top of page

Ինչպե՞ս հասկանալ մարմնի կառուցվածքը և ճիշտ ձևով ընդգծել ոճը

Նորաձևությունն առաջ է գնում՝ անընդհատ փոփոխվելով, իր հետ բերելով նոր շեշտադրություններ, նոր մոտեցումներ։ Ժամանակի հետ, թրենդային են դառնում տարբեր պրինտեր, գործվածքներ, դետալներ, աքսեսուարներ, հագուստի մոդելավորումներ։

Հայ աղջիկները ևս շատ ակտիվորեն հետևում են նորաձևության վերջին թելադրանքներին, փորձում են ակտիվորեն ձեռք բերել այն ամենը ինչը համարվում է ակտուալ և թրենդային։ Սակայն շատ անգամներ հաշվի չեն առնում գլխավոր նախապայմանը՝ մարմնի կառուցվածքն ու չափերը։

Դիզայներ Էրիկա Չիլինգարյանը, ով հանդիսանում է Platon FF-ի հիմնադիրը և գլխավոր դիզայները, հայկական նորաձևության մեջ ունի իր հետաքրքիր մոտեցումը և իր ստեղծած գեղեցիկ հագուստներով օգնում է հայ, ինչպես նաև ռուս աղջիկներին ճիշտ ձևով ընդգծել իրենց կերպարը և քողարկել այն փոքրիկ թերությունները:


VOG.am- Էրիկա, բոլորիս հայտնի է, որ գոյություն ունեն մարմնի տարբեր կառուցվածքներ, ձևեր։ Կարո՞ղ եք բացահայտել դրանք, և մի քանի խորհուրդներ տալ, թե մարմնի տարբեր կառուցվածքների դեպքում ինչպիսի հագուստ է ճիշտ ընտրել, կարել։

Էրիկա- Գոյություն ունեն մարմնի կառուցվածքի մի քանի տեսակներ.

1. Ավազե ժամացույցի ձև՝ որը համարվում է ամենաանթերին և գրավիչը։ Այս դեպքում մարմնի վերին հատվածը՝ կրծքավանդակը, և կոնքերը լայն են, իսկ իրանի հատվածը շատ ավելի նեղ։ Եթե անգամ նկատվում է քաշի ավելացում, ապա միևնույն է` իրանի հատվածը մնում է նեղ։

Այս տիպի կառուցվածքի ներկայացուցիչներն են՝ Մերիլին Մոնրոն, Մոնիկա Բելուչին․․․

2. Ուղղանկյունաձև՝ այս դեպքում մարմնի բոլոր հատվածները կարծես հավասար են, և երբ քաշի ավելացում է լինում, մեծանում են մարմնի բոլոր հատվածները։

3. Խնձորաձև՝ մարմնի վերին հատվածը ավելի մեծ է քան ստորին հատվածը։

4. Տանձաձև՝ մարմնի ներքևի հատվածն ավելի լայն է, քան ուսերի հատվածը։

5. Ուղիղ՝ նիհար ձևը, որը ունեն մոդելները։ Այս մարմնի ձևը հարմար է հագուստի տարբեր մոդելներ ցուցադրելու համար։


Մարմնի բոլոր կառուցվածքների համար խորհուրդ կտայի չկրել ընդգրկող հագուստ։ Ընդգծել միայն այն հատվածները, որոնք գեղեցիկ են։ Իսկ թերությունները, քողարկել հագուստի տարբեր ձևերով և լուծումներով։

Խնձորաձև կառուցվածքի թերությունները փակելու համար ավելի պատկերավոր ներկայացնենք։ Օրինակ՝ հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան միշտ կրում է ուսերի, կրծքերի հատվածի թույլ ձևվվածքով հագուստ և ընդգծում է իր գեղեցիկ ոտքերը։

Բոլոր մարմնի ձևերի թերություններն ի հայտ են գալիս, երբ քաշն ավելանում է, ուստի խորհուրդ կտայի միշտ սպորտով զբաղվել և առողջ սնվել՝ քողարկելու մասին մտածելու փոխարեն ։)

VOG.am- Հագուստ ընտրելիս, ի՞նչն է պետք հաշվի առնել առաջին հերթին։

Էրիկա- Շատ հայուհիներ սիրում են նմանակել իրենց կողմից սիրված հայտնի մարդկանց։ Ուշադիր հետևում են թե ինչ են նրանք կրում տարբեր միջոցառումների ընթացքում և շատ անգամ այդ երեկոյան կերպարը նրանք կրում են առօրյայում։ Սա շատ սխալ է։

Յուրաքանչյուր կին պետք է ունենա սեփական ոճը, և հագուստն ընտրելիս հաշվի առնի սեփական մարմնի թերություններն ու առավելությունները։

