VOG-ի հյուրն է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ում ստեղծած ֆիլմերը արժանացել են բազում միջազգային մրցանակների։
Հարցազրույցն այս անգամ մի փոքր այլ է․ Ջիվանի հետ զրուցել ենք իր ամենաքննարկվող լուսանկարների շուրջ։
Ջիվան Ավետիսյան- Այս լուսանկարն արվել է Վենետիկում՝ 2017 թվականի սեպտեմբերին, երբ «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրություն ունեցավ Venice Production Bridge-ում, որին ներկա էի ես՝ իմ թիմով։ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի հանձնարարականով կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով ընդունելություն։ Նկարում աջից՝ համապրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն է, ֆիլմի գլխավոր դերակատարուհի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն, ես, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Վենետոյի նահանգապետի առաջին տեղակալը, իտալացի մեր գործընկերուհի Մոնիկա Զամպիերին, ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը։ Հենց այս օրն էլ ես Վենետոյի նահանգապետի կողմից ստացա նվեր՝ Վենետոյի նահանգային դրոշը։ Կատակով նույնիսկ ասացին, որ եթե ես սա նվեր ստացած լինեի 300 տարի առաջ, ես կարող էի իմ նավով Վենետիկում կայանել ցանկացած տեղ և խնդիր չէի ունենա։ Մեր օրերում սա ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում։
Ջիվան Ավետիսյան- Այս նկարը ևս արվել է Վենետիկում՝ նույն ժամանակ, կինոփառատոնից առաջ։ Ձախից՝ կրկին ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանն է, ում հետ համագործակցությունը սկսել ենք դեռևս «Թևանիկ» ֆիլմից, այնուհետև «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»։ Երկրորդը լիտվացի մեր գործընկերն է, Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող կինոպրոդյուսեր, ում հետ նույնպես աշխատել ենք «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմերի ստեղծման ժամանակ։
Ջիվան Ավետիսյան- Այս նկարում ինձնից մի փոքր վեր, իրանցի դերասան Համայուն Էրշադին է, նրա կողքին հայ դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ներքևում՝ Սոս Ջանիբեկյանը և միակ կինը՝ Սանդրա Դաուկշայտեն։ Նկարն արվել է 2015 թվականին, «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ հենց նկարահանման հրապարակում։ Խաչմաչ գյուղում ենք, ֆիլմի կերպարներից՝ քարտաշ Աբգարի (Ալեքսանդր Խաչատրյան) տան շեմն է, դարպասի մոտ։
Ջիվան Ավետիսյան- Այս նկարում ևս «Վերջին բնակիչը» ֆիլմի դերասանական կազմն է։ Ձախից՝ Արմեն Գրեյգն է, Սոս Ջանիբեկյանը, կենտրոնում՝ Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն, ապա՝ Ալեքսանդր Խաչատրյանը և Համայուն Էրշադին։ Հրաշալի լուսանկար՝ հրաշալի դերասանական կազմով։ Շատ կարևոր և իրադարձային պահ էր․ ֆիլմի նկարահանումներն արված էին, նշում էինք ֆիլմի ավարտը, որից հետո պետք է բաժանվեինք։ Բազմազգ, բազմալեզու ստեղծագործական թիմ և հրաշալի մարդիկ էին համախմբված, որոնց կարոտով եմ հիշում։
VOG.am- Կա՞ն որոշակի պայմաններ Ձեր թիմի մի մասնիկը դառնալուց առաջ։
Ջիվան Ավետիսյան- Լինել ազնիվ, նվիրված, սիրել ստեղծվող ֆիլմն այնպես ինչպես ես եմ սիրում և կարևորում, աշխատանք կատարելուց ժամեր չհաշվել, թիմի մյուս անդամների հետ միասին շարժվել դեպի մեր ընդհանուր երազանքը և կարողանալ նայել ավելի հեռուն։ Այս լուսանկարն արվել է Լիտվայում, «Դրախտի դարպասը» ֆիլմի եվրոպական բաժնի նկարահանումների ժամանակ՝ նկարահանման տաղավարում։ Իմ կողքին Նարինեն է։ Այն, ինչ վերը թվարկեցի, այն փոքր մասն է միայն, որ ունի Նարինեն որպես ընկեր և որպես թիմակից։ Նա պատրաստ է քո հետ գալ մինչև վերջ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։
VOG.am- Օտարազգի դերասանները և մասնագետները, որոնց հետ աշխատում եք, արդյո՞ք նախքան Ձեզ հետ աշխատելը և Արցախյան թեմատիկային ծանոթանալը, որոշակի պատկերացումներ ունեցել են Արցախի մասին։
Ջիվան Ավետիսյան- Իհարկե, մինչև աշխատելը՝ դերասանների հետ երկար քննարկումներ ենք ունեցել, ներկայացրել եմ պատմությունն ու սցենարը։ Ներկայացրել եմ ականատեսի աչքերով՝ որպես մարդ, ով ապրել և մեծացել է Արցախում։ Բոլորը հիմնականում տեղյակ են եղել կոնֆլիկտի և դրա շուրջ ձևավորված տեսակետներից՝ թե՛ մեր և թե՛ հակառակորդի կողմից։ Մարդիկ հասկանում և ընկալում են պայքարը։ Այս նկարը ևս արվել է Լիտվայում՝ նույն օրը, ինչ նախորդ նկարը։ Այստեղ ձախից՝ լիտվացի պրոդյուսերի կողքին ֆիլմի գլխավոր դերակատար Ռիխարդ Զամելն է, իսն նրա կողքին՝ Նինա Կրոնյագերը։ Երկու դերասաններն էլ Գերմանիայից են և ինչպես արդեն նշեցի, լավատեղյակ են իրավիճակին։ Ռիխարդն արցախյան նկարահանումների օրերին, իր գրառումներից մեկում նշել էր նաև, որ Արցախում է, ու իսկապես հասկանում է, որ հազարամյակներ առաջ այստեղ հայեր են ապրել:
VOG.am- Ի՞նչ են պատմում նրանք Արցախի մասին, երբ առաջին անգամ տեսան այն։ Ի՞նչ զգացողություններ ունեցան, երբ առաջին անգամ ոտք դրեցին այն հողի վրա, որի մի մասնիկն են կազմում ֆիլմում։
Ջիվան Ավետիսյան- Թեև յուրաքանչյուրի տպավորությունները տարբեր են, այնուամենայնիվ բոլորը մեկ զգացողության տիրույթում են․ Արցախը դրախտավայր է։ Պայքարին ծանոթ մարդիկ ասում են՝ դուք արել եք անհնարինը և արժանի եք, որ ձեր պապենական հողի վրա ապրեք։ Հպարտանում են, որ մեծ կինոնախագծի մի մասն են։ Ի վերջո յուրաքանչյուրը գիտակցորեն ընտրություն է կատարում, թե սահմանագծի որ մասում լինի։
VOG.am- Աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելը «Դրախտի դարպասը» ֆիլմում ամենաառանցքային դերակատարներից մեկն է։ Ձեր համագործակցությունը առաջին անգա՞մ էր։ Կպատմեք՝ ինչպե՞ս նա արձագանքեց, երբ առաջարկեցիք նրան խաղալ այս ֆիլմում։
