Նա թատրոնում առաջին անգամ հայտնվել է 11 տարեկանում, որից հետո ինչպես ինքն է խոստովանում թատրոնը իրեն հանդուրժում է մինչև այսօր։ Նրա ձայնը ճանաչում են գրեթե բոլորը, իսկ էկրաններին երևաց միայն վերջին տարիներին՝ հանդես գալով լավագույն պրոյեկտներում։
VOG.am –ի հյուրը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանն է։
VOG.am- Ի՞նչը գյումրեցի երիտասարդին բերեց Երևան։
Բաբկեն Չոբանյան- Նախ ընտրություն չունեի այն ժամանակ, եթե ցանկանում էի պրոֆեսիոնալ կրթություն ստանալ պետք է բուհ ընդունվեի, իսկ բուհը Երևանում էր։ Այդ պատճառով եկա Երևան, այստեղ ավարտեցի ուսումս և նորից վերադարձա Գյումրի։ Որից հետո արդեն 2007թ-ին եկա և հաստատվեցի Երևանում։ Քաղաքն էի շատ կարոտել, որովհետև կյանքիս ամենահետաքրքիր տարիներն անցել են Երևանում և բացի այդ մասնագիտական կյանքը դասավորելու առումով ինձ պետք էր լինել այստեղ։ Գյումրիում կար մեկ թատրոն, մեկ-երկու կինոթատրոն, իսկ ես ցանկանում էի ընտրել և ընտրության հնարավորություն ունենալ, ի վերջո մրցակցության մեջ էի ցանկանում լինել։ Եվ հետո այստեղ ամեն ինչ ավելի բազմազան է, հնարավորությունները շատ ավելի շատ են թե՛ մասնագիտական առումով, և թե՛ առհասարակ։
VOG.am- Գիտենք, որ աշխատել եք ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղում՝ որպես դասախոս։ Հե՞շտ էր հարաբերություններ ձևավորել ուսանողների հետ։
Բաբկեն Չոբանյան- Գյումրու մասնաճյուղում դասավանդել եմ չորս տարի։ Գիտե՞ք հիմա կդժվարանամ գնահատական տալ, որովհետև ինձ համար այդ ժամանակ շատ հետաքրքիր էր։ Նոր էի ավարտել ինստիտուտը և շատ բան ունեի ասելու, կիսվելու, փոխանցելու, ինչը սիրով անում էի։ Իրականում դժվարությունը թերևս մեկն էր, որ տարիքային տարբերությունը իմ և ուսանողներիս միջև 4-5 տարի էր։ Բայց դա ինչ-որ տեղ հետշտացնում էր գործը, որովհետև շատ ավելի հեշտ էինք միմյանց հասկանում։ Ես ցանկանում էի ձևավորել այնպիսի հարաբերություններ, որի միջոցով կկարողանամ իմ իմացածը փոխանցել իրենց՝ մասնագիտությանը ավելի մոտ բերելու համար, մասնագիտությունը սիրել տալու համար։ Ինձ համար այդ չորս տարիները շատ հետաքրքիր են անցել, իհարկե, որոշ բարդություններով, բայց միաժամանակ լուսավոր տարիներ էին։
VOG.am- Գյումրեցի հանդիսատեսը տարբերվո՞ւմ է Երևանի հանդիսատեսից։
Բաբկեն Չոբանյան- Տարբերություններ կան, իհարկե։ Վերջերս ես ինքս ինձ համար բացահայտեցի թերևս ամենաէական տարբերությունը։ Եթե երևանյան հանդիսատեսի տպավորությունները ներկայացումից մեղմ ասած լավը չեն, այստեղ գոնե կժպտան, կշնորհավորեն, չեն արտահայտվի։ Իսկ Գյումրիում այդ խնդիրը չկա, եթե չհավանեցին կարող են շատ սառը շնորհավորել և դու հազարավոր բառերի փոխարեն կհասկանաս, որ քո ներկայացումը չեն հավանել։ Այնտեղ վատին լավ երբեք չեն ասի։Ինձ համար դա ոչ այնքան խստապահանջություն է, որքան անկեղծություն։ Ես համենայն դեպս դա եմ զգացել։
VOG.am- Մինչև էկրաններին երևալը հեռուստադիտողը Ձեզ ճանաչում էր Ձեր յուրահատուկ ձայնի շնորհիվ։ Որից հետո արդեն տեսավ էկրաններին՝ լավագույն պրոյեկտներում խաղալիս։ Թատրոնից անցումը ֆիլմին դժվար չէ՞ր։
Բաբկեն Չոբանյան- Միանշանակ չեմ կարող ասել դժվար էր, թե՞ հեշտ, սահուն էր, թե՞ քարքարոտ, որովհետև դա մի գործընթաց էր, որի հիմքում ընկած էր հետաքրքրությունը տվյալ գործի նկատմամբ։ Իմ խնդիրը եղել է այն դերը, որն առաջարկվել է։ Իսկ անցումը թատրոնից ֆիլմին, իհարկե, միանշանակ չի եղել, չեմ կարող ասել , որ թատրոնից գնացել եմ կինո ու ամեն ինչ կարգին է եղել։ Դրա համար ժամանակ ու ճանապարհ է պետք անցնել։ Համենայն դեպս ես անհաղթահարելի դժվարություն որպես այդպիսին չեմ ունեցել։Պարզապես շատ հետաքրքիր էր թատրոնի արտահայտման միջոցները փոխարինել կինոյի արտահայտման միջոցներով։ Իհարկե, սխալներ նույնպես եղել են։ Այսինքն դա մի պրոցես է, որը կամ հաղթահարում ես, կամ ոչ։ Իմ դեպքում համենայն դեպս սահուն է անցել, որովհետև նախ աշխատել եմ շատ լավ ռեժիսորների հետ, իսկ դա քիչ նշանակություն չունի։ Լավ ռեժիսորը կարողանում է բացել ոչ միայն իր առջև դրված խնդիրը, այլև կարողանում է հասկացնել , թե ինչպես է պետք դա անել։ Ես կարողացել եմ հենվել նման ռեժիսորների վրա։ Իմ բախտը բերել է նաև լավ խաղընկերների առումով։ Համենայն դեպս, եթե շարունակում են ինձ ֆիլմերում հանդուրժել, ուրեմն ստացվել է։