Քանի որ մարդիկ մեր մասին պատկերացումը կազմում են աչքերի միջոցով՝ դիտելով․ ապա մենք պետք է մեր ոճը ստեղծենք՝ մեր էությունը արտահայտելու համար։ Պետք է դիմացինին ճիշտ ինֆորմացիա տանք։

Բնական տեսքը շատ գնահատելի է և նաև ակտուալ։ Բնական դիմահարդարումը շատ գեղեցիկ է և պետք է առօրյայում շպարվել շատ թեթև։

VOG.am- Ի՞նչ կասեք dresscode-երի մասին։ Արդյո՞ք մեր հասարակությունում պահպանվում են դրանք։ Եվ ի՞նչ կասեք, ժամանակի հետ մեկտեղ կա՞ փոփոխություն, իգական սեռի ներկայացուցիչների մոտ ստացվո՞ւմ է գեղեցիկ և ճիշտ հագնվել։

Էրիկա- Այո, իհարկե փոփոխությունը մեծ է։ Մեր աղջիկները սկսել են շատ գեղեցիկ հագնվել՝ կարողանում են հետաքրքիր համադրություններ ստեղծել և տարբեր look-եր ունենալ։

Իսկ dresscode-երի մասով նույնպես փոփոխություն կա։ Սակայն մեկ անգամ ևս կցանկանայի խորհուրդ տալ առօրյայում կրել ավելի հանգիստ հագուստ։

Շատ գեղեցիկ է նայվում ոճերի համադրությունը՝ երբ կարելի է կրել զգեստը սպորտային կոշիկի հետ։ Սա շատ հարմարավետ է և ոճային:

VOG.am- Աղջիկներից շատերը դժվարանում են հագուստ ընտրել, և ճիշտ հագնվել: Կարո՞ղ եք ուղղորդել, ինչպես բացահայտել, և ինչի՞ն ուշադրություն դարձնել։

Էրիկա- Հավանաբար ամենաճիշտ խորհուրդներից մեկը կլինի ոճաբանին դիմելը։ Սակայն ավելորդ գումար ծախսելու փոխարեն կարելի է հասկանալ սեփական մարմնի կառուցվածքը և հասկանալ ինչպես ճիշտ հագնվել:

VOG.am- Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր դիզայներներ և Դուք նրանցից մեկն եք։ Կարո՞ղ եք նշել հագուստ ստեղծելիս Platon ff-ը ի՞նչն է կարևորում։

Էրիկա- Հագուստ ստեղծելիս շեշտադրությունը դրել ենք հարամավետության վրա։ Գործվածքները ընտրվում են այնպես, որ լինեն բնական և հարմարավետ։ Ստեղծում ենք հագուստ, որը կարելի է կրել առօրյայում(everyday look) և աշխատանքի ընթացքում(office look): Արտադրում ենք նաև վերարկուներ՝ համադրելով մի քանի գործվածքներ։

Ուրախ եմ ասել, որ շուտով՝ տոները մոտենալուն պես, կլինի նաև երեկոյան զգեստների հավաքածուն։ Platon ff-ի հագուստները կարելի է ձեռք բերել Երևանի այն խանութներում, որտեղ ներկայացված են հայ դիզայներների աշխատանքները, ինչպես նաև գործում է online վաճառք։

VOG.am- Իսկ ի՞նչ կասեք գույների մասին։

Էրիկա- Այս տարվա թրենդային գույներից են համարվում կանաչի երանգները, նարնջագույնը, գորշ կապույտը, դեղինը։ Ինչպես նաև ակտուալ են կենդանական պրինտերով գործվածքները։

Սակայն չպետք է մոռանալ, որը հագուստ ընտրելիս նախ պետք է հասկանալ, թե որ գույնն է հարմար մեր մարմնի գույներին․ իսկ, թե որ գույնն է համարվում թրենդային՝ դա երկրորդական է։

VOG.am- Արդյո՞ք անհրաժեշտ է կարևորել աքսեսուարները՝ կերպարն ամբողջացնելու համար։

Էրիկա- Իհարկե, դրանք շատ կարևոր են, և հետաքրքիր են դարձնում, լրացնում են մեր կերպարը։ Շատ կարևոր է ընտրել ճիշտ աքսեսուար։

VOG.am- Եվ վերջապես, կարո՞ղ եք որևէ հագուստ կամ աքսեսուար առանձնացնել, որը յուրաքանչյուրը պետք է ունենա և կկարողանա կրել։

Էրիկա- Կարծում եմ այս եղանակի համար շատ ակտուալ է անգլիական բեժ տրենչը, այն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից։ Եվ իհարկե, փոքրիկ սև զգեստը երբեք ավելորդ չէ։


VOG.am- Շատ շնորհակալ ենք, Ձեր մասնագիտական և հետաքրքիր խորհուրդների համար, որոնք անկասկած օգտակար կլինեն բոլոր կանանց և աղջիկներին:


Interview: Seda Qosakyan

Photographer: Tatevik Demirchyan

Comments


bottom of page