Ջիվան Ավետիսյան- Ծանոթությունը Ռիխարդի հետ շատ հետաքրքիր է եղել։ Մեր ֆիլմի քասթինգ-տնօրեն Սաբինը ներկայացրել էր Ռիխարդին մեր ֆիլմի սցենարը։ Սցենարին ծանոթանալուց հետո Ռիխարդը հավանել է այն և հարցրել, թե ով է ռեժիսորը և ինչ ֆիլմեր ունի ստեղծած։ Դրանից հետո ես փոխանցել եմ նրան իմ նախորդ երկու ֆիլմերը, որոնք նայել է և ցանկացել է իմանալ թե ովքեր են այդ փոքր երկրի, այդ փոքր արտադրողների կողքին կանգնած և հավանականությունը, որ այն իրականություն կդառնա։ Վստահանալուց հետո, որ ֆիլմն այո, անպատճառ իրականություն կդառնա, Ռիխարդը ցանկացել է զրուցել ինձ հետ։ Մենք քննարկել ենք սցենարի յուրաքանչյուր դետալ, ասելիք, դիալոգ։ Քննարկել ենք իր կերպարը, այն, թե ինչու հենց ինքը պետք է լինի և ոչ ուրիշը։ Արդյունքում համաձայնվել է գալ ու խաղալ «Դրախտի դարպասը» ֆիլմում։ Ես շնորհակալ եմ Ռիխարդին ոչ միայն ֆիլմում իր խաղալու համաձայնության համար, այլ նաև, որ վստահել, հավատացել է ինձ՝ միասին անցնելու շատ կարևոր մի ճանապարհ։ Նա հրաշալի ընկեր և գիտակից մարդ է, ում հետ կապի մեջ ենք մինչ օրս։
VOG.am- Մի փոքր խոսենք այն կինոփառատոններից, որտեղ ներկայացվել են Ձեր ֆիլմերը։ Կարևորագույններից մեկը, թերևս Կանն էր։
Ջիվան Ավետիսյան- Տարբեր կինոշուկաների ենք մասնակցում, որտեղ զարգացնում ենք մեր կինոնախագծերը․ այնտեղ գտնում ենք ֆոնդեր, համագործակցող կողմեր, ի վերջո թիմ է ձևավորվում։ Իսկ փառատոններում ներկայացնում ենք արդեն ամբողջական ֆիլմերը։ Վերջերս Կաննի կինոփառատոնի վիրտուալ տիրույթում կայացավ «Դրախտի դարպասը» ֆիլմի օնլայն ցուցադրությունը։ Կաննի կինոփառատոնը եզակի հարթակ է։ Առաջին անգամ Կաննում եղել եմ «Թևանիկ» ֆիլմի զարգացման համար, որտեղ կարողացել եմ ձեռք բերել գործընկերներ, որոնց հետ համատեղ արտադրության արդյունքում էլ ստեղծվել է ֆիլմը։ Կաննում լինելու հետագա առիթները եղան «Վերջին բնակիչը, «Դրախտի դարպասը» ֆիլմերը։ Այժմ աշխատում ենք նոր ֆիլմի վրա, որը դարձյալ միջազգային համագործակցության արդյունք է լինելու։
VOG.am- Այս պարգևները ապացույցն են այն հսկայան աշխատանքի և ջանքերի, որոնք դուք ներդրել եք, որպեսզի ստանաք որակյալ և հաջողված ֆիլմեր։ Ի վերջո, ինչպե՞ս պետք է զարգանա հայկական կինոն։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր առաջին քայլերն են անում այս ասպարեզում։
Ջիվան Ավետիսյան- Այս մրցանակը Անգլիայում կայացած Չիչեստեր կինոփառատոնից է, որտեղ «Վերջին բնակիչը» ֆիլմն արժանացավ հանդիսատեսի մրցանակին՝ «լավագույն անկախ ֆիլմ»-ի համար։ Հրաշալի է, երբ քո ֆիլմերը գնահատվում են օտարների կողմից, տարածվում և հաղթական արշավ են ունենում։ Իսկ կինոարտադրության մեջ առաջին քայլերն անողներին կոչ եմ անում՝ երբեք մի՛ հանձնվեք, առա՛ջ գնացեք։ Ամեն ինչի ժամանակը կա, չկա միայն հանձնվելու ժամանակ։
VOG.am- Ձեր ամենակարևոր ձեռքբերումը՝ ընտանիքը: Այն, որ Ձեր կինը մշտապես Ձեր կողքին է, դա ակներև է: Ինչպե՞ս եք ծանոթացել. Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին:
Ջիվան Ավետիսյան- Մենք երկուսս էլ Արցախից ենք։ Շուրջ տասը տարի է, ինչ ամուսնացած ենք։ Դրանից առաջ էլ տասը տարի ճանաչել ենք իրար, ընկերություն ենք արել։ Ելենայի հետ ծանոթ էի դեռևս դպրոցական տարիներից, իսկ նրա եղբոր հետ մեր ընկերությունը երկար տարիների պատմություն ունի։ Այսինքն, ես և կինս մոտ քառորդ դար է իրար ճանաչում ենք, և ինչին որ կարողացել եմ հասնել, եղել է նաև իր շնորհիվ։ Այո, նա միշտ իմ կողքին է, մենք միասին կարողանում ենք զարգացնել մեր ստեղծած ընկերությունը, թիմը, նա էլ թիմի մեջ է, որպես սրտացավ մարդ։ Նա մինչև վերջ գնացող մարդկանցից է։ Եթե դու քեզ չհավատա, ինքը քեզ կհավատա։ Եթե նա չլիներ, ինձ համար ամեն ինչ ավելի դժվար կլիներ։
Ջիվան Ավետիսյան- «Դրախտի դարպասը» համարում եմ բացառիկ ֆիլմ՝ իր հիմնական կազմով։ Այն դարձավ Արցախի մասին մեր երրորդ լիամետրաժ ֆիլմը, և որը ստեղծել ենք 8 երկրների հետ համատեղ արտադրությամբ։ Այդ ընթացքում ունեցել ենք բազում դժվարություններ, ձախողումներ, բայց կարողացել ենք վեր բարձրանալ և շարունակել առաջ ընթանալ, քանզի ընկած մնալու ժամանակ չունեինք․․․ Մեր նպատակը հստակ է, մեր ճանապարհը՝ գիտակցված։
Մեր նախորդ՝ «Վերջին բնակիչը» ֆիլմը ևս տարբերվում է իր բացառիկությամբ։ Այն քայլ առաջ ընթացավ և գերազանցեց «Թևանիկ»-ին՝ թե համաարտադրությունների թվով, թե միջազգային դերասանական կազմով և թե առաջնակարգ կինոփառատոնների մասնակցությամբ։
«Դրախտի դարպասը» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի մասին խոսելով չեմ կարող չանդրադառնալ մեր առաջին լիամետրաժին՝ «Թևանիկ» ֆիլմին։ Այն ցուցադրվեց աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ մեծ ու փոքր քաղաքներում, ունեցավ կինոփառատոնային հաջողություններ։ Մասիս Բաղդասարյանն առաջինն էր, որ հավատաց ինձ և միասին ստեղծեցինք այս ֆիլմը և մեր ընկերությունը՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը։ Այսօր մենք ունենք արդեն կայացած թիմ և ամուր ընկերություն, որի հիմքում Մասիս Բաղդասարյանի մտքի ճկունությունն ու հեռատեսությունն է։
Ջիվան Ավետիսյան- Այժմ աշխատում ենք «Վերածնվածը» ֆիլմի վրա։ Աշխատանքները սկսել ենք 2018 թվականին։ Բավական ամուր թիմ ունենք ձևավորած՝ գերմանացի, ամերիկացի, կանադացի խորհրդատուներով, լավ պրոդյուսերական թիմով, համաարտադրողներով։ Ֆիլմի սցենարի հեղինակը Նարինե Ոսկանյանն է։ Վերը նշված իմ ընկերները, որոնց մասին խոսել եմ, կրկին ինձ հետ են այս կինոնախագծում և գիշեր-ցերեկ աշխատում ենք՝ մեծ ակնկալիքներով։ Կինոնախագիծը բավական ճանապարհ է անցել։ Որակական առումով՝ արդեն իսկ դրական արդյունք ունենք․ կինոնախագիծը հետաքրքրեց «Բեռլինի տաղանդներ» 2019-ի ընտրող հանձնաժողովին, որին ես մասնակցություն ունեցա՝ ընտրվելով 134 երկրների 3400 հավակնորդներից։ Ծրագրի շրջանակում ներգրավվեցի նաև 250 մասնակիցներից ընտրված 17-ի մեջ և գերմանական Deutsche Welle ընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ պատրաստեց իմ և իմ ստեղծած ֆիլմերի մասին։ Ես ուրախ եմ, որ «Վերածնվածը» կինոնախագծի զարգացման մեծ քայլը դրվեց հենց այդտեղից։
Կինոնախագիծն ունեցավ նաև ՀՀ ազգային կինոկենտրոնի հաստատումը՝ զարգացման փուլի ֆինանսավորման համար, որը շատ կարևոր է մեր համաարտադրողների հետ հետագա զարգացումների և առհասարակ՝ ֆիլմի ապագայի համար։ Ուստի մենք շարունակում ենք զարգացնել կինոնախագիծը՝ էլ ավելի բարձր մակարդակի հասցնելով այն։
VOGUE Armenia | VOG Team
Journalist: Ani Hakobyan
Special thanks: Narine Voskanyan
تعليقات