VOGUE

Ինձ դուր է գալիս երիտասարդ բիձուկի կերպարը. Անդրանիկ Անտոնյան



Նրա կերտած կերպարները միանգամից հիշվել և սիրվել են հեռուստադիտողի կողմից։

Նա ընտրեց դերասանի մասնագիտությունը և միանգամից սիրահարվեց նրան։

VOG.am-ի հյուրը դերասան Անդրանիկ Անտոնյանն է։


VOG.am- Անդրանիկ, մասնագիտությամբ դերասան եք։ Շատերի նման սա մանկության երազա՞նք էր, թե՞ Ձեր դեպքում ընտրությունն այլ կերպ ստացվեց։

Անդրանիկ Անտոնյան- Դպրոցական հասակում շատ էի հրապուրված պատմություն առարկայով։ Դպրոցն ավարտեցի, բայց քննություններին չէի պատրաստվել, որոշեցի մի տարի բաց թողնեմ, պատրաստվեմ ու հաջորդ տարի դիմեմ։ Բայց մամաս չհամակերպվեց այդ պայմանին։ Սկսեց հետաքրքրվել ու ամենատարբեր ինստիտուտներում ամենատարբեր մասնագիտություններ առաջարկել։ Թատերական ինստիտուտում նախապատրաստական կուրս կար։ Դա հրապուրեց, որովհետև վերջին զանգի բեմականացումը հաջող էր ստացվել, ես էլ գլխավոր դերերում էի։ Որոշեցի փորձել։ Փորձեցի ու սիրահարվեցի այս մասնագիտությանը։

VOG.am- Հեռուստադիտողին առավել հայտնի դարձաք «Քաղաքում», «Out Dance» հեռուստանախագծերից։ Վերջին նախագծում Ձեր կերտած կերպարը՝ Գոքորը, շատ արագ սիրվեց հեռուստադիտողի կողմից, իսկ սերիալն առանձնացվեց թեթև, ինչպես նաև պրոֆեսիոնալ նկարահանումներով։ Երբևէ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու և բոլորովին այլ կերպարում ներկայանալու ցանկություն չեք ունեցե՞լ։

Անդրանիկ Անտոնյան- Շատ հաճելի է նման գնահատական ստանալը։ Իհարկե, ցանկություն կա նոր ձևեր ու ժանրեր փորձել, նոր ֆորմատով հանդես գալ, կախված է առաջարկից ու առաջարկողից։ Բայց որպես հեռուստատեսային, երկարատև պրոյեկտի, երկարատև կերպար առայժմ չեմ ուզում փոխել։ Ես ինձ շատ հարմար եմ զգում երիտասարդ բիձուկի կերպարում։

VOG.am- Առաջին հայացքից թվում է, թե Ձեր և Գոքորի միջև որոշակի նմանություններ կան։ Դա այդպե՞ս է։

Անդրանիկ Անտոնյան- Կարծիքները տարբեր են։ Ես էլ եմ նմանություններ նկատում ու կարծում եմ զարմանալի չէ։ Եթե նույն կերպարով անդադար աշխատում ես միջինը ութ ժամ, դժվար է շրջանցել այդ բացը։ Բայց մարդիկ էլ կան, հենց խաղընկերներիցս էլ, որ նոր ծանոթանալիս զարմանում են, որովհետև սպասում էին ծայրահեղական ու շատախոս Գոքորին, բայց հանդիպում են ինձ։

VOG.am- Որևէ նախագծում կամ հեռուստասերիալում նկարահանվելիս ի՞նչն է ամենից կարևորը Ձեզ համար՝ սցենա՞րը, Ձեր հերոսի նկարագի՞րը թե՞ դերասանական կազմը․․․

Անդրանիկ Անտոնյան- Հասկանում եք կինոն սինթետիկ արվեստ է, որտեղ կարևոր են միախառնվող բոլոր կոմպոնենտները։ Եթե դրանցից որևէ մեկը թերի է, դա ազդում է ընդհանուր արդյունքի վրա։ Այս պատճառով չեմ ուզում առանձնացնել աշխատանքները։ Երևի կարելի է նշել միայն առողջ փոխհարաբերությունները, երբ մարդիկ խոսում են այն ժամանակ, երբ իսկապես ասելիք ունեն, այլ ոչ խոսել խոսելու համար։ Եվ լսում են մեկմեկու։

VOG.am- Կա՞ն դերասաններ, որոնցից սովորել եք, կամ նրանց ֆիլմերը դիտելով փորձում եք ինչ-որ բաներ քաղել նրանցից։

Անդրանիկ Անտոնյան- Այո, իհարկե։ Ու շատ են։ Ե՛վ հայ, և՛ համաշխարհային։ Այնքան շատ են, որ անիմաստ է առանձնացնել անուններ։ Կարծում եմ երբեք պետք չէ դադարել սովորել։ Աշխարհն առաջ է գնում։

VOG.am- Արդյո՞ք ինքնաքննադատ եք, ու Ձեզ համար որքանո՞վ է կարևոր հասարակության կարծիքը։

Անդրանիկ Անտոնյան- Հպարտորեն կարող եմ ինձ կոչել ինքնաքննադատ, ինչքան, որ խելքս հասնում է։ Իսկ հասարակական կարծիքին չեմ հետևում, ինձ հատուկ կարծիքներն են հետաքրքիր։ Ընդհանրապես չեմ սիրում հասարակություն բառը, հանրությունն ավելի հնչեղ է։

VOG.am- Ձեր երկրպագուհիներին կհետաքրքրի՝ արդյո՞ք Ձեր սիրտն ազատ է։ Եվ, առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որպեսզի կարողանա գրավել Ձեր ուշադրությունը։

Անդրանիկ Անտոնյան- Իմ սիրտը զբաղված է։ Այն արյուն է մատակարարում իմ օրգանիզմին, իսկ այն գրավելու մասին չգիտեմ ինչ ասել, օրը կգա, բարին հետը։

VOG.am

Interview: Ani Hakobyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: