top of page

Արամ Ավագյանը վերհիշեց պրոֆեսիոնալ ռինգում իր 7-րդ հաղթանակը


Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում 8-րդ հաղթանակը գրանցեց և նվաճեց հաղթական գոտին: Իսպանական Էլչե քաղաքում կայացած «WBC International Silver» գոտու համար նա մենամարտեց մեքսիկացի Էմմանուել Պոլլո Լոպեսի հետ։ Սակայն մինչ մենք ձեզ կպատմենք բռնցքամարտիկի փայլուն հաղթանակի մասին՝ հետ հայացքով վերհիշենք նրա 7-րդ հաղթանակը:

Vog.am- ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակին եք դասվում և այս ամենը խոսուն ապացույցն է ձեր աշխատասիրության: Պատմեք ի՞նչը տարավ ձեզ մեծ ռինգ և ո՞րքան ժամանակ պահանջվեց որպեսզի հասնեք այս արդյունքներին:

Արամ- Սկզբնական շրջանում բռնցքամարտը այդքան էլ չեմ սիրել, հայրիկիս խորհրդով եմ հաճախել, բայց հետզհետե մրցույթներում հաղթանակ տանելով բռնցքամարտի հանդեպ սերս մեծացավ և այժմ ինձ չեմ պատկերացնում առանց բռնցքամարտի։ Պահ եկավ, որ կանգնեցի ընտրության առջև՝ սպորտ, թե մեկ այլ մասնագիտություն, ես արդեն առանց վարանելու ընտրեցի ռինգը և այսօր էլ չեմ պատկերացնում ինձ ռինգից դուրս:


Vog.am- Մոսկվայում գրանցեցիք հերթական հաղթանակը ուզբեկ բռնցքամարտիկին պարտության մատնելով. ի՞նչպիսի տպավորություններ ստացաք մրցակցից:

Արամ- Մրցակիցս բավականին ուժեղ, որակական հատկանիշներով օժտված բռնցքամարտիկ էր: Մենամարտից առաջ հնարավորություն չունեի նրան ուսումնասիրել և անգամ տեսահոլովակ, տեղեկություններ չկար նրա մասին: Միայն ռինգում մենամարտելիս հասկացա, թե ինչպես կարելի է նրա հետ աշխատել, որպեսզի հաջողության հասնեմ: Ճիշտ կառուցելով մենամարտս 4-րդ ռաունդում կարողացա նրա համառությունը կոտրել ինչի արդյուքնում ենթարկեցի նոկդաունի: Մրցավարը եթե չմիջամտեր հաջողությունս կարող էր շարունակական լինել, երկրորդ նոկդաունի ժամանակ ուզբեկ բռնցքամարտիկը ընկնելով ձեռքերը դրեց հատակին ու այդ պահին մրցավարը ցույց տվեց թե անկյունը թաց է և այդ պատճառով սայթաքեց: Հակառակորդս 5 մենամարտից ուներ 5 հաղթանակ։

Vog.am- Նրա ինքնավստահությունը ռինգում, ձեզ չէր անհանգստացնո՞ւմ:

Արամ- Ոչ, չէր անհանգստացնում, քանի որ ինքնավստահությունը կործանարար երևույթ է։ Բռնցքամարտիկը պետք է լինի վստահ իր ուժերին, զգոն, մինչև գոնգի վերջին հարվածը։


Vog.am- Ձեր հարցազրույցներից մեկում ձեր մարզիչը՝ Դավիթ Թորոսյանը, նշել էր, որ ավելի լավ էր նոկաուտով Արամը հաղթեր, քան այդ մրցակիցը ծեծ ու ջարդ ուտեր. համոզված եմ, որ նոկաուտով կարող Էիք ավարտել մենամարտը, բայց դուք պրոֆեսիոնալիզմով գեղեցիկ խաղ ցուցադրեցիք: Ըստ ձեզ դա ավելի հետաքրքի՞ր էր հանդիսատեսին:

Արամ- Հանդիսատեսը սիրում է դիտարժան բռնցքամարտ և շոուներ։ Իհարկե, բոլորին հաճելի է նոկաուտ տեսնել, բայց կարծում եմ հանդիսատեսը մեր մենամարտից գոհ մնաց, քանի որ մեր մենամարտը բավականին դիտարժան ստացվեց։ Մարտը ավելի գեղեցիկ է դառնում և վարկանիշդ ավելի է բարձրանում, երբ նոկաուտով ես ավարտում, բայց այդ մենամարտի ժամանակ վնասված էր իմ աջ ձեռքը և հարվածներս լիարժեք չէին ստացվում գլխին, ուստի միայն աշխատում էի աջ ձեռքով՝ որովայնին հարվածներ հասցնելով։

Vog.am- Գիտենք, որ ռինգում բռնցքամարտիկները կորցնում են ժամանակի զգացողությունը՝ չեն հիշում, որ ռաունդում են, կողքից հուշումներ չեն ընկալում, տարվում են անհատական խաղով. Արա՛մ, դուք մենամարտի ժամանակ ո՞ւմ ցուցումներին եք հետևում և զգո՞ւմ եք ամբողջ խաղի ընթացքը:


Արամ- Ռինգում՝ ժամանակին չեմ հետևում, ռաունդները չեմ հաշվում: Կարծում եմ, որ մարզիկը որքան հանգիստ հոգեվիճակում գտնվի այնքան հանգիստ կտնօրինի իրավիճակին և կկարողանա կողմնորոշվել իր առջև դրված խնդիրների կապակցությամբ: Ռինգում ոչ մեկին չեմ լսում, բացի իմ մարզիչ՝ Դավիթ Թորոսյանի հրահանգներից։ Իմ մարզիչը տեսնում է անկյունը և ճիշտ ցուցումներ է տալիս:

Vog.am- Ի՞նչ ոգևորող խոսքեր է ասում Դավիթ Թորոսյանը մինչ մենամարտելը:

Արամ- Դավիթ Թորոսյանը պետք չի, որ ոգևորող խոսքեր ասի, նա ամբողջ մարտի ժամանակ ինձ հետ է, ամենակարևորը մարտի ժամանակ հանգստություն ես զգում, երբ քո անկյունը խուճապ չի առաջացնում։ Նա միշտ ասում է.- Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ավելի շատ հոգեբանության հետ է կապված, ով կարողանում է իր էմոցիաները կառավարել և հոգեպես իրավիճակի տերը լինել և ավելի շատ տեղին հարվածներ հասցնել՝ նա էլ կդառնա հաղթողը:

Vog.am- Դուք այն եզակի մարզիկներից եք, ովքեր ամենօրյա մարզումների մեջ են և հետևում են իրենց սննդակարգին. այս ամենից զատ դուք ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

Արամ- Մարզումները բացի առողջ ապրելակերպից, նաև իմ ամենօրյա աշխատանքն է: Իհարկե, հետևում եմ սննդակարգիս, որովհետև ինձ համար կարևոր է առողջ սնվելը։ Ազատ ժամանակ աշխատում եմ կնոջս հետ ճանապարհորդել և ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթին։ Հանդիպում եմ ընկերներիս հետ, ֆուտբոլ եմ խաղում։

Vog.am- Մենամարտից առաջ հատուկ սննդակարգի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:

Արամ- Մենամարտից առաջ, իհարկե, անհրաժեշտ է սննդակարգ։ Ես ինձ համար հատուկ սննդակարգ եմ մշակել, որի միջոցով քաշս հասցնում եմ նվազեցման, միաժամանակ չվնասելով առողջությանս:

Vog.am- Շնորհակալ ենք, Արամ, անկեղծ զրույցի համար: Ցանկանում ենք ձեզ լավ հանգիստ և հոգեվիճակ, որպեսզի կարողանաք չեմպիոնական նոր նվաճումներ գրանցել:

Զրույցը շարունակելի է, կխոսենք հաջորդիվ 8-րդ հաղթանակի մասին:



Interview: Tatka Musheghyan

Comentários


bottom of page