VOG.am- «Կյանք ու կռիվ 2» ստացված ֆիլմից հետո հեռուստադիտողը Ձեզ տեսավ «Հոսանքին հակառակ», «Հանդիպման վայր» ֆիլմերում, որտեղ Ձեր կերտած կերպարը սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Կա՞ արդյոք մի կերպար, որը երբեք չէք կերտի։
Բաբկեն Չոբանյան- Կդժվարանամ ասել։ Բայց մի բան հաստատ կասեմ, որ չկա մի կերպար, որն անպայման կուզենայի խաղալ։ Թեև նույն հաջողությամբ կասեմ, որ չկա մի այդպիսի կերպար, որը չէի ցանկանա խաղալ, որովհետև կերպարը ինձ համար առաջին հերթին մարդն է։ Այդ իմաստով, որևէ ընդգծված կերպար չկա, որը կհրաժարվեի խաղալ: Եղել են, իհարկե, առաջարկություններ որոնցից հրաժարվել եմ, չեմ ցանկացել խաղալ տարբեր պատճառներով։
Համենայն դեպս ես ընտրություն եմ կատարում, այդպես ավելի ազնիվ է։
VOG.am- Վերջին տարիներին հայկական ֆիլմարտադրությունը թարմացվում է նոր ֆիլմերով, ի հայտ են գալիս նոր ռեժիսորներ՝ նոր ասելիքով։ Ինչպիսի՞ն է, Ձեր մասնագիտական գնահատականը հայկական ֆիլմարտադրության վերաբերյալ։
Բաբկեն Չոբանյան- Գիտե՞ք գնահատական տալը միանշանակ չէ։ Նախևառաջ կախված է նրանից, թե ո՞ր կողմից ես նայում ու ի՞նչն ես կարևորում։Այլ բան է, թե ինչը կուզենայի, որ լիներ, որովհետև հիմա կոմերցիոն ֆիլմերն են գերակշռում։ Ֆիլմը պետք է հանդիսատեսին մտածել տա, ինչ-որ բան տեղ հասցնի, մարդու մեջ ինչ-որ բան փոխի, պատմություն պետք է պատմի ֆիլմը։ Պատմություն, որը մարդուն կկարողանա հուզել, բարկացնել, թևաթափ անել, թևեր տալ, պրոցես պիտի կատարի մարդու հոգու ու մտքի հետ։ Որովհետև դա է ֆիլմի ու առհասարակ արվեստի միսիան․ փոխել մարդուն, ավելի լավը դարձնել, ցույց տալ իր թերությունները, արատները, ոգևորել, ճիշտ ճանապարհ ցույց տալ, ավելի ազնիվ ու մաքուր դարձնել։ Այսպիսի ֆիլմերի կարիք մենք ունենք, հերոսների կարիք ունենք։ Ընդ որում ոչ թե մարտի դաշտում նահատակվող հերոսի, այլ ժամանակի հերոսի, մարդու, որին կձգտի սերունդը, որից օրինակ կվերցնեն։ Մենք ահռելի նյութ ունենք այս առումով։ Դրա համար ընդամենը պետք է լավ սցենար ու մարդիկ, ովքեր կզբաղվեն դրանով։ Բացի այդ կինոն փող է սիրում։ Լավ ֆիլմերի համար բյուջե է պետք։ Չնայած նա, ով իսկապես ցանկանում է, իր ասելիքը տեղ հասցնել, կյանքի գնով գտնում է այդ գումարը։ Մենք ունենք այդպիսի շատ օրինակներ։
VOG.am- Մինչ այժմ հեռուստադիտողը Ձեզ տեսել է ավելի լուրջ ու դրամատիկ կերպարներում։ Եղե՞լ է ցանկություն երբևէ դուրս գալ այդ կերպարից ու ներկայանալ նոր, ավելի թեթև կերպարի մեջ։
Բաբկեն Չոբանյան- Դե ցանկություն միշտ էլ կա, պարզապես այդ կերպարի մեջ են միշտ տեսել ռեժիսորները, էկրանին գոնե այդ կերպարով եմ հայտնվել։ Բայց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի հեռուստատեսային տարբերակում ունեմ կերպար, որը բոլորովին այդպիսին չէ։ Թատրոնում ունեցել եմ դերեր, որոնք իմ այժմյան ընկալվող կերպարի հետ բոլորովին կապ չունեն և՛ իրենց տեսակով, և՛ ժանրով: Համենայն դեպս, եթե լինի հետաքրքիր առաջարկ նոր կերպարում ներկայանալու, ես միանգամից չեմ մերժի, որովհետև այս ամպուլայի մեջ չեմ ուզում մնալ։
VOG.am- Ի՞նչ նորություններ ունեք Ձեր հանդիսատեսի և հեռուսատոդիտողի համար առաջիկայում։
Բաբկեն Չոբանյան- Թատրոնում այս պահին աշխատանքները շարունակվում են, նոր ներկայացման փորձեր են ընթանում։ Իսկ ֆիլմի մասով այս պահին դեռ առաջարկ չկա, ժամանակավոր դադար է, ինչը կարծում եմ նաև լավ է։
VOG.am
Interview: Ani Hakobyan
Comments