Մեր հյուրն է դերասանուհի այժմ նաև պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, ում հետ ունեցել ենք շատ հետաքրքիր ֆոտոշարք, և իհարկե, հարցազրույց․ Զրուցել ենք, որպես պրոդյուսեր հանդես գալու առաջին քայլերի, կյանքը վերսկսելու, առաջիկա նորությունների և այլ հետաքրքիր հարցերի շուրջ։
——————————
VOG.am- Իննա, որպես պրոդյուսեր դու քո առաջին քայլերն արեցիր, և իհարկե, հաջողեցիր այս ոլորտում ևս. Կպատմե՞ս մի փոքր Հայաստանում ի՞նչ հնարավորությունների ու դժվարությունների է հանդիպում պրոդյուսերը։
Իննա- Որպես պրոդյուսեր ես սկսնակ եմ, և դեռ մեծ ճանապարհ ունեմ առջևումս, որին մարտական եմ տրամադրված: Ուրախ եմ հարցի մեջ լսել «հաջողել ես»-ը: Դա ինձ անասելի ոգևորում է: Ես վերջերս փոխել եմ իմ դիրքորոշումը. որպես պրոդյուսեր, որպես դերասանուհի, որպես քաղաքացի, որպես մարդ ի վերջո... Հայաստանը չպիտի ինձ հնարավորություններ տա. Նա իր ներուժի չափով ինձ արդեն հնարավորություններ է տվել, (ինչպես դա մեկ էլ ծնողներն են անում), հիմա իմ հերթն է հնարավորություն գտնելու, ստեղծելու և դրանք Հայաստանին տալու: Իսկ դժվարությունները հենց նոր հնարավորություններ ստեղծելու միակ ճանապարհն են:
VOG.am- Որպես կանոն, պրոդյուսերները նախքան ինչ-որ բան ձեռնարկելը վտահ են, որ այն հաջողվելու է. այս ֆիլմի պարագայում, կա՞ն ինչ որ կոնկրետ գործոններ, որոնք թույլ են տվել կանխատեսել ֆիլմի հաջողությունը: Որո՞նք են դրանք:
Իննա-Իմ համար նախագծի հաջողությունը մի քանի բաղադրիչ ունի. գաղափարը, ասելիքը, պրոդուկտի որակը, ամուր անձնակազմը, հանրության արձագանքը... (ևս 10-ը կարելի է թվարկել)։ Այս բաղադրիչներից, որն էլ բաց թողնես` հացն, իհարկե, միևնույն է կթխես, բայց հարց է ուտելու բան կդառնա, թե ոչ: Այս բաղադրիչները մեր հենակետերն են, մենք ամեն բան անում ենք բալանսը պահելու համար: Եվ հետո, ի սկզբանե կանխորոշել, որ միանշանակ հաջողելու ես` անմտություն է: Յուրաքանչյուր նախագծից առաջ նույն կերպ հուզմունք, սպասում, վախ, պայքար, հավատ ու լարվածություն պիտի ունենաս: Դա է ստեղծագործելու առանձնահատկությունն ու հաջողելու առաջին քայլը:
VOG.am- Ո՞րն է քեզ համար ավելի հեշտ՝ որպես դերասանուհի ներկայանալը, թե՞ էկրաններից այն կողմ աշխատելը:
Իննա- Հեշտ ու դժվարի բան չկա. երկուսն էլ բարդ, երկուսն էլ շքեղ, երկուսն էլ գրավիչ բևեռներ են: Ուղղակի իրարից ծայրահեղ տարբեր: Ես դերասանուհի եմ միայն այն ժամանակ, երբ կադրում եմ ու դա ևս անում եմ մեծ սիրով և պարտաճանաչ ամենակարևորը: Հոթել գրանդում ես ոչ մի վայրկյան «դերասանուհի չեմ եղել» :)
VOG.am- Hotel grand-ի քո դերասան գործընկերները հե՞շտ են աշխատում քեզ հետ որպես պրոդյուսեր։ Չէ որ պատասխանատվությունն ու պահանջկոտությունը շատ ավելին է:
Իննա- Ինձ թվում է դա պետք է հարցնել իմ դերասան գործընկերներին։) Ինձ էլ է հետաքրքիր։)
VOG.am- Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին:
Իննա- Շատ երկար, շատ մանրամասն, շատ զգույշ: Կակտուս եմ:) բայց եթե համբերեցին, հանդուրժեցին փշերս, խնամեցին ու սիրեցին` կծաղկեմ:
VOG.am- Ի՞նչ սկզբունքներ ունես կյանքում։
Իննա- Ժամանակներն այնքան արագ են փոխվում, հիմա արդեն սկզբունքները հարաբերական են և շատ ժամանակավոր: Միակ ամենակոշտ ու մշտական սկզբունքն ինչ ես ունեմ` չվաճառվել ու չխաբել: Երբ կյանքդ վերածում ես առուվաճառքի ու սուտը դարձնում կենսակերպ` կործավնած մարդ ես:
VOG.am- Տաղանդավոր ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։
Իննա- Բոլոր մարդիկ ի բնե տաղանդավոր են կարծում եմ: Մնում է գտնել քեզ բնորոշ փայլը ։)
VOG.am- Ո՞րն է հաջողության ճանապարհի քո բանաձևը։
Իննա- Հաջողության ճանապարհի իմ բանաձևը այդ հաջողությանը գրկաբաց սպասելն է, միևնույն ժամանակ չկորցնել գիտակցումը, որ բոլոր հաջողությունները գալիս են անսպասելի: Հաջողության հասնելու թերևս միակ ճանապարհն աշխատասիրությունն ու ճարպիկությունն է: Ոչ մի վայրկյան չպիտի դադարես աշխատել ինքդ քո վրա:
VOG.am- Եթե հնարավորություն ունենայիր քո կյանքը վերսկսել, ի՞նչ կփոխեիր:
Իննա- Ինչ կարիք կա որևէ բան փոխելու, ինչ էլ փոխեի, իմ եսը կորցնեի գուցե: Ես իմ սխալներով, վերելքներով ու վայրէջքներով եմ գեղեցիկ` ինչպես բոլորս:
VOG.am- Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր նորությունների սպասենք:
Իննա- Նորությունները շա՜տ են: Մենք ակտիվ նախապատրաստվում ենք նոր նախագծերի: Բայց ինչ խոսք առայժմ փակագծեր բացել չեմ կարող:)
Project for VOG.am #team
Founder, Director: Nune Martirosyan
Creative Director: Marine Manjikyan
Photographer: Hakob Kalashyan
Fashion Designer: Arpine Sargsyan
Anomaly Collection | Trend Room
Earrings: Milarush
MakeUp: Beauty by Mariam
HairStyle: Temmy Beauty
Comments