է խոսելու են։ Ես իմ մասնագիտությունը սիրում եմ և զբաղվում եմ դրանով, որովհետև համարում եմ այն ամենավեհ ու լավ աշխատանքը։ Ես աշխատում եմ ոչ թե դառնալ հայտնի, որ ինձ ճանաչեն, որ սոցիալական ցանցերում ունենամ միլիոնավոր հետևորդներ, այլ գլուխս կախ իմ գործն եմ անում, ու երևի դա է պատճառը որ իմ հասցեին բացասական քննադատություններ շատ քիչ եմ լսում։

VOG.am- Երբեք չեք համաձայնի նկարահանվել մի սերիալում որտեղ․․․

Սեյրան Մովսիսյան- Մթնոլորտը վատն է։


VOG.am- Ինքներդ Ձեզ բավականաչափ ճանաչո՞ւմ եք․․․

Սեյրան Մովսիսյան- Դժվար հարց է։ Դժվար է ինքդ քեզ խոստովանելը սեփական սխալներն ու թերությունները, բայց դա ինձ մոտ ստացվում է։ Կարող եմ ասել, այո, ճանաչում եմ։

VOG.am- Աշխատանքի բերումով ունեք բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ, ի՞նչն եք կարևորում մարդկանց մեջ։

Սեյրան Մովսիսյան- Ժամանակի ընթացքում ընկերները քչանում են, դրա փոխարեն ունենում ես շատ ծանոթներ։ Ես շատ ընկերասեր մարդ եմ, դրա մասին կփաստեն իմ մտերիմները, բայց չեմ ընդունում այն ընկերներին, ովքեր երկերեսանի են, ովքեր կեղծ են ու դավաճան։ Կյանքի ընթացքում կողքիդ մնում են միայն իսկական ընկերները։


VOG.am- Անձնականից խոսենք, բազմաթիվ երկրպագուների կհետաքրքրի արդյո՞ք Ձեր սիրտը զբաղված է։

Սեյրան Մովսիսյան- Մեկուկես տարի է զբաղված է, սկզբում իմ մտերիմ ընկերը, հետո ընկերուհիս, հիմա նշանածս, իսկ շատ շուտով արդեն կինս։ Սա էլ իմ անձնականը։

VOG.am- Իր, որը միշտ Ձեզ հետ է․․․

Սեյրան Մովսիսյան- Հեռախոս, ծխախոտ։


VOG.am- Առանձնացրեք երեք բան, որով հպարտանում եք...

Սեյրան Մովսիսյան- Ընտանիքս, ընտրյալս, կյանքս։


VOG.am- Վայր, որ ամենաշատն եք սիրում․․․

Սեյրան Մովսիսյան- Ամեն վայր սիրում եմ, եթե ընտրյալիս հետ եմ լինում։

VOG.am- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ 20 տարի հետո․․․

Սեյրան Մովսիսյան- Կնոջս հետ մեր տանը թեյ խմելուց, աղջիկս դպրոցից տուն է գալիս, իսկ տղաս ընդունվել է համալսարան․․․


VOG.am

Interview: Ani Hakobyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: