top of page
Writer's pictureMarine Manjikyan

Լավ մասնագետը պետք է կարողանա ճաշակ թելադրել. Ալինա Սարգսյան

 


 

Հայտնի դիմահարդար Ալինա Սարգսյանը դիմահարդարմանը վերաբերվում է ինչպես արվեստի, կարևորում մշտապես կատարելագործվելը և հմտանալը։ Սիրելի հոբբիից պրոֆեսիոնալ մասնագիտության անցման, գեղեցկության իր պատկերացումների և, իհարկե, այս տարվա նորաձևության թրենդների մասին Ալինա Սարգսյանը զրուցել է VOG.am-ի հետ։

 

VOG.am- Ալինա, դուք բավականաչափ հայտնի և պահանջված դիմահարդար եք հանդիսանում Հայաստանում։ Երբ նոր-նոր էիք սկսում առաջին քայլերը այս ոլորտում, կպատկերացնեի՞ք, որ այս մասնագիտությունը կդառնա ձեր առաջնային և հիմնական զբաղմունքը՝ հոբբից վերածվելով մասնագիտության, քանի որ տեղյակ ենք, որ ի սկզբանե ընտրել էիք այլ մասնագիտություն։

Ալինա Սարգսյան- Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Դեռ մանկուց ես զգացել եմ, որ ունեմ ստեղծագործական տաղանդ։ Սկզբում բանաստեղծություններ էի գրում, հետո պատրաստում էի զարդեր, մի որոշ ժամանակ հետո սկսեցի դեկորացիաներ պատրաստել։ Դեռահասության տարիքում սիրահարվեցի մաթեմատիկային և մտածում էի, որ այդ ուղղությամբ կշարունակեմ։ Ընդունվեցի ՀՊՏՀ, բայց առաջին կուրսն ավարտելուց հետո հասկացա, որ ընտրածս մասնագիտությունը կապ չունի մաթեմատիկայի հետ և սկսեցի առորյաս լցնել մի բանով, ինչը միշտ սիրել եմ՝ դիմահարդարմամբ։

Շպարի միջոցները դեռ մանկուց իմ թուլությունն են եղել և այդ ընթացքում, երբ շպարվում էի և բացահայտում այդ մասնագիտությունը, ստացվեց այնպես, որ այն աննկատ չմնաց իմ շրջապատի կողմից։ Այդ ժամանակ շպարում էի բոլոր ցանկացողներին։ Մի օր հասկացա, որ արդեն ունեմ հաճախորդներ և դիմահարդարումը հոբբիից վերածվել է աշխատանքի։ Պրահայում խորացրի գիտելիքներս, դա էլ հիմք հանդիսացավ հետագա գործունեությանս համար։ Սկզբում բացարձակապես չէի մտածում, որ կշարունակեմ, առավել ևս կհասնեմ այս ամենին, բայց մասնագիտության ընտրության հարցում մի վայրկյան չեմ կասկածել, ընտրել եմ իմ սիրած զբաղմունքը, որը նաև լավագույն աշխատանքն է։

VOG.am- Դիմահարդարումը, կարծես, արվեստ լինի, որը պահանջում է ուշադրություն գեղագիտական ճաշակ, որոշակի ձեռագիր։ Ո՞րն է Ալինա Սարգսյանի ձեռագիրը, ի՞նչն եք դուք ամենաշատը կարևորում։

Ալինա Սարգսյան- Այո, ճիշտ եք, այն ինձ համար արվեստ է։ Ես այնպիսի մարդ եմ, ով պետք է ստեղծագործի և դիմահարդարումը ինձ տալիս է այդ հնարավորությունը։ Ես կարող եմ շատ երկար աշխատել առանց դադարի՝ մոռանալով ամեն ինչի մասին և նույնիսկ հոգնածություն չզգալ։

Եթե ցանկանում ես լինել լավ մասնագետ, պետք է կարողանաս թելադրել ճաշակ, ոչ թե կրկնօրինակես, պետք է ունենաս երևակայություն և այն ներկայացնելու կարողություն։ Ինձ համար կարևոր է գեղեցիկ սեռին դարձնել էլ ավելի գեղեցիկ՝ ընդգծելով նրանց անհատականությունը։ Երբեմն տեսնում եմ աղջիկների, որոնք առանց շպարի ավելի գեղեցիկ են և սխալ դիմահարդարումը կոպտացնում է նրանց, դա ինձ համար անընդունելի է։

VOG.am- Շատ կանանց համար դուք կարող եք համարվել կայացած և հաջողակ կնոջ օրինակ։ Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն կանանց, ովքեր ցանկանում են կայանալ որևէ բնագավառում և հաջողության հասնել։

Ալինա Սարգսյան- Կնոջ համար կայանալը որևէ բնագավառում անհրաժեշտություն է նրա համար։ Իրականում պետք է ուժեղ լինել, չկոտրվել և չհանձնվել՝ ինչ էլ որ լինի։

Շատ աշխատել, առաջնայինը չմտածել գումար վաստակելու մասին, անկախ հասած բարձունքներից՝ չկորցնել մարդ տեսակը։ Ռեալ գնահատեք ձեր ուժեղ կողմերը և զարգացրեք դրանք։ Չմոռանամ ասել՝ միշտ թարմ պահեք ձեր գիտելիքները, չէ՞ որ միշտ էլ սովորելու տեղ ունենք։

VOG.am- Համաշխարհային դեմքերը այսօր թրենդներ են թելադրում և շատ աղջիկներ ցանկանում են, ուղղակիորեն նմանվել նրանց, իսկ այսօր դիմահարդարումը տալիս է այդ հնարավորությունը։ Եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ դիմել են և խնդրել իրենց այնպես դիմահարդարել, որ նմանվեն որևէ հայտնի դեմքի, և ու՞մ հիմնականում։

Ալինա Սարգսյան- Իմ պրակտիկայում շատ է լինում, երբ հաճախորդը ցույց է տալիս կերպար և ցանկանում է այդ դիմահարդարումը, ես կարծում եմ դա նորմալ է և ավելի է հեշտացնում դիմահարդարման տեսակը բացատրելու գործընթացը։


Իսկ համաշախարհային դեմքերից ավելի շատ հանդիպում է Քիմ Քարդաշյանը, Ջեյլոն, բայց կարծում եմ ոչ թե նմանվելու, այլ պարզապես ունենալու տվյալ դրմահարդարումը, չէ՞ որ բոլորս տարբեր ենք և ունենք անհատականություն, իսկ նմանվելը այս կամ այն դեմքին՝ կարող է հետաքրքիր ֆոտոների մտահաղացում լինել միայն։


VOG.am- Համաշխարհային նորաձևության ինդուստրիան կրկին հետ է գնում դեպի բնական գեղեցկություն, և տարբերվող, ոչ ստանդարտ արտաքինը այսօր, կարծես ավելի պահանջված է։ Դուք, որպես այս բնագավառի մասնագետ, նույնպե՞ս առաջնայինը տալիս եք բնական գեղեցկությանը։

Ալինա Սարգսյան- Ես այնքան ուրախ եմ, որ բնական գեղեցկությունը գնահատելի է, չէ որ ծանր շպարի տակ մենք կորցնում ենք մեր դիմագծերը, որոնք հանդիսանում են մեր գրավչության աղբյուրը։

VOG.am- Ու՞մ կցանկանայիք դիմահարդարել համաշխարհային հայտնիներից։

Ալինա Սարգսյան- Միգուցե շատերը արդեն մոռացել են նրան, միգուցե նա երիտասարդ տարքիում շատ ավելի գրավիչ էր և հայտնի, բայց ինձ համար միշտ եղել է մեկը, ում տեսնելը, առավել ևս դիմահարդարելն երազանք է։ Ինձ ճանաչողները միանգամից կարող են ասել, որ նա Անջելինա Ջոլին է, մի մարդ, ում տարիներ շարունակ համարել եմ կնոջ և գեղեցկության իդեալ։

VOG.am- Պատահու՞մ է, որ Ձեր աշխատանքից, երբեմն գոհ չլինեք կամ, այսպես ասած, չարադարացնեք Ձեր իսկ սպասելիքները ։

Ալինա Սարգսյան- Եթե որևէ դիմահադար ասի, որ չկա մեկը, որ իր աշխատանքից դժգոհ է մնացել, ապա նա կամ ստում է, կամ չունի բավականաչափ փորձ։ Գոնե տարվա մեջ մեկ անգամ լինում է նման դեպք, դա չի նշանակում, որ մասնագետը թերացել է, երբեմն դա ճիշտ չհասկանալու կամ այլ ակնկալիքներ ունենալու արդյունք է լինում։ Երբ զգում եմ, որ տվյալ դիմահարդարումը իմ սրտով չէ, այն կեսից կարող եմ վերափոխել այնպես, որ հաճախորդը դա չնկատի։

VOG.am- Շատերին հետաքրքիր է, թե ո՞րն է այս տարվա դիմահարդարման թրենդը, ի՞նչ ոճի դիմահարդարումն է այս տարի համարվում նորաձև։

Ալինա Սարգսյան- Այս տարի նորաձև է կարմիր սմոքի այը, նեոնային գույներով դետալները, պաստելային գծաներկը, գունավոր սևաներկը, փայլուն մաշկը, վարդագույն և կարմիր շուրթերը, նուրբ վարդագույն այտերը։ Իրականում ցանկացած թրենդ պետք է ներկայացնել ճաշակով և գրագետ, հակառակ դեպքում կարող եք հայտվել ոչ հաճելի իրավիճակում:




Journalist: Ani Hakobyan

Comments


bottom